Բջջային հավելված հեղինակած հայ աշակերտուհիների թիմը ԱՄՆ-ում մրցանակի է արժանացել
Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիների թիմը ԱՄՆ-ի Սիլիկոնե հովտում անցկացվող «Technovation» միջազգային մրցույթում ժեստերի հայերեն լեզուն սովորեցնող հավելվածով եզրափակիչ փուլ է անցել և արժանացել «Ժողովրդի ընտրություն» մրցանակին։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սաթենիկ Հակոբյանը։
Մրցույթն անցկացվել է օգոստոսի 7-11-ը։ Տնօրենը տեղեկացրեց, որ թիմն այսօր վերադարձել է Հայաստան, սակայն դեռ չեն հասցրել հանդիպել և մանրամասն քննարկել աղջիկների հաջողությունները։
Հինգ աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմի կազմում են Աղավնի Հակոբյանը, Սոնա Ավետիսյանը, Սվետլանա Դավթյանը, Վիոլետա Մկրտչյանն ու Վարդանուշ Նազարեթյանը, նրանց ղեկավարն է դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Վարդանուշ Հովհաննիսյանը։
«Եզրափակիչ դուրս եկած բոլոր թիմերին 5 հազար դոլար կրթաթոշակ է շնորհվել՝ կրթությունը շարունակելու նպատակով»,- ասաց տնօրենը։
Գլխավոր մրցանակին է արժանացել Ղազախստանի թիմը։
Technovation Challenge-ը 12-շաբաթյա առցանց միջնակարգ դպրոցական ծրագիր է միջին և ավագ դպրոցի աղջիկների համար (10-18 տարեկան)։ Հայաստանում ծրագիրն իրականացվել է Կրթության ազգային ինստիտուտում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորել են բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում և պատրաստել բջջային հավելված` այն լուծելու համար։ Այս տարի միջոցառմանը մասնակցել են ավելի քան 100 երկրից շուրջ 11.000 աղջիկ:
Աղբյուր` Panorama.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հայ աղջիկները կներկայացնեն իրենց նորարար բջջային հավելվածը Սիլիկոնային հովտում
Դիտումների քանակը` 3684