Բուլինգ. Աղմկալի միջադեպ՝ Երևանի թիվ 71 դպրոցում/ լրացված

Մի շարք լրատվամիջոցներ այսօր անդրադարձել  են Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում լարված իրավիճակին.  դպրոցի 6բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվել են իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով: Պատճառն այն է, որ աշակերտներից մեկը մշտապես ծեծի է ենթարկում դպրոցականներին»:

 

Ինչու՞  են ծնողները հրաժարվում  երեխաներին տանել դպրոց

 

«Ժողուվորդ» օրաթերթի խմբագրություն է ահազանգել դպրոցի աշակերտներից մեկի ծնողը՝ տեղեկացնելով, որ դպրոցի 6բ դասարանում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Ըստ նրա՝ աշակերտներից մեկը դասարանի գրեթե բոլոր տղաների հետ կոնֆլիկտ ունի, ու բանը հասել է անգամ ծեծկռտուքին ու հայհոյանքին:

 

Պարզելու համար թե ինչ է տեղի ունեցել «Ժողովուրդ»-ի թղթակիցը այցելել է թիվ 71 դպրոց: Երբ հարցուփորձ է արել, թե որտեղ է գտնվում 6բ դասարանը, աշակերտներն ասել են, որ 6բ դասարանի դուռը փակ է, քանի որ աշակերտներից ոչ ոք չի եկել:

 

Այնուհետև թերթի թղթակիցը գնացել է տնօրեն Գայանե Դեմիրյանի աշխատասենյակ, որտեղ և հավաքված են եղել 6բ դասարանի աշակերտների հայրիկները՝ տնօրենից պահանջելով կտրուկ քայլերի դիմել:

 

 

«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում աշակերտներից մեկի  հայրը  պատմել է որ օրեր առաջ դասարանում լուրջ վեճ է տեղի ունեցել. «Տարբեր թեմաների շուրջ, թե արա չկոտրվա՞ք, մեկ է՝ ղզիկ ես, և նման այլ բաներ: Սեպտեմբերին երեխաներից մեկի աչքին էր խփել, աշակերտը ծանր վնասվածք էր ստացել: Ոստիկանություն չդիմեցինք, որպեսզի դպրոցի անունը չվարկաբեկենք՝ մտածելով, թե կանցնի կգնա, բայց այս երեխան լիդերություն է հաստատում ու շարունակում է հայհոյանքները, ընդհարումները: Օրերս էլ դասարանի աշակերտներից մեկի  հետ կռիվ էր արել, տվել  քիթը կոտրել էր, երեխային վիրահատել են, և դեռ երկու տարի հետո էլ, ըստ բժիշկների, վիրահատության անհրաժեշտություն կա»:

 

 

Դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանն էլ թերթի հետ զրույցում ասել է, որ այս ընթացքում փորձել է հնարավոր ամեն ինչ անել՝ դասարանում իրավիճակը հարթելու համար:

 

 

«Զրուցել եմ դասարանի աշակերտների, այդ երեխայի ծնողների հետ, բայց ոչ մի արդյունքի չենք հասել: Նրա ծնողները գալիս են, մեծ կռիվ են սարքում, չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Առաջարկել եմ երեխային տեղափոխել մեկ այլ դասարան, բայց ծնողներն ասում են, որ մեր երեխան պետք է մնա այս դասարանում և վերջ»- ներկայացրել է Գ.Դեմիրյանը…

 

 

Իրականում  դա  «բուլինգ» է…

 

Մասնագետների գնահատմամբ  նկարագրված դեպքը՝  դպրոցական «բուլինգ»-ի  դրսևորումներից մեկն է:   Անգլերեն «բուլինգ» բառը ( bullying, bully բառից՝ խուլիգան, կռվարար, բռի, կոպիտ մարդ) , նշանակում է վախեցնել, ֆիզիկական կամ հոգեբանական տեռորի ենթարկել: Նույնիսկ արտաքուստ համեմատաբար անվնաս դպրոցական բուլինգն ունի վտանգավոր երկարատև հոգեբանական հետևանքներ։  Բուլինգի դրսևորումները տեղ ունեն նաև բանակում «դեդովշչինայի» տեսքով և քրեակատարողական հաստատություններում։

 

Հիմնականում բուլինգ են  անվանում  բոլոր այն դեպքերը, երբ երեխան ֆիզիկական կամ հոգեբանական տեռորի է ենթարկվում խմբի, հիմնականում համադասարանցիների  կողմից, ինչի հեևանքով  զոհին հասցվում է ֆիզիկական և էմոցիոնալ վնաս: Նկարագրված դեպքը սակայն արտառոց է այն առումով, որ մինչեւ վերջ պարզ չէ ՝ ո՞վ է  բուլլինգի զոհը՝  մի ամբողջ դասարան  թե՞ երեխան, ով , համադասարանցիների ասելով, տեռորի է ենթարկում նրանց:  Բոլոր դեպքերում ակնհայտ է մի բան, որ  միջադեպը բուլինգի դրսեւորում է:

 

«Դեռահասների ագրեսիվության և այսպես կոչված «բուլինգի» ակունքնեը  պետք է փնտրել ընտանիքում»« – ասում է «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամակալության հիմնադրամի գործադիր տնօրեն, հոգեբան Արմինե Գմյուր-Կարապետյանը:  Նրա խոսքով , տանը  տարբեր կարգի բռնության ենթարկվող երեխաները  հաճախ թափում են իրենց մեջ կուտակվող  զայրույթը  առավել թույլերի վրա՝ տարիքով ավելի փոքր երեխաների, կենդանիների։ Հաճախ նրանց ագրեսիան  արտահայտվում է խաղում, երբեմն զայրույթի բռնկումները տեսանելի պատճառ չեն ունենում։

 

– Բուլինգի  խնդիրը գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում, բոլոր դպրոցներում, ցանկացած երիտասարդության շրջանում։ Նախկինում սա պարզապես կենցաղային հասկացություն էր, սակայն վերջին 20 տարիներին դպրոցական բուլլինգը դիտարկվում է որպես լուրջ սոցիալ-մանկավարժական հիմնախնդիր։ Բուլինգի հետևում հաճախ կանգնած են սոցիալ-տնտեսական գործոններ, օրինակ՝ նյութական, սոցիալական և էթնիկ անհավասարությունը։ Ինչպես ցանկացած բարդ երևույթ՝ բուլինգը չունի ոչ միանշանակ բացատրություն, ոչ հաղթահարման ու կանխման լիակատար  միջոցներ։  Համարվում է, որ կռվարարները  ուժ ցուցադրելով են ինքնահաստատվում , բարձրացնում իրենց հեղինակությունը հասակակիցների շրջանում ։ Իրականում նրանցից շատերը իրենց տան իրավիճակը տարածում են դպրոցի վրա. ինչպես է տանը վարվում հայրը կամ ավագ եղբայրը իր նկատմամբ, նույն կերպ էլ նա է իրեն պահում ավելի թույլ ու հնազանդ դասընկերների հետ։ Ընդհանուր առմամբ երեխաների նկատմամբ բռնության խնդիրը կարելի է համեմատել սառցալեռան հետ. երևում է միայն դրա գագաթը, – նշում է հոգեբանը:

 

Տվյալներ, թե ինչ չափով  է տարածված բուլինգը Հայստանի դպրոցներում չկա, այդ խնդիրը գրեթե չի ուսումնասիրվել: Իսկ ամերիկացի հոգեբանները պնդում  են,  որ երեխաների 11 տոկոսը, որիշ երեխաների կողմից ճնշման են ենթարկվում, իսկ 13 տոկոսը, իրենք են այդպիսի ճնշում իրականացնում:

 

Հաճախ կարելի է լսել, որ բուլինգը, ուղղակի հասունացման բնական գործընթաց է՝ տարիքի հետ կանցնի: Սակայն ինչպես վկայում են մասնագետները, այն երեխաները, ովքեր լինում են բուլինգի նախաձեռնողներ, շարունակում են իրենց ագրեսսիան ցուցադրել նաև մեծ հասակում՝ հաճախ նրանք կանգնում են կրիմինալ ճանապարհի վրա: Որոշ բուլինգի զոհերի մոտ, ովքեր զգացել են վիրավորանքի դառնությունը, հաճախ ոչ միայն դա է պահպանվում բավականին երկար, այլև առաջանում է վրեժի ցանկություն… Բոլոր դեպքերում եւ՛ բուլինգ իրականացողները, եւ՛ նրանց զոհերը հոգեբանի օգնության կարիք ունեն…

 

Հ.Գ.

Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն , այսօր արդեն դպրոց են այցելել ուտիկանության տեսուչները, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ, մինչ այդ դպրոցում բացատրական աշխատանքն է կատարել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը: ՀՀ ԿԳՆ հանարկրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ օրենքը ցանկացած պարագայում թույլ չի տալիս երեխային հեռացնել դպրոցից: «Խնդիրը մանկավարժական է, որը պետք է հարթել հոգեբանների, ծնողների, աշակերտների, մանկավարժների ու  ոստիկանության անչափահասների վարչության համատեղ աշխատանքի արդյուքնում: Երեխային դպրոցից հեռացնելը ընդունելի լուծում չէ, մենք իրավունք  չունենք երեխային վարքի պատճառով դուրս թողնել դպրոցից, այլ հարց, եթե ծնողները որոշեն  իերնց երեխային տեղեփոխել այլ դպրոց: Ես զրուցել եմ այս երեխայի նախկին դպրոցի՝ թիվ 114 դպրոցի տնօրենի հետ, նա ասում է, որ այդ երեխան իրենց դպրոցում խնդիրներ չի հարուցել և պատրաստ է ետ ընդունել նրան», – Hayeli.am-ի հետ զրույցում  ասել է Հովհաննիսյանը: Պարզվել է նաեւ, որ խնդիրներ հարուցած աշակերտը թիվ 114 դպրոցից տեղափոխվել է հարևանությոմբ գտնվող թիվ 71 դպրոց երկրորդ հերթափոխի պատճառով ՝ծնողները չեն կամեցել, որ երեխան երկրորդ հերթ լինի:  Ինքը երեխան  պատմել է, որ  ամեն ինչ արել է նոր դասընկերների  հետ ընդհանուր լեզու գտնելու համար, սակայն ոչինչ չի ստացվել, դրանից էլ բախումներ են ծնվել…

 

Երեխայի ծնողների  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բաց նամակին կարող եք ծանոթանալ այստեղ :

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պարզաբանումը այստեղ:

 

Դիտումների քանակը` 6444

Գլխավոր էջ