Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»

Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց  հարյուրից ավել երիտասարդ ծնողներ, հիմնականում հղի կանայք եւ մայրեր իրենց փոքրիկների հետ, հավաքվել էին մի պահանջով՝  հետ կանչել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնցով նախատեսվում է նվազեցնել աշխատող մայրերի նախածննդյան և հետծննդյան նպաստի չափը։

 

Ակցիայի մասնակիցները  եկել էին «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել» « Մի գողացեք մայրիկիս փողերը», «Մի խլեք իմ պամպերսի գումարները», «Իմ երեխան պետք է Հայաստանում ծնվի», «Շքեղության հարկը հանում եք կանանց նպաստը կրճատելով»,  «Կառավարությունը սոցիալական անարդարության անդունդը էլ ավելի է մեծացնում» պաստառներով:

 

Նրանք  նշում էին, որ թեև ողջունում են  չաշխատող կանանց մայրության  նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում են, որ այն չպետք է իրագործվի  աշխատող կանանց հաշվին:  Մայրերն ու հղի կանայք վրդովված ասում էին, որ  չեն հասկանում, թե ինչո՞ւ է Կառավարությունը խոցելի դարձնում աշխատող մայրերին ու ոտնահարում աշխատող կնոջ իրավունքը։ Նրանց խոսքերով` առաջարկվող փոփոխությունները  անարդար են, դրանք խտրականություն են աշխատող և հարկ վճարող կանանց  նկատմամբ: « Մենք նպաստ չենք ուզում, այլ օրենքով հասնող փոխհատուցում՝ մեր կողմից վճարվող հարկերի դիմաց». – ասում են աշխատող կանայք:

Մարիա Նիկողոսյանը, ով աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և սպասում է իր երկրորդ երեխային, նշել է, որ օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց նախծննդյան  և հետծննդյան  փոխհատուցման չափը: «Եթե կառավարության կողմից առաջարկված օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ մտնի, այդ դեպքում հնարավոր է 20-40 տոկոսի չափով ֆինանսական կորուստներ կունենանք: Երբ մեզանից հարկ են վերցնում, ոչ մեկ չի ասում, որ այդքան շատ հարկ են վճարում, իսկ երբ խոսքը վերաբերում է փոխհատուցմանը, որոշել են սահմանափակում մտցնել»,- ասում  է Մ.Նիկողոսյանը, նշելով, որ 26 տոկոսով է հարկ մուծում, սակայն տուժելու է նպաստի վերին շեմ սահմանելու պատճառով:

Ինեսսա Մուրադյանը, ով իր 4 ամսական բալիկի հետ էր մասնակցում բողոքի ակցիային, նշում է, որ իրենց դեմ չեն, որ չաշխատող մայրերին պետությունը աջակցի, իրենք դեմ են, որ դա արվում է իրենց` աշխատողների հաշվին: Կառավարությունը կարող էր այլ եղանակներ մտածել դրա համար՝ շքեղության հար եւ այլն: Նրա կարծիքով, օրինագիծը ակնհայտ անարդարության տարրեր է պարունակում աշխատող կանանց նկատմամբ եւ  նման օրենքների պատճառով շատերը  ստիպված են լինելու մտածել՝ արժե՞ արդյոք, երկրորդ երեխային ունենալ և վտանգի տակ դնել ընտանեկան բյուջեն։

 

Բողոքի ակցիայի մասնակցիները կառավարությանը  հանձնեցին  նամակ ՀՀ վարչապետին , որում շարադրված  են  օրինագծի հետ կապված իրենց մտահոգություններն  ու առաջարկությունները: Նամակը ներկայացված  է  «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության  կողմից:

 

Նախաձեռնության անդամներից   Աննա Նիկողոսյանը  հավաքվածների անունից  կոչ արեց կառավարությանը ձեռնպահ մնալ «խնդրահարույց, խտրական և վտանգավոր փոփոխությունները կատարելուց»՝ ընդգծելով, որ ակնկալում է գործադիրի գործանական և կառուցողական մոտեցումն ու նամակի հանգամանալից ու շտապ պատասխանը, հակառակ դեպքում հետամուտ է լինելու մարդկանց իրավունքների պաշտպանությանը ՝ օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ ժողովների, հավաքների անցկացում: ՀՀ Կառավարության դիմումների և  նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն ընդունելով նամակը  խոստացավ , որ  կառավարությունը 15 օրվա ընթացքում պատասխան կտա:

 

Հիշեցնենք, որ Կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն էր տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով նվազեցվում   է  աշխատող կանանց տրվող  հղիության և ծննդաբերության փոխհատուցման  չափը, դրա փոխարեն սահմանվում է մայրության նպաստ հասկացությունը, որը տրամադրվելու է նաև չաշխատող մայրերին: Նշենք, որ փաթեթով առաջարկվում էր նաեւ կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը , սակայն հետագայում օրինագծի հեղինակները  հավաստիացրեցին, որ  այս կետը մնալու է անփոփոխ և երեխայի նպաստը վճարվելու է, ինչպես գործող օրենքում մինչև երեխայի 2 տարին լրանալը:

 

Նոր նախագծի համաձայն` եթե մայրը մեկ տարուց պակաս է աշխատել վերջին գործատուի մոտ, արձակուրդի ընթացքում կստանա իր միջին աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 տարի և ավելի ստաժի դեպքում՝ 80 տոկոսը: Մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100-տոկոսանոց փոխհատուցում:

 

Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, թեպետ գործող օրենքով նպաստի վերին շեմ չկա:Առաջին և երկրորդ երեխայի դեպքում սահմանվում է նվազագույն ամսական աշխատավարձի (50 հազ․) 7-ապատիկի չափով  (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2 600 000 դրամ), իսկ երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 3 600 000 դրամ)։ Այս փոփոխությունից հատկապես կտուժեն  բարձր աշխատավարձ ստացող կանայք, որոնց  վճարվելիք նպաստը անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերին:

 

Կառավարությունն այս նախաձեռնությունը բացատրում է բյուջեի սղությամբ և պնդում է, որ աշխարհի ոչ մի երկրում հղիներն ու մայրերը ժամանակավոր անաշխատունակության դեպքում չեն ստանում իրենց աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցում: Կառավարությունը հույս ունի, որ  կրճատելով աշխատող մայրերի գումարը՝  միջոցներ կտնտեսի ու 2016 թվականից արդեն գումարներ կվճարի նաև չաշխատող մայրերին։ Բացի այդ, ինչպես մատնանշում է  սոցապնախարարությունը, նպաստների վճարման  հարցում մոտ 20 տոկոսի  չարաշահումներ կան և նոր կարգը  թույլ կտա դրանք չեզոքացնել:

 

Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ իրավմամբ հարց է առաջանում, արդյո՞ք 20-տոկոսանոց ստվերը ի հայտ բերելու  համար պետք է պատժել  80 տոկոս բարեխիղճ աշխատող մայրերին: Ի՞նչ վերաբերվում է  Հայաստանում  գործող օրենքով 100 տոկոսանոց փոխհատուցմանը , ապա դա, իրենց խոսքերով,  պայմանավորված է ծնելիությանն աջակցելու անհրաժեշտությամբ եւ ժողովրդավարական  ճգնաժամում գտնվող երկրի համար հարցականի տակ դնել դրա նպատահարմարությունը  առնվազն անհեռատեսություն է:

 

Նրանց  մոտ առնվազն տարակուսանք են  առաջացնում սոցիալական ապահովության նախարարության կողմից հնչեցվող համեմատությունները  այլ, շատ ավելի բարեկեցիկ երկրների հետ:  Ակցիայի կազմակերպիչներից  Տաթեւիկ Դավթյանը  նշում է, որ պետք չէ համեմատել  արտագաղթի, ծնելիության , աղքատության եւ չլուծված հակամարտության խնդիրներ ունեցող Հայաստանը եվրոպական  երկրների հետ, հատկապես, եթե այդ երկրներում  աշխատավարձի փոխհատուցումից բացի այլ եղանակներ էլ  են կիրառվում  երեխաներ ունեցող մայրերին աջակցելու ուղղությամբ, օրինակ՝  նպաստներ մինչեւ երեխայի չափահաս դառնալը:

 

Բողոքի ալիքին ընդառաջ  սոցիալական ապահովության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել  մինչև Ազգային ժողով հաստատման ներկայացնելը օրինագծի շուրջ հանրային քննարկումներ կազմակերպել: Նշենք, որ  օրինագծի մի շարք խնդրահարույց կետերի վերաբերյալ   իր մտահոգություններն է   ներկայացրել ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանը, իսկ հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում կազմակերպվելու են խորհրդարանական  լսումներ  այս հարցի շուրջ:

 

 

Հ.Գ. «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության  անդամները  նշում են  նաև, որ պատրաստվում են  բողոքի ակցիա կազմակերպել նաև  երկուշաբթի օրը, երբ   Ազգային ժողովում տեղի են ունենալու ԱԺ լսումները այս հարցով : Մանրամասների մասին կտեղեկացնեն ավելի ուշ: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094090071 (Աննա Նիկողոսյան) կամ 077565726 հեռախոսահամարներով (Տաթևիկ Աղաբեկյան):

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են


 
Ո՞վ եւ ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Դիտումների քանակը` 4308

Գլխավոր էջ