Բողոքի ակցիաներ Թուրքիայում անչափահասի բռնաբարությունը արդարացնող օրինագծի դեմ
Թուրքիայում բողոքի ակցիաներ են սկսվել անչափահասների ամուսնության օրինականացման դեմ: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջարկել է փոփոխություն մտցնել Քրեական օրենսգրքում, որի համաձայն անչափահասի նկատմամբ սեռական բռնության ենթարկած անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում: Դրանով իսկ իշխանությունը պատրաստվում է ներում շնորհել մոտ 4 հազար մարդկանց, ովքեր գտնվում են բանտերում անչափահասների բռնաբարության մեղադրանքով՝ մեղմացուցիչ հանգամանք դիտարկելով այն փաստը, որ բռնարարը պատրաստ է ամուսնանալ տուժող երեխայի հետ:
Կանանց կազմակերոպությունների նախաձեռնությամբ բազմամարդ հանրահավաքներ են տեղի ունենում Ստամբուլում եւ մյուս մեծ քաղաքներում՝ « Հեռացրեք կեղտոտ ձեռքերը մեր երեխաներից», «Բռնաբարությունը չի կարող արդարացվել» , «Պաշտպանեք երեխաներին, ոչ թե բռնաբարեք» կարգախոսներով: Ինչպես նշում են կազնակերպիչները՝ անչափահասների ամուսնության օրինականացմամբ փաստացի օրինականացվում է մանկապղծությունը, անչափահասների բռնաբարությունը: Կանանց կազմակերպությունները պահանջում են մանդատից զրկել այն 7 պատգամավորներին, ովքեր նախաձեռնել են օրենսդրական տվյալ փոփոխությունը:
Կանանց կազմակերպություններին միացել եւ նոր օրենսդրական փոփոխության դեմ են դուրս եկել նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ թուրքական հասարակության մեջ ճանաչում ու հարգանք վայելող շատ գործիչներ:
Փոփոխությունն առաջին քվեարկությամբ չի անցել: Այն երկրորդ անգամ քվեարկության կդրվի այսօր՝ նոյեմբերի 22-ին: Երկրի ընդդիմադիր կուսակցությունները դեմ են արտահայտվել փոփոխությանը: Սոցցանցերի օգտատերերը ևս իրենց զայրույթն են հայտնել նոր փոփոխության առաջարկի առնչությամբ: Այն կանխելու նպատակով անգամ Change.org-ում ստորագրահավաք է սկսվել:
Նշենք, որ նոր օրենսդրական փոփոխությունն առաջարկել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հիմք ընդունելով թուրքական հասարակության համար ավանդական համարվող անչափահասների ամուսնության իրողությունը: Իրականում այս խնդիրը լուրջ մարտահրավեր էր քաղաքացիական կամ աշխարհիկ Թուրքիայի համար, որի օրենսդրությամբ անչափահասների ամուսնությունն արգելվում է:
Դիտումների քանակը` 3762