Բլից հարցում. «Պատրա՞ստ եք արդյոք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում»
WomenNet.am-ը հարցազրույցների շարք է սկսում նորընտիր կին պատգամավորների հետ: Մեր առաջին հարցը՝ պատրա՞ստ եք արդյոք պաշտպանել կանանց իրավունքները խորհրդարանական ամբիոնից…
Մերի Գալստյան, «Իմ քայլը» խմբակցություն.
-Վստահ եմ, որ հասարակության ներդաշնակ զարգացումը անհնար է պատկերացնել առանց կանանց իրավունքների լիարժեք իրացման: Կանայք պետք է առավելագույնս ներգրավված լինեն հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ առաջին հերթին իմ ուշադրության կենտրոնում են լինելու իրավական հարթության մեջ առկա հնարավոր բացերը, որոնք որևէ կերպ խոչընդոտում են կանանց մասնակցությանը կամ հանգեցնում անհավասար պայմանների և մոտեցումների: Կարևորում եմ նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի դերը և ակնկալում եմ սերտ համագործակցություն նրանց հետ: Այդուհանդերձ, իրավական դաշտից զատ, շատ հաճախ կանանց խնդիրները փոխկապակցված են հասարակական ընկալումներում առկա կարծրատիպերի հետ: Այդ կարծրատիպերը կոտրողը հենց կանայք պետք է լինեն իրենց օրինակով՝ լինելով ակտիվ, նախաձեռնող, հաղթահարելով խոչընդոտներ, և դրանով իսկ ներշնչել մյուսներին ու ճանապարհ հարթել հաջորդ սերունդների համար: Դա հատկապես ընդգծվեց նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ նկատեցի, թե որքան հետաքրքրված և շահագրգռված են կանայք իրենց մասնակցությունն ունենալ համայնքում որոշումների կայացմանը: Այդ ներուժը անհրաժեշտ է վերածել գործնական քայլերի և մեխանիզմներ մշակել համայնքային կյանքում կանանց լիարժեք ներգրավման նպատակով: Այս հարցերը, ի թիվս այլոց, լինելու են իմ պատգամավորական գործունեության օրակարգում:
Անուշ Բեղլոյան, «Իմ քայլը» խմբակցություն.
-Կանանց իրավունքները ես դիտարկում եմ մարդու իրավունքների համատեքստում ու ցանկացած խտրականություն ինձ համար անընդունելի է։ Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միշտ պատրաստ եմ ելույթ ունենալ, եթե կա հստակ առիթ, դեպք կամ օրինագիծ, որն իմ մեկնաբանությունն է պահանջում։ Կարծում եմ, որ կանանց իրավունքների համատեքստում առաջնային են կանանց տնտեսական անկախությունը, աշխատավարձի հավասարությունը, ղեկավար կանանց պակասը և այլն։
Աննա Կոստանյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն.
-Անշուշտ պատրաստ եմ բարձրաձայնել այդ խնդիրները ու նաև բազմաթիվ հանդիպումների ժամանակ հաստատել եմ այդ պատրաստակամությունը: Ես պատրաստ եմ հնարավորությանս սահմաններում բարձրացնել կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների հիմնախնդիրները: Նաև, կարծում եմ, կրթական մակարդակում պետք է բարեփոխումներ անել, որպեսզի կանանց և տղամարդկանց իրավունքների պաշտպանությունը ամրապնդվի կրթության և մշակույթի միջոցով…
Տաթևիկ Գասպարյան, «Իմ քայլը» խմբակցություն.
-Իհարկե կան կանանց իրավունքներին վերաբերող բազում խնդիրներ, որոնք, իմ կարծիքով, հիմնականում բխում են նրանց իրազեկվածության պակասից։ Ես պատրաստ եմ խորությամբ ուսումնասիրել եւ մտածել ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում կկարողանամ իմ ներդրումն ունենալ այդ խնդիրների ոչ միայն բարձրաձայնմանը, այլ նաեւ դրանց իրատեսական լուծումներ տալուն:
Սոնա Ղազարյան, «Իմ քայլը» խմբակցություն.
-Նախկին գործունեությունս չի առնչվել կանանց իրավունքներին, սակայն բարձրաձայնելով քաղաքացիների ոտնահարված սահմանադրական իրավունքները և լինելով տարբեր քաղաքացիական նախաձեռնություններում, իմ օրինակով փորձել եմ ապացուցել, որ կինն ասելիք ունի քաղաքականության մեջ և կարող է հաղթահարել այն բոլոր կարծրատիպերը, որ խոչընդոտում են կանանց մուտքը քաղաքականություն:
Հիշում եմ նաև, որ երբ 2013 թվականին գազի գնի հետ կապված հավաքվել էինք ԱԺ դարպասների մոտ, կարելի էր մատների վրա հաշվել մասնակից կանանց թիվը։ Բայց մի քանի համարձակ կանանց օրինակին հետևելով հնարավոր դարձավ ունենալ կանանց նման բարձր ներգրավվածություն թավշյա հեղափոխության օրերին։ Ինձ համար կարևոր էր նաև լինել այդ նախաձեռնություններում իբրև նախաձեռնող և որոշում կայացնող, քանի որ, մասնավորապես, կարևորում եմ ոչ միայն կանանց մասնակցությունն, այլ նախաձեռնողականությունը։ Ես անշուշտ պատրաստ եմ և հետևողական կլինեմ, որ ամեն կին մեր երկրում իրեն պաշտպանված զգա։ Անցած տարի ընդունվեց ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքը, և ինձ համար կարևոր է օրենքում սահմանած դրույթներն աշխատեն, մասնավորապես, ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցությունը ու որ ամենակարևորն է ապաստանի տրամադրումը։
Կա մեկ խնդիր, որը ևս կլինի իմ ուշադրության կենտրոնում: Դպրոցում է ձևավորվում քաղաքացին իր բոլոր պատկերացումներով, և հատկանշական է, որ դպրոցական դասագրքերում, օրինակ` գրականություն, պատմություն, ի սպառ բացակայում են կամ շատ քիչ են ներկայացված կին գրողներ, քաղաքական դեմքեր և այլն։ Դպրոցականների մոտ ձևավորվում է թյուր պատկերացում պատմության մեջ կանանց դերակատարման մասին։ ԱԺ ամբիոնից և տարբեր հանձնաժողովներում պատրաստվում եմ բարձրաձայնել և նպաստել այս խնդրի լուծմանը։ Այս գումարման ԱԺ-ում կանանց բարձր ներգրավվածությունը, կարծում եմ, երաշխավորելու է կանանց ոտնահարված իրավունքների բարձրաձայնումն ու խնդիրների լուծումը։
Զրուցեց Լիա Խոջոյանը
Դիտումների քանակը` 2015