Բերք ու  բարիքով առատ «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնը

Սեպտեմբերի 16-ին Երևանի Անգլիական այգում  կայացավ  «Գյուղական կյանքի և ավանդույթների» 4-րդ փառատոնը: Այն  կազմակերպել էր «Կանաչ արահետ» ՀԿ-ն ՝ Հայաստանում գյուղատնտեսական ծրագրեր իրականացնող  միջազգային կազմակերպությունների, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ավանդական դարձած այս  փառատոնին Հայաստանի  մարզերի  և համայնքների  ֆերմերներն ու գյուղացիները հնարավորություն ունեցան  մայրաքաղաքի  բնակիչներին  և հյուրերին  ներկայացնելու իրենց արտադրած  գյուղմթերքը: Փառատոնում  ցուցադրվող  գյուղմթերքների  տեսականին այս  ամգամ  բազմազան էր՝   Ֆենխել, բատատ, ֆիզալիս, քեյլ, իտալական քաղցր բազիլիկ, հազրեվարդ, օրեգանո, մելիսսա, եղեսպակ, շիայի յուղ, կտավատի ձեթ, քինոա, կանաչ հնդկաձավար… Շատերի  համար  անհայտ ու անծանոթ մթերքների մոտ  խմբված  մարդիկ հետաքրքրվում էին  դրանց  օգտակարության մասին և կիրառման եղանակին: Իրենց  մշտական  գնորդներն ունեին  նաև հայկական  հողի մշտական «բնակիչները»՝ էկոլոգիապես  մաքուր  լոլիկը,  վարունգը,  մեղրը,  կանաչեղենը,  լոբին, զանզան  խոտաբույսերը, թոնրի  գաթան,  տարատեսակ չրերը, մարինադները, թթուները, պանրի տեսականի, գինինեն ու  օղիներ` հնարավոր բոլոր մրգերից և  պտուղներից պատրաստած:

 

Միջոցառմանը  ներկա էին  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Երևանիքաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը:

Դավիթ Օհանյանը  ողջունելով  փառատոնի  մասնակիցներին նշեց, որ ՀՀ  գյուղատնտեսության  նախարարության  հետ  ոլորտին  վերաբերող  տարբեր ծրագրեր են  իրականացվել: Մասնավորապես  բերքահավաքի ընթացքում մայրաքաղաքի  կենտրոնական  հատվածներում  ավանդական  դարձած  գյուղատնտեսական  շուկաների ներկայությունը գյուղացիներին սեփական  գյուղմթերքը  համեմամտաբար  ցածր գներով  վաճառելու  հնարավորություն է  տալիս:

 

ՀՀ  գյուղատնտեսության  նախարար Իգնատ Առաքելյանն  իր  ելույթում  նշեց, որ փառատոնում  ներկայացրած  գյուղմթերքներից  շատերը  հնարավոր  չէ  գտնել մայրաքաղաքի  առևտրային  կետերումՙՙ,  ինչը  վկայում է, որ հայ  ֆերմերներն  ընդլայնելով  իրենց  արտադրանքի  տեսականին մեծ հաջողություններ են  արձանագրել:

 

Ընդգծելով զբոսաշրջության  զարգացման գործում  «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա  փառատոնի նշանակությունը, Մարիա Բարաղամյանը նշեց նաև, որ օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում զարգացման մեծ հեռանկար ունի: «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանի խոսքով` գյուղական կյանքի և ավանդույթներիփառատոնը մայրաքաղաքում դարձել է ոչ  միայն ֆերմերների և  ֆերմերային  խմբերի, այլև մայրաքաղաքի բնակիչների   ամենասպասված և սիրված իրադարձություններից մեկը:

 

Փառատոնի հիմնական մասնակիցները մարզերի այն ֆերմերական և անհատ տնտեսություններն էին, որոնք մշտապես  մասնակցել և մասնակցում են տարբեր միջազգային ծրագրերի և դրանց օգնությամբ կազմակերպել են իրենց արտադրությունը: Միջազգային ծրագրերի հիմնական մասը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, ուստի զարմանալի  չէր, որ փառատոնին ներկա էր նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին: Փառատոնին ներկա էին  նաև տարբեր երկրների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Տաղավարներից  մեկում  վաճառվող  տարատեսակ  մուրաբաներն /  ազնվամորի,  ելակ, մոշ,  հոն/ արագորեն սպառվում էին: Տավուշի  մարզի Սև քար համայնքի բնակչուհի Մարինե Բրուտյանը չէր  հասցնում  տոպրակներում դասավորել  գնորդների նախընտրած  պահածոների  բանկաները  և  մյուս  կողմից  պատասխանել WomenNet-ին  հետաքրքող  հարցերին: 58-ամյա Մարինեի  փոխանցմամբ մարզի փոքր ֆերմերային  տնտեսությունների,  գյուղատնտեսական   կոոպերատիվների հզորացման  նպատակով  ՕՔՍՖԱՄ և ՕՔՍԵՋԵՆ  կազմակերպությունները  մեծ աջակցություն են  ցուցաբերել: 2012 թվականին Սև Քար  համայնքում սկսվեց  պահածոների կոոպերատիվի  շենքի  շինարարությունը,  իսկ երկու տարի անց սկսեցին  թողարկել առաջին արտադրանքը, որն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն,  դրանք  իրացվում են  նաև Հայաստանում: Պահածոների  պատրաստմամբ  զբաղվում են ՕՔՍՖԱՄ-ի և ՕՔՍԵՋԵՆ-ի աջակցությամբ  ստեղծված  կանանց  կազմակերպությունը, որը  կոչվում  է « Անուշահամ»:

-Որքան  թևերումս  ուժ  կա,  պետք է աշխատեմ,  շնորհակալ եմ երկու կազմակերպություններին, որոնք  գյուղի  կանանց  համար աշխատատեղ  ստեղծեցին, հնարավորություն  տվեցին գոնե  մի քիչ  կտրվել  տան անվերջանալի  գործերից ու  հանմընդհանուր բարիք  ստեղծել, -ասաց Մարինե Բրուտյանը:

Գեղարքունիքի  մարզի Վարդենիսի  տարածաշրջանի Արջաղբյուր  համայնքի   «Արևահատիկ» կանանց  խումբը փառատոնում  ներկայացրել էր չիչխանի հյութ,  մուրաբան,  ջեմ,  կոմպոտ ու անգամ չիչխանի  օղին: Նրանց խոսքով  տարին  բարեհաջող  չէր թե  մրգի, թե  հացահատիկի  համար, սակայն  կարողացել են միջոցառմանը  ներկայանալ  չիչխանի արտադրանքի  տեսականիով: Խմբի  կանանց  մտահոգությունն այն է, որ  իրենց  կազմակերպությունը դեռևս  պայմանագիր չի կնքել գնող  կազմակերպությունների հետ, իսկ  քանի որ  բնակավայրը  հեռու է  շուկայից, ուստի իրենց արտադրանքը վաճառվում է քիչ քանակությամբ, թեև  չեն  հուսահատվում,  և  համոզված են, որ  «մի օր իրենց  փողոցում էլ  երաժշտություն  կհնչի»:

 

Տավուշի մարզի Արճիս  համայնքը  ներկայացնող Արևիկ Անդրեասյանը նշեց, որ Գրին  Լեյն  կազմակերպության  աջակցությամբ իրենց  համայնքում  ստեղծել են  չրանոց և  որ  հաջորդ  տարի փառատոնին  կներկայանան չրերի տեսականիով: Այս  անգամ  նա  փառատոնին  ներկայացել էր  սեփական  այգու բարիքներով:

 

Բացի ՀՀ մարզերի բնակիչներից` այս տարի փառատոնին մասնակցում էին նաև հյուրեր հարեւան երկրներից. վրացական տաղավարում ներկայացված էին վրացական պանիրներ, գինիներ, քաղցրավենիք, իսկ իրանական տաղավարում` ծղոտե պայուսակներ, զամբյուղներ եւ խուրմայի տեսակներ: Սիրիահայ ձեռներեցները նույնպես ներկայացնում էին իրենց աշխատանքները` ինչպես սնունդ, այնպես էլ` ձեռագործ աշխատանքներ, արծաթեղեն և այլն: 

Փառատոնը շարունակվեց  միչև երեկո: Այն ուղեկցվում  էր ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով:

 

Անուշ Ներսիսյան

 

 

Դիտումների քանակը` 3919

Գլխավոր էջ