«Բա որ իրավունքից խոսամ , նա էլ ասի՝ հաջողություն քեզ, ի՞նչ պիտի անեմ»…
Ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը պետք է արմատական բարեփոխումների ենթարկվի: Մայիսի 1-ի կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի խորհրդական Թադեւոս Ավետիսյանն՝ անդրադառնալով այդ գործընթացին, մի ուշագրավ դիտարկում արեց՝ ասելով, որ Աշխատանքային նոր օրենսգրքում պետք չէ չափից ավելի շատ իրավունքներ ամրագրել աշխատողներին եւ պարտականություններ՝ գործատուներին: «Աշխատողները պետք է կարողանան գործատուի հետ պայմանավորվել: Բանակցելու մշակույթը տնտեսության ատրիբուտներից է»,- ասաց Ավետիսյանը, ըստ երեւույթին մոռանալով հիշատակել, որ «բանակցելու մշակույթը » միջազգային պրակտիկայում ձեւավորվել է ուժեղ արհմիությունների շնորհիվ, մինչդեռ Հայաստանում այսօր արհմիությունների գոյության մասին շատերը նույնիսկ տեղեկացված էլ չեն: WomenNet.am –ը փորձել է պարզել, թե ինչպես եւ ում օգտին է աշխատում «գործատուի հետ բանակցելու ատրիբուտը» Հայաստանում…
«Մեծ դժվարությամբ գտա այս աշխատանքը, դրա համար էլ ամեն ինչին հարմարվում եմ: Էնպես չի, որ գործը թափած է, որ մի բան էլ իրավունքներ առաջ քաշեմ՝ կշահեմ»,-պատմում է Մարինե Հովակիմյանը:
Նա Սյունիքի մարզից 2 տարի առաջ Երեւան է եկել 2 անչափահաս երեխաների ու մոր հետ, ստիպված է եկել: Ասում է՝ ամուսինը երկար տարիներ արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստան, մի քանի ամիսը մեկ գումար էր ուղարկում, բայց քիչ, հետո սկսեց այդ քիչ գումարն էլ չուղարկել, ինչից հետո Մարինեն սկսեց աշխատանք փնտրել՝ երեխաների հոգսը հոգալու համար: Սյունիքի ո՞ր գյուղից է, չցանկացավ բացահայտել, ասում է՝ փոքր գյուղ է, բոլորն իրար ճանաչում են, հանկարծ անուն-ազգանունը կկարդան, կճանաչեն:
«Նորություն չի, որ գյուղում գործ չկա, դրա համար էլ գնացի Կապան, փռում գործ գտա, երեխաներիս գյուղում մայրս էր տիրություն անում, ես Կապանում վարձով էի ապրում: Որպեսզի հասցնեի համ տուն փող ուղարկեի, համ էլ տան վարձը տայի, համարյա 2 «սմենով էի» աշխատում: Համ ինձ էր ձեռնտու, համ էլ՝ ղեկավարիս, իմ փոխարեն եթե ուրիշի ընդուներ, պիտի ավելի շատ աշխատավարձ տար, իսկ ինձ դրա կեսն էր տալիս: Այսինքն՝ մենակով 2 հոգու աշխատանք էի անում, բայց 1,5 հաստիքով աշխատավարձ ստանում»,-ասում է Մարինեն ու հավելում՝ շատ դժվար էր, անքուն գիշերները շուտով զգացնել տվեցին, ուժերը սպառվել էին, բայց էլի շարունակում էր աշխատել:
«Մի օր «դուխս» հավաքեցի ու «շեֆիս» խնդրեցի աշխատավարձս բարձրացնի, գնացի ասեցի՝ լավ չեմ, առողջությունս վատացել է էս գրաֆիկով աշխատելու պատճառով, աշխատավարձս մի քիչ բարձրացրեք, որ գոնե ավելացած փողով բժշկի գնամ: Ասեց չեմ կարա, «ցեխի« գործերը լավ չեն, կարաս դուրս գաս, կուզես՝ բողոքի: Ում բողոքես, այ ցավդ տանեմ, գրանցված աշխատող էլ չէի: Էդպես մի 2 ամիս էլ աշխատեցի, մինչեւ ուժերս հատեցին, դուրս եկա: Հետո էլի Կապանում խանութում գործ գտա, էլի չգրանցեցին, տենց աշխատեցի մի տարի էլ, ինչ ասես՝ անում էի էդ խանութում, հավաքարարություն էլ եմ արել, ծանր արկղեր էլ եմ կրել, հետո «կասսայի» աղջիկը դեկրետ գնաց, մինչեւ նոր աշխատող գտներ, ես համ վաճառում էի, համ մաքրություն անում, համ ապրանք ընդունում, ծանր շշերով արկղերը տեղափոխում: Էդ խանութն էլ փակվեց, որոշեցի էրեխեքիս ու մորս վերցնեմ գամ Երեւան: Ամուսնուցս էլ խաբար չկա արդեն 4 տարի է»,-պատմում է Մարինեն:
Խանութը փակվելուց հետո էլ, ինչպես 33 ամյա այս կինն է պատմում, խանութպանն, այսպես ասած՝ վերջնահաշվարկ էլ չի տվել, ասել է՝ «տակ եմ տվել, ձեռս փող չկա, հենց ձեռս փող ըլնի՝ կտամ»:
Հիմա Մարինեն Երեւանում է աշխատում եւ դարձյալ՝ ստվերում, ոչ օրինական դաշտում, գործատուն աշխատանքային պայմանագիր չի կնքել, պատճառաբանելով՝ «Մեղքս եկել ես՝ ընդունել եմ, քեզ լավություն եմ արել, քո տեղը ուրիշի կարայի ընդունել»: Մարինեն հաշտվել է առանց պայմանգրի աշխատանքի հետ, ասում է՝ այս խանութում էլ՝ ամեն գործ անում է, ու չի տրտնջում, եթե երեւանցի երեիտասարդ աղջիկները երբեմն կարողանում են ըմբոստանալ «շեֆին», Մարինեն գերադասում է հնազանդ աշխատել. «Բա դպրոցական էրեխեք ունեմ, որ վիճեմ, կամ իրավունքից խոսամ, նա էլ ասի՝ ուրեմն հաջողություն քեզ, ի՞նչ պիտի անեմ: Յոլա գնում ենք: Վարսավիրություն էլ գիտեմ, հարեւանների մազերն եմ կտրում, կողքից էլի փող ա, մամաս էլ հավաքարար ա աշխատում, լավ է, ժամերն էնպես են, որ երեխաների հետ է լինում: Չէ, չեմ ուզում բողոքեմ, թքած էդ պայմանագրի վրա էլ, էն ավել փողի էլ, որ պիտի տան: Կարեւորը հիմա գործ ունեմ, մարդիկ ընկած գործ են ման գալիս, ես էլ եղա՞ծը կորցնեմ»:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2015 թվականին (2016-ի տվյալները հրապարակված չեն) Հայաստանում գործազուրկների միջին տարեկան ցուցանիշը՝ 243 հազար է եղել, այսքան մարդ աշխատանք չի ունեցել, իսկ զբաղվածների թիվը՝ 1 միլիոն 72 հազար 6 հազար մարդ: Նույն ԱՎԾ-ի տվյալներով՝ 2015-ին մեր բնակչության 48%-ն, այսպես ասած՝ ոչ ֆորմալ զբաղվածություն է ունեցել:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրհդատու Հերիքնազ Տիգրանյանն ասում է՝ Հայաստանում աշխատանքի իրավունքի ամենաշատ տարածված խնդիրը՝ աշխատանքային պայմանագրի բացաակյությունն է: Ըստ Տիգրանյանի, աշխատողն անշուշտ գիտակցում է, որ խախտվում է իր իրավունքը, բայց թույլ է տալիս դա ՝ աշխատանքը չկորցնելու պատճառով . «Գործատուն էլ չի կնքում պայմանագիր, որպեսզի որեւէ խախտում անելու դեպքում հետագայում աշխատողին որեւէ բան ապացուցելու բազա չտա: Քանի Հայաստանում աշխատաշուկան շատ քիչ հնարավորություն է տալիս պոտենցիալ աշխատողին, գործատուներն էլ օգտվելով այդ անհամապատասխանությունից, եթե պայմանագիր էլ կնքում են, տալիս են առաջադրանքներ, որոնք չեն նախատեսվում պայմանգրով կամ հաստիքով»…
Ինչպես է կարգավորելու այս հարցերը նոր Աշխատանքային օրենսգիրքը կիմանանք 9 ամսից հետո: Հենց այդքան ժամանակ է հատկացված ՀՀ վարչապետի կողմից աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը արմատապես վերափոխելու համար:
Մերի Հարությունյան
Դիտումների քանակը` 3117