«Բացելով հույսի դռները» . ֆիլմ Թեմփլ Գրանդինի մասին

Ինքնակենսագրական այս ֆիլմը պատմում է գյուղատնտեսության ոլորտի առաջատար գիտնակաան Թեմփլ Գրանդինի մասին, ով աուտիստ լինելով  կարողացավ  գտնել իր տեղը  կյանքում՝ քարոզելով   մարդասիրական վերաբերմունքը կենդանիների հանդեպ։ Ֆիլմը նկարահանվել է Թեմփլ Գրանդինի «Բացելով հույսի դռները» և «Մտածելով պատկերներով» գրքերի հիման վրա։  2010 թվականին «Time» ամսագիրն ընդգրկեց Թեմփլ Գրանդինին  աշխարհի 100 ազդեցիկ մարդիկ շարքի  «Հերոսներ» շարքում։

 

 

Թեմփլ Գրենդինը այնպիսին չէ, ինչպիսին բոլորը, բայց և ուրիշներից էլ վատը չէ։  Նա ամբողջ կյանքում պայքարում է, որ ապացուցի դա։ Նա աուտիստ է, և ինչպես ինքն է ասում,  պատկերներով  է մտածում՝ կապելով այդ պատկերները  մեկը մյուսի հետ։ Այս բացառիկ տաղանդը նրան օգնում է ամբողջ կյանքի ընթացքում։ Մինչև չորս տարեկանը նա չի կարողանում խոսել և բժիշկները խորհուրդ են տալիս մորը փակել աղջկան հիվանդանոցում։  Սակայն մոր ջանքերի և հավատի շնորհիվ Թեմփլին հաջողվում է ավարտել դպրոցը։ Հենց դպրոցում ի հայտ են գալիս Թեմփլի հետաքրքրությունը բնական գիտությունների հանդեպ և սերը՝ դեպի կենդանիները։

 

 

Յուրաքանչյուր կյանքի փուլ Թեմփլի համար դժվար է անցնել, սակայն նա նշանաբան ունի՝ «Սա հերթական դուռն է, որ պարզապես պետք է բացել»։ Դժվարությամբ, սակայն այնուամենայնիվ կյանքի դռները բացվում են Թեմփլի առջև, շնորհիվ իր համառության և այն փոքրաթիվ  մարդկանց, ովքեր սիրում և հավատում են նրան։ Իր մորաքրոջ ամառանոցում մի օր Թեմփլը տեսնում է, ինչպես են կովերին պատվաստելու համար կանգնեցնում հատուկ սարքավորման մեջ, որ կովը հանգիստ կանգնի։ Այդ սարքի նմանությամբ Թեմփլն ինքն իր համար «գրկող մեքենա» է պատրաստում, որտեղ իրեն պաշտպանված ու հարմար է զգում։ Այս սարքն օգնում է նրան հավասարակշռվել և հանգստանալ, և հետագայում օգտագործվում է նաև բժշկության մեջ աուտիստներին հանգստացնելու  համար։

 

 

Որոշ ժամանակ Թեմփլին տեղավորում են հատուկ կարիքներով երեխաների գիշերօթիկ դպրոց։  Այստեղ նա հանդիպում է բնական գիտությունների ուսուցիչ Կարլոկին, ով միանգամից տեսնում է աղջկա տաղանդն ու հավատում նրա ուժերին։ Թեմփլը շատ լավ գիտակցում է, որ  աուտիզմը օգնում է իրեն ավելի լավ հասկանալ կենդանիներին և որոշում է դիպլոմային աշխատանք գրել՝ կովերի բառաչյունի մասին։

 

 

Թեմփլը հարուստ հոգևոր ներաշխարհ ունի, զգացմունքայնություն ու զարմանալի ունակություններ բնական գիտությունների հանդեպ:  Բացառիկ տաղանդավոր և տպավորիչ խաղով Թեմփլ Գրանդիին ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Քլեր Դեյնսը, վերջինս այս դերի համար արժանացել է  «Էմմի»-ի, «Ոսկե գլոբուս»-ի և ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակների։

 

Աշխեն Քեշիշյան

 

 

Հ.Գ. Թեմփլ Գրանդինի դասախոսությունը « Ինչու են պետք աուտիստները»  

 

 

Դիտումների քանակը` 2649

Գլխավոր էջ