Բանկերը հղիությունը չեն խրախուսու՞մ
Պարզվում է, մեր երկրում հղի լինելը ռիսկային գործոն է, ընդ որում ոչ այնքան ապագա մայրիկի, ինչքան հայրենի բանկերի համար, որոնք խուսափում են հղի կանանց հետ գործ ունենալ: Պետությունը իհարկե մտահոգված է ժողովրդագրական ցուցանիշների անկման խնդրոով եւ ծնելիության աճը ապահովելու նպատակով՝ փորձում է բարձրացնել նպաստները, երիտասարդ ընտանիքների աջակցման ծրագրեր մշակում, բայց արի ու տես, երբ խոսքը հասնում է գործին պարզվում է , որ հղի լինելը խիստ ռիսկային գործոն է: Համենայն դեպս, դրա մասին է վկայում օրերս Yerkir.am-ի կողմից հրապարակված` «Չի լինի, որովհետև հղի ես» նյութը:
Հեղինակը պատմում էր հայրենի բանկային համակարգի հետ շփման իր անհաջող փորձի մասին: Հղի կինը փորձում է ապառիկ վարկավորում ձևակերպել բանկերից մեկում, գնումը մեծ չէ` համակարգիչ: Ամեն ինչ լավ է, քանի դեռ բանկի վարկային բաժնի աշխատակիցները չեն տեսնում, որ շահառուն հղի է: Մերժումը չի ուշանում: Հիմնավորումը մեկն է` «կներեք, բայց դուք հղի եք», հետեւապես որոշ ժամանակ անվճարունակ եք լինելու:
Նյութի հեղինակը փորձել է հղում կատարել օրենքին, մեջբերելով Աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի առաջին մասը, որի համաձայն` աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ վճարելով լրիվ աշխատավարձը՝ առնվազն 140 օր, եթե բարդ ծննդաբերություն կամ մեկից ավելի երեխայի ծնունդ չի գրանցվել: Բացի այդ նույն օրենսգրքի 173 հոդվածը, որը սահմանում է, որ մինչև երեք տարեկան երեխային խնամողի աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է:
Ստացվում է, որ ըստ օրենքի հղի կնոջը անվճարունակ կարգելու իրավական հիմքեր չկան եւ տեղի է ունեցել նրա իրավունքների խախտում: Առավել եւս , որ խոսքը գնում էր ընդամենը համակարգչի մասին, որի միջոցով այդ կինը գուցե փորձում էր տանը նստելով գումար վաստակելու հարց լուծել եւ դրանով իսկ հասցնել բանկի առանց այդ էլ մինիմալ ռիսկը զրոյի… Էլ չենք ասում, որ բանկերը այս դեպքում գործում են «Համակարգիչ բոլորի համար» համապետական ծրագրի շրջանակներում, ըստ որի նրանք պարտավոր են կիրառել հատուկ ապառիկի սխեմա:
Այնուամենայնիվ, մենք փորձեցինք գնալ նյութի հետքերով ու պարզել ինչ հիմքերով են խախտել հղի կնոջ իրավունքը:
Մայրաքաղաքի բանկերից մեկի պայմանագրային բաժնում մեզ բացատրեցին, որ հղիությունը չի կարող հիմք հանդիսանալ վարկավորման մերժման հարցում, սակայն կարող է դիտարկվել որպես հետագայում անվճարունակ լինելու պատճառ: Ճիշտ է տվյալ բանկում նման դեպք երբևէ չի եղել, բայց հստակ ասել, որ այստեղ կա իրավունքի խախտում, մասնագետները չշտապեցին:
«Բանկը ինքն է որոշում` ում վարկավորել և ում ոչ: Այստեղ կան միայն վարկունակությունը ստուգելու չափորոշիչներ: Յուրաքանչյուր վարկավորման հայտի դեպքում` անկախ գործարքի արժեքից, կայացվում է առանձին որոշում: Եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը կարգին են եղել և պոտենցյալ շահառուն կարողացել է հիմնավորել իր վարկունակությունը, ապա հղիությունը որևէ կերպ չէր կարող դիտարկվել որպես հայտի մերժման հիմք»,- բացատրեց բանկի պայմանագրային բաժնի աշխատակիցը:
Խնդրի պարզաբանման համար դիմեցինք նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որի ղեկավար Փիրուզ Սարգսյանն ասաց, որ տվյալ դեպքում և՚ իր ղեկավարած կառույցը, և’ դատական ատյաններն անզոր են օգնել:
«Բանն այն է, որ վարկի տրամադրումը բանկի կամ այլ ֆինանսական կառույցի իրավունքն է, ոչ թե պարտականությունը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր կառույց ինքն է որոշում տրամադրե՞լ վարկ, թե ոչ: Յուրաքանչյուր դեպքի համար ընդունվում է անհատական որոշում: Հնարավոր է, որ այս դեպքում շահառուն չի կարողացել հիմնավորել իր վճարունակությունը, հնարավոր է, դեր է խաղացել նաև հղիությունը և ենթադրվող արձակուրդը: Սակայն իրավական խախտում, ըստ էության, այստեղ չկա»,- պարզաբանեց Ֆինանսական համակարգի հաշտարարը, հավելելով, որ խնդիրն այլ լուծում կարող էր ստանալ, եթե լիներ հայտը մերժած բանկի կողմից տրամադրված գրավոր պատճառաբանությունը, որը սակայն չկա:
Անկեղծ ասած, ստացված պատասխանները չփարատեցին մեր կասկածները հղի կնոջ իրավունքների խախտման վերաբերյալ: Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում տվյալ գործարքի ռիսկայնության աստիճանը, ապա գոնե համապետական ծրագրերի առկայության դեպքում նա պարտավոր նաեւ հաշվի առնել պետական շահը: Տվյալ դեպքում խոսքը գնում է առնվազն երկու պետական փաստաթղթերի մասին՝ «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2012 թ. պետական ծրագրի» եւ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի:
Կարծում ենք, ակնհայտ է, որ այս փաստաթղթերից ոչ մեկի տրամաբանությունը չի ենթադրում, որ հղիությունը ռիսկային գործոն կարող է հանդիսանալ ՝ պետության կողմից նախատեսված արտոնություններից օգտվելու համար: Ավելին այդ նույն տրամաբանությունը հուշում է, որ վարկավորման հարցում հղի կանանց համար պետք է հավելյալ արտոնություններ սահմանվեն, եթե, իհարկե, մենք իրոք մտահոգված ենք ծնելիության աճի խնդրով…
Անի Գորյան
Դիտումների քանակը` 3888