Բայա Պատարիա. «Կնոջ ակտիվությունը հաճախ սվիններով է ընդունվում»
ԹիֆլիսիՄարդու իրավունքների տան ներկայացուցիչ ԲայաՊատարիայի հետ մենք ծանոթացանք այս տարվա մարտին Երեւանում կայացած «Կին իրավապաշտպանների պաշտպանությունն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում» թեմայով կլոր սեղանին: Քննարկումը կազմկերպվել էր Կանանց Ռեսուրսային Կենտրոնի , «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի եւ ցանցի / Human Rights House / միասնական ջանքերով՝ Ռուսաստանի, Վրաստանի, Խորվաթիայի և Չեչնիայի իրավապաշտպանների մասնակցությամբ: Դա այն աուդիտորիան էր, որ չէր վախենում իրերն իրենց անունով կոչել ՝ կանանց իրավունքների պաշտպանություն ասելով ֆեմինիզմ բառից չէին խուսափում: Մեր զրույցը բայա Պատանիայի հետ սկսվեց Վրաստանում ֆեմինիզմի ակունքներից:
– 2000 թվականի սկզբին, երբ իմ նախաձեռնությամբ ձևավորվեց կանանց մարդու իրավունքների պաշտպանության շարժումը, ֆեմինիզմի էությանը կանանց ծանոթացնելու նպատակով հարկ եղավ ուսումնասիրել պատմական արխիվները: Եվ պարզվեց, որ Վրաստանում կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարը ձևավորվել է դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Շարժման ակտիվիստները անգամ թերթ էին հրատարակում ՝«Վրացի կնոջ ձայնը», որը թեև ունեցել է կարճատև կյանք, սակայն կարևոր դեր է խաղացել կանանց շարժման սկզբնավորման հարցում: Դեռ այն տարիներին ֆեմինիստուհիները բարձրաձայնել են կանանց իրավունքների պաշտպանության , ընտանեկան բռնություններին, սոցիալական վիճակին առնչվող հարցեր: Սակայն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ֆեմինիստական շարժումը թուլացավ, իսկ 1937 թվականին և դրանից հետո ֆեմինիստ ակտիվիստներից շատերն իրենց կյանքն ավարտեցին աքսորավայրերում: Վերջերս մեր կազմակերպության ջանքերով արխիվային փաստաթողթերի հիման վրա երեք կին ֆեմինիստուհիների կյանքի և գործունեության վերաբերյալ ֆիլմ նկարահանվեց: Ի դեպ, նրանց գործունեությունը հիանալի օրինակ է մեզ համար:
– Իսկ այսօր որո±նք են վրացի կանանց մտահոգող խնդիրները:
-Ինչպես ամենուր, մեզ մոտ նույնպես կանայք ենթարկվում են խտրականության, հարգանքի, կարծիքի արտահայտման պարբերաբար ոտնահարումների, գենդերային հիմքով բռնության, այդ թվում սեռական բռնության … Մեր գործունեությյան հիմնական նպատակը՝ ցանկացած բնագավառում կանանց խախտված իրավունքների վերականգնումն է:
– Շատե՞րն են կիսում ձեր գաղափարները…
– Ասեմ, որ մեր շարքերում երիտասարդ ֆեմինիստուհիների թիվն աստիճանաբար ավելանում է: Սակայն առավել ակտիվ աղջիկներն իրենց ծնողների կողմից ենթարկվում են ճնշման: Դա էլ եմ հասկանում, ծնողներն անհանգստանում են իրենց զավակների անվտանգության առումով:Սակայն մենք պետք է ավելացնենք մեր շարքերը, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք գտնել մեր խնդիրների լուծման ուղիները: Ի դեպ, մամուլը մեզ այնքան էլ չի պաշտպանում, պետք է անպայման ինչ-որ «շոու» -ի նման ակցիա լինի, որ նոր գան ու նկարահանեն:
– Իսկ հասարակության վերաբերմունքն ինչպիսի՞ն է …
-Իհարկե, չէի ասի, թե մեզ գրկաբաց են ընդունում, դա այդպես չէ: Կան մարդիկ, ովքեր հասկանում ու գնահատում են մեր գործունեության դերն ու արժեքը: Ոչ բոլորն են ընդունում գենդերային հավասարության գաղափարը, նրանց կարծիքով կինը պետք է մնա տանը, պետք է լինի միայն մայր, զբաղվի երեխաների դաստիարակությամբ ու տնտեսությամբ, այլ ոչ թե դրսևորի հասարակական ակտիվություն: Կնոջ ակտիվությունը հաճախ սվիններով է ընդունվում: Շատերին դուր չի գալիս ուժեղ կնոջ կերպարը, ով կարողանում է պաշտպանել ոչ միայն իր, այլև բոլոր կանանց իրավունքները: Սակայն, հուրախություն մեզ, կան երիտասարդ շատ կանայք, ովքեր իրենց կյանքի նպատակը դարձնում են կանանց իրավունքների պաշտպանությունը:
– Ձեր գործունեության ընթացքում խոչընդոտների շա՞տ եք հանդիպում:
-Բացահայտ մեզ ոչ ոք չի խոչընդոտում, սակայն մեզ խանգարում է մեր մենթալիտետը, ավանդույթները, դարերի ընթացքում կնոջ մասին ձևավորված ու պահպանված կարծրատիպերը … Այսօր Վրաստանի խորհրդարանում կին պատգամավորները կազմում են 12 տոկոս, իհարկե, ամենուրեք այդպես է, սակայն մենք կտրականապես դեմ ենք նման խտրականությանը , ուստի ընդլայնելու ենք մեր գործունեության շրջանակները:
– Ի՞սկ ձեր ընտանիքը ինչպե±ս է արձագանքում Ձեր գործունեությանը:
-Անկեղծ ասած, ընտանիքում այդ հարցի շուրջ խնդիրներ չկան, իսկ եթե լիներ, ես պետք է ընտրություն կատարեի: Ցավոք, հաճախ կինը հարկադրված է ընտրություն կատարել ընտանքի և աշխատանքի միջև, կամ փնտրի ու գտնի այնպիսի ամուսին, ով կհանդուրժի կնոջ հասարակական գործունեությունը :Այդ հարցում իմ բախտը բերել է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր ակտիվիստներից շատերի ամուսինները կիսում են մեր կարծիքներն ու խնդիրները:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի պաշտպանություն կին իրավապաշտպանների
«Մարդկանց իրավունքները պաշտպանելու համար՝ մեզ նրանց հավատն ու վստահությունն է հարկավոր»
«Օրենքը պետք է կիրառել, այլապես այն սիրում է թաքնվել դարակում»
«Որքան շատ են քեզ ճնշում, այնքան ավելի վճռական ես դառնում»
Դիտումների քանակը` 3615