Բախշյան. 5-6 տարեկանների նախակրթարանները երբեք չեն փոխարինի մանկապարտեզին, ուշքի եկեք

Հայտնի է, որ Հայաստանում լուրջ հիմնախնդիրներ կան նախադպրոցական կրթության հասանելիության հարցում: Պաշտոնական տվյալներով հանրապետությունում մինչև 6 տարեկան  յուրաքանչյուր 10 երեխայից միայն  երկուսն են հաճախում մանկապարտեզ :  Հանրապետության գյուղական վայրերում նախադպրոցական կրթության  հիմնարկներում երեխաների ընդգրկվածությունը շատ ավելի  փոքր է ՝ ընդամենը 10,5 %-է: Գյուղական համայնքների մեծ մասում (մոտ 80%-ում) երեխաները զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Համայնքների գրեթե կեսում մանկապարտեզի շենք ուղղակի գոյություն չունի, ևս 190 համայնքում մանկապարտեզի շենք կա, բայց չի գործում:

 

Կառավարությունը նպատակ էր դրել  «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրով»    մինչև  2015 թվականը ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5-6 տարեկանների) ընդգրկվածությունը հասցնել մինչև 90%-ի: , սակայն այդ նպատակին հասնելու նախադրյալները 2014-ի դրությամբ դեռևս բացակայում էին:

 

Aysor.am –ը անդրադառնում է  «Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի»  կողմից իրականացվող ծրագրին, որի նպատակն է համայնքներում ապահովել անհրաժեշտ և բավարար պայմաններ` նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության տոկոսը բարձրացնելու և դաստիարակությունը որակյալ մակարդակով կազմակերպելու համար:

 

Անցած շաբաթ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ու ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը քննարկել  են մարզի դպրոցական և նախադպրոցական հաստատություններում «Կրթական որակ և բարելավում» ծրագրի շրջանակներում 2015թ-ին իրականացվող ծրագրի մեկնարկին վերաբերող հարցեր: «Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի»  կողմից իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության 75% ներդրմամբ և համայնքների 25% համաֆինանսավորմամբ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվել առաջիկայում հայտարարել մրցույթ և ըստ ծրագիր պահանջների՝ մրցույթում նախապատվությունը տալ այն համայնքներին, որտեղ ավելի շատ է նախադպրոցական տարիքի երեխաների թիվը և համաֆինանսավորման` համայնքի պատրաստակամությունը: Գեղարքունիքի մարզում նախատեսվում է ծրագիրն իրականացնել մեկ տասնյակից ավելի համայնքներում:

 

 

 

Aysor.am-ի հետ զրույցում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, սակայն, նշեց, որ ծրագիրն  իրականում  խնդիրներ է իր մեջ պարունակում.

«Սա ամենևին  էլ ուրախացնող լուր չէ, քանի որ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող այս գործողության տակ գյուղական համայնքներում կրթության տեսակետից  շատ վտանգավոր գործընթացներ են սկսվել: Մասնավորապես՝ լուծարում են 2.5-6 տարեկանների համար գործող մանկապարտեզները՝ ֆինանսավորում չհատկացնելու պատճառով և այդտեղ գործող դպրոցներում բացում են 5-6 տարեկանների համար նախակրթարաններ, որոնք երբեք ու երբեք չեն փոխարինի մանկապարտեզներին»,- նշեց տիկին Բախշյանը: Նրա խոսքով՝ արդեն իսկ ունենք վատ նախադեպեր, օրինակ՝  Տավուշի մարզի Դեբետավան համայնքի բոլորվին թարմ դեպքը, երբ համայնքի ավագանին ընդամենը 2 հոգով որոշում կայացրեց լուծարել մանկապարտեզը, որին տարեկան ընդամենը 3.5 մլն դրամ էր հատկացվում և 30 երեխա էր հաճախում, իսկ հիմա նախակրթարան են ուզում հիմնել, որտեղ 5-6 երեխա է հաճախելու.

«Ոչ մի լավ բան չկա այս ծրագրում բացի նրանից, որ կառավարությունն ընդամենը կհայտարարվի, թե մեր 5 տարեկանների մոտ 90%-ը ստանում է նախադպրոցական կրթություն, որը օրենքի պահանջ է: Բայց այդ կրթությունը որտե՞ղ կստանա երեխան՝ դառնում է երկրորդական: Գյուղապետերը սկսել են իրենց եկամուտներն ավելացնել մանկապարտեզները փակելու հաշվին, որովհետև երեխաների կրթության ֆինանսավորումն իրենց համար ավելորդ բեռ է»,- ասաց տիկին Բախշյանը՝ շեշտելով, որ սա խայտառակություն է մեր երկրի համար, որտեղ մանկապարտեզից, այսինք՝  2.5-3 տարեկանից սկսած կրթության ֆինանսավորման վրա դրված գումարներն ավելիով են վերադարձվելու ու դա է մեր երկրի զորացման երաշխիքը.

 

«Ստացվում է, որ անգրագետ գյուղապետերը քանդում են մեր երկրի զորացման հիմքերը:  Տեսնես ի՞նչ է մտածում ՀՀ վարչապետն ու Տարածքային կառավարման նախարարը, ովքեր այս քաղաքականության անմիջական պատասխանատուներն են»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց՝  5-6 տարեկանների համար նախատեսված նախակրթարանները երբեք չեն փոխարինի մանկապարտեզին, ուշքի եկեք:

 

Աղբյուրը՝   Aysor.am

 

 

 

 

Դիտումների քանակը` 3528

Գլխավոր էջ