Բաժանվել թե՞ սպանել…
«Տղաս չպետք է ձեռքերը կեղտոտեր»,- արցունքներն աչքերին ասում է Նադեժդա Սկիդանը։ Նրա որդին 2013թ.-ի հուլիսի 19-ի գիշերը շենքի մուտքի մոտ խոհանոցի դանակով մոտ 18 հարված է հասցրել իր կնոջը։ Վերջինս տեղում մահացել է… Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խումբը լուսաբանում է այդ կնոջ սպանության վերաբերյալ դատական նիստի մանրամասները…
Ի՞նչն էր պատճառը այս դաժան սպանության ու ի՞նչը կարող էր տղամարդուն այսչափ հունից հանել։ Ամբաստանյալ Միխայիլ Վարդանյանը քննության ընթացքում պատասխանել է. «Կինս թեթևաբարո էր, աշխատանքից ուշ էր վերադառնում ու 4 անչափահաս երեխաներիս չէր հետևում»։ Ի պատասխան դատավորի հարցի, թե՝ չե՞ք մտածել իրավական ձևով բաժանվելու մասին, վերջինս լռեց։
«16 տարեկան էր Նելլին, որ մեր տուն եկավ։ Այն ժամանակ ապրում էինք Թխկուտ գյուղում։ Առաջին 2 տարին համեմատաբար համերաշխ էինք ապրում, վիճաբանությունները սկսվեցին, երբ Նելլի մայրը առաջարկեց գալ ու ապրել իր քրոջ տանը։ Ի դեպ հարսիս և´ մայրը, և´ մորաքույրը անբարո կանայք են եղել։ Մորաքույը հենց այդ պատճառով էր հեռացել քաղաքից»,- ասում է տիկին Նադեժդան։
«Մի խոսքով Գնեցինք էդ տունը, բայց ոչ փաստաթղթերով։ Այդ օրվանից էլ սկսեցին տղայիս մեջ ատելություն սերմանել իր մոր դեմ։ Նրանք առանձին էին ապրում, բայց ես տեսնում էի, որ անհաշտ են։ Անընդհատ վեճեր տարբեր հարցերի շուրջ, փոխզիջման չէին գնում։ Տղաս աշխատում էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ու ստացած գումարով էլ տունը պահում։ Նույնիսկ բարեկարգեց բնակարանը։ 5 տարի ապրեցին այդ տանը, սակայն 4 անչափահաս երեխաները գրեթե միշտ փողոցում էին լինում՝ բարձիթողի։ Երեխաները խանութներից գողություն էին անում, որ գոյատևեն։ Նելլին մատուցողուհի էր աշխատում, ուշ վերադառնում էր, իսկ երեխաներին հետևող չկար։ Տղայիս անհարգալից էին վերաբերվում, իսկ վերջին ժամանակները նրանք անընդհատ բաժանվում ու միանում էին»,- ասում է ամբաստանյալի մայրը։
«Որդուս աշխատանքի վայրում, դրսում անընդհատ ասում էին՝ կինդ քեզ դավաճանում է, բայց նա չէր հավատում: Մի օր էլ փաստերով նրան ապացուցեցին, որից հետո տղայիս տնից դուրս հանեցին։ Ապրում էինք վարձով։ Սպանության օրը տղաս եկավ տուն, ճաշեցինք, քրոջն ասաց սուրճ տուր ու մեկել տեսնենք՝ չկա, հետո դեպքը կատարվեց»։
Նելլի Աղայանի մայրը՝ Եփինար Մկրտչյանը, դատական նիստի ընթացքում ցուցմունք տալիս հատկապես շեշտում էր, որ փեսան միշտ խմիչքի նկատմամբ հակում է ունեցել։ «Աղջիկս վախով էր ապրում հետը, ինչ-որ բան դուրը չէր գալիս, հարվածում էր։ Խմած մարդու հետ ի՞նչ գլուխ դներ։ Մի օր էլ բազկաթոռին Նելլին նստած էր, չեմ հիշում ինչ ասեց, Միխայիլը մոտեցավ ու հարվածեց։ Մի քանի անգամ էլ ինձ է հրել, գցել»,- ասում է Եփինար Մկրտչայնը։ Աղջիկս մի օր հյուր էր գնացել, եկավ ամուսնուն ասեց, որ շատ համերաշխ ընտանիքներ են լինում, որտեղ զգացվում է, որ ամուսինները իրար սիրում են, այ էդպիսի ընտանիք պետք է լինենք, Միշան ասեց՝ աչքիս վզիդ շղթան երկարելա, շատ բան չես ուզում։ Միխայիլը երբեք էլ կայուն աշխատանք չի ունեցել, ընդամենը մի քանի օր է աշխատել Ագարակի կոմբինատում։ Աղջիկս միշտ խանութներից պարտք էր անում, երեխեքին էլ կոկիկ ու մաքուր էր պահում։ Իսկ ամուսինը սրան-նրան պարտքով փող էր տալիս։ Ու միշտ Միխայիլը աղջկաս էր ստիպում, որ իր համար գործ գտնի, մարդկանց զանգի, բարեխոսի, որ գործի ընդունեն։ Նելլիս հոգնել էր։
Այդ օրը՝ հուլիսի 19-ի գիշերը լուսամուտից տեսա, որ աղջիկս աշխատանքից վերադառնում է։ Սպասեցի, տեսա ուշանում է, մեկել բարձր բղավոց լսեցի, իջա շենքի մուտքի մոտ, արյունը, որ չտեսա, բղավեցի՝ Նելլի, բայց նա արդեն մահացած էր: Հարևանների օգնությամբ տեղափոխեցինք հիվանդանոց։
Աղջիկս վախով էր ապրում, մի քանի անգամ դիմել է ոստիկանությանը, ամուսնուն կանչում էին, զգուշացնում, բայց…..»։
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնից տեղեկացանք, որ փաստացի ոչ մի դիմում չկա Նելլի Աղայանի կողմից, սակայն մի քանի անգամ բանավոր նա դիմել է ոստիկանությանն՝ ասելով, որ չի ցանկանում ամուսնու հետ ապրել, չի ուզում, որ նա իր հետևից գա։ Ոստիկանությունում պատասխանել են՝ դիմեք դատարան։
34-ամյա Միխայիլ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ՝ Նելլի Աղայանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ Քրեական գործ է հարուցվել 104 հադվածի 1-ին մասով. սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։ Այս հոդվածով 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ պատիժ է նախատեսվում։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 1-ին։
Ամբաստանյալ Միխայիլ Վարդանյանը քննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ ինքը գիտակցաբար ու կանխամտածված չի արել և չի հիշում դեպքի մանրամասները։ Հետո է տեղեկացել, որ 18 հարված է հասցրել կնոջը ու անգամ փորձել է կտրել պարանոցը։ Ձեռքի տակ եղել է խոհանոցի դանակ։ «Հուլիսի 19-ի գիշերը շենքի մուտքի մոտ հարցրի՝ ինչի՞ է այս ժամին տուն վերադառնում, պատասխանեց՝ լավ եմ անում այ, խիար,- ասում է ամբաստանյալը։ Այդ պահից այլևս չեմ հիշում, միայն ականջներիս մեջ խշշոցն է տպավորվել, վազեցի ոստիկանություն՝ պատմելու, թե ինչ եմ արել»,- ասում է Միխայիլ Վարդանյանը։
Ընդհանուր առմամբ Ագարակաում այս ընտանիքի անհամերաշխության մասին բոլորն էին տեղյակ և, որ նրանք միշտ բաժանվում ու միանում էին։ Ի դեպ, Ագարակում մատների վրա հաշված բազմազավակ ընտանիքներ կան և այս մեկը թվով 4-ն էր ու քաղաքապետարանը տարբեր հարցերով մշտապես աջակցում է ընտանիքին։ 4 անչափահաս երեխաները այժմ ապրում են հորական տատի հետ։ Վերջինս հաշմանդամ է ու ապրում է թոշակով։ Ամուսինն էլ մահացել է։
Հերմինե Միքայելյան
Արագ Արձագանքման Խումբ
Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին` http://rru.swv.am/:
Դիտումների քանակը` 3375