Բազմաչարչար օրինագիծը` կրկին կառավարությունում
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման համար կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը: Վերջիններս առաջարկում են նշված օրենքի «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով: Կառավարությունը մինչ այդ արդեն ԱԺ էր ներկայացրել օրենքը փոփոխելու օրինագիծ, որի քննարկման ժամանակ էլ հնարավոր կլինի անդրադառնալ պատգամավորների առաջարկին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին տեղեկացրել է, որ կառավարության կողմից ներկայացրած նախաձեռնությունն ուրբաթ օրը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում է, որին մասնակցել են շահագրգիռ բոլոր կողմերը, այդ թվում առարկություններ և հակափաստարկներ ներկայացնող:
«Մենք որոշեցինք, որ կստեղծենք համատեղ աշխատանքային խումբ և կշարունակենք այդ աշխատանքները, որպեսզի առարկայական լուծումներ առաջադրենք այս խնդիրներին, որը կբավարարի խնդրով մտահոգ բոլոր կողմերին: Կարծում եմ, որ այդ լուծումները կարելի է գտնել»,-նշել է նախարարը: Նա հիշեցրել է, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության կողմից դեռևս 1993-ին վավերացրած «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան և օրենքը կապված է այս փաստաթղթի գործնական կիրառության հետ: Նախարարը հույս է հայտնել, որ բոլոր մտահոգությունները իրենց լուծումները կգտնեն:
Ա.Հակոբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Գենդեր» եզրույթի հետ կապված փոփոխությունները հետաձգվեցին. մանրամասներ քննարկումից
Հին մանգաղը նոր «ժողովրդի հայրերի» ձեռքում
Դիտումների քանակը` 3751