Աֆղանուհու դաժան մահապատիժը ցնցեց աշխարհը/ վիդեո
Վերջերս համաշխարհային ԶԼՄ-ներում հայտնվել է 22-ամյա կնոջ հրապարակային մահապատժի տեսագրությունը, ով մեղադրվում է ամուսնական դավաճանության մեջ Աֆղանստանում, հաղորդում է SBS News-ը:
Տեսագրության մեջ երևում է, որ Նաջիբա անունով կնոջ մեջքին մի քանի անգամ կրակում են ամբողջ գյուղի բնակիչների աչքի առջև Պարվան երկրամասում, որը գտնվում է Քաբուլից հյուսիս: Ըստ տեղեկությունների՝ կինը ամուսնացած է եղել ՛՛Թալիբանի՛՛ անդամներից մեկի հետ, և մեղադրվում էր հրամանատարի հետ սիրավեպի մեջ: ՛՛Ընդամենը մեկ ժամում նրանք որոշեցին, որ նա մեղավոր է և դատապարտեցին մահվան: Նրանք գնդակահարեցին նրան անցյալ ամիս համագյուղացիների աչքի առջև:
Այն բանից հետո, երբ տեսագրությունը հայտնվեց Աֆղանստանի իշխանությունների ձեռքերում, հայտարարվեց, որ անպայման հետաքննություն կլինի և մեղավորներին կգտնեն:
Սրա հետ կապված ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարման մասին և կոչ արեց երկրի իշխանություններին անել ամեն հնարավոր բան կանանց պաշտպանությունն ապահովելու համար: Ինչպես նշեց պետքարտուղարը, “ոչ մի երկիր չի կարող ունենալ խաղաղություն, կայունություն և տնտեսական աճ, եթե իր երկրի բնակչության կեսը իրավունքներից զուրկ է՛՛:
Առաջընթացի ճանապարհը, նրա խոսքերով, ՛՛պետք է ներառի նաև կաշառակերության դեմ պայքարը, գերագույն օրենքի ամրապնդումը և բոլոր աֆղանացիների, հատկապես կանանց համար տնտեսական հնարավորությունների ապահովումը՛՛:
Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարար Վիլյամ Հեյգը հայտարարեց, որ պարզապես ցնցված է այս ամենից: ՛՛Նման ողբերգական իրադարձությունը ընդգծում է Աֆղանստանում կանանց և աղջիկների առավել արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը՛՛, -հայտարարեց նա:
Չնայած 2001 -ին թալիբների ռեժիմի կործանումից հետո կանանց պաշտպանության որոշակի առաջընթաց տեղի ունեցավ եւ դպրոց հաճախող աղջիկների, ինչպես նաև աշխատող կանանց թիվը աճում է, այսպես կոչված ՛՛հանուն պատվի՛՛ կատարվող սպանությունները շարունակվում են:
Աֆղանստանի կանայք արդարություն են պահանջում
Ինչպես հաղորդում է Euronews-ը, հարյուրավոր աֆղանցիներ, հիմնականում կանայք, դուրս էին եկել Քաբուլի փողոցներ՝ բողոքելով ամուսնական դավաճանության մեջ մեղադրվող 22-ամյա կնոջ՝ վերջերս իրականացված հրապարակային սպանության դեմ։
«Մենք պահանջում ենք արդարություն»,- վանկարկել են կանայք՝ շարժվելով դեպի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի նստավայր։
«Մենք ցանկանում ենք, որ կառավարությունը լրջությամբ զբաղվի կանանց սպանությունների դեպքերին և անի ամեն բան՝ մեղավորներին պատժելու համար,- ասում է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը։ – Ամեն օր մենք լսում ենք բռնության ու սպանությունների նորանոր դեպքերի մասին, ու մենք ցանկանում ենք, որ կառավարությունը լուրջ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ»։
22-ամյա կնոջ սպանությունն իրականացվել էր ամբոխի աչքի առաջ, որը խրախուսական գոչյուններով ողջունում էր կնոջ մահը։
Դիտումների քանակը` 6862