«Արևաթել»-ը կանանց ձեռքերի ջերմությունն է փոխանցում
Նաիրա Կարապետյանը Ստեփանավանի տարածաշրջանի Կուրթան գյուղից է: 42-ամյա կինը մինչև վերջերս չէր աշխատում, տնային տնտեսուհի էր. զբաղվում էր տնային գործերով, խնամում 5 զավակներին:
Ասում է՝ չնայած նրան, որ գյուղում կնոջ չարչարանքը շատ է, միշտ ցանկացել է որևէ տեղ աշխատանքի անցնել:Կայուն աշխատանք գտնել, սակայն, այդպես էլ չի հաջողվել: Երբեմն մոտակայքում գործող մակարոնողենի արտադրամաս են կանչել՝ ինչպես ինքն է ասում օրավարձով մակարոն կտրտելու: Մակարոնի մեկ կգ-ը կտրտելու համար կնոջը վճարել են 10 դրամ: Հարցին՝ որքա՞ն է վաստակել մեկ օրվա ընթացքում, Նաիրան պատասխանում է՝ էնքան, որ մի երկու կգ ճաշացու տուն բերեմ: Ժամանակ առ ժամանակ էլ գյուղի շատ կանանց նման սեզոնային աշխատանքի է անցել մեծ հողատարածքներ ունեցողների մոտ: «Գյուղերում հիմնականում հիմնարկ-ձեռնարկություններ չկան, կարելի է ասել եղած միակ գործը սեզոնային աշխատանքն է. ոչ պետական աշխատողներ ենք եղել»,- պատմում է Նաիրան: Ասում է՝ որպես սեզոնային աշխատող գրանցվելու համար երբևէ ոչ ինքն է դիմել, ոչ գործատուն է հանդես եկել նման առաջարկով:Մտածել է, որ այդ հարցով գործատուին դիմելն անիմաստ է: Արդյունքում տարիներ շարունակ սեզոնային աշխատանք կատարող կինը տեղեկատվության պակասի պատճառով զրկված է եղել ՀՀ Զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից առաջարկվող «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» ծրագրին մասնակցելու հնարավորությունից, որը կարող է փոխշահավետ լինել թե՛ հողօգտագործողի, թե՛ աշխատողի համար:
Տարիներով աշխատանք փնտրող Նաիրայի ու Ստեփանավանի տարածաշրջանի ևս 8 կանանց աշխատանք ունենալու երազանքն իրականություն է դարձել միայն վերջերս՝ Արևաթել” ձեռագործ աշխատանքների խմբի շնորհիվ: Այն ստեղծվել է Վորլդ Վիժն» միջազգային ընկերության կողմից իրականացվող տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում՝ կանանց ստեղծագործ ներուժն ու տնտեսական անկախությունը խթանելու նպատակով:
Ստեփանավանցի կանայք մտածել ու որոշել են աշխարհին ներկայանալ սեփական բրենդով՝ հայկական զարդանախշերով ու ձեռագործով: Խումբն անվանել են «Արևաթել» ու փորձել իրենց ձեռքերի ջերմությունը փոխանցել ոչ միայն կարգախոսի, այլև արդեն պատրաստի արտադրանքի միջոցով:
«Վորլդ Վիժնի» կողմից կազմակերպված դասընթացների արդյունքում կանայք ոչ միայն մասնագիտական, այլև մարքեթինգի, խմբի կառավարման հմտություններ են ձեռք բերել ու անցել գործի: Ասեղնագործած բարձեր, հայկական զարդանախշերով թևնոցներ, ճակատակալներ, էջանիշեր, Վանա կատուներ, խոտաբույսերի համար նախատեսված պարկիկներ, որոնք վաճառքի են հանվում արդեն իսկ խոտաբույսերով լցված ու իրենց բույրով գրավում հեռվից:
«Այսօր աշխատանք գտնելը շատ դժվար է: Բոլորս էլ սոցիալապես անապահով ընտանիքներից ենք: Այս ծրագիրը մեր ընտանիքներին ֆինանսապես օգնելու հնարավորություն է տալիս»,- նշում են խմբի անդամները: «Արևաթելի» կանայք իրենց հերթին գումար վաստակելու հնարավորություն են տալիս շրջապատում գտնվողներին : Նրանք գյուղերում ապրող կանանցից գնում են հավաքած խոտաբույսերը՝ նանա, դաղձ, ուրց, բերում ապրանքային տեսքի ու պարկիկներում ամփոփելով, ներկայացնում գնորդին:
Ասում են՝ վաճառքի ծավալների մեծանալուն զուգընթաց կավելանա նաև թիմի հետ համագործակցող կանանց թիվը: Գործարարության ոլորտում առաջին փորձերն անող կանայք մտադիր են առաջիկայում կոոպերատիվ ստեղծել, ինչն առավել արդյունավետ ու համակարգված գործելու հնարավորություն կտա:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 2716