Արփինե Մկրտչյան. «Կանանց նկատմամբ թերահավատությունը պետք է կոտրել»
Սյունիքի մարզի թիվ 12 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով Աժ պատգամավորության թեկնածու առաջադրված Արփինե Մկրտչյանն` ունենալով երկարամյա աշխատանքային փորձ կրթության ոլորտում որոշել է իր կարողություններն օգտագործել նաև քաղաքական դաշտում:
Ասում է, կանանց քաղաքական մասնակցությունը չափազանց կարևոր է երկրի զարգացման գործում և պետք է սատարել այն կանանց, ովքեր առանց ընկրկելու մասնակցություն ունեն երկրի կառավարման գործընթացին, ազատ են իրենց դիրքորոշումներում:
– Մեր պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի. երբ մեր երկրին սպառնացող վտանգներ են եղել, հայ կանայք մշտապես առաջամարտիկ են եղել, սատարել են իրենց ամուսիններին և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, և՛ ռազմի դաշտում: Մենք ունենք, խելացի, կրթված կանայք, ովքեր պետք է իրենց ներդրումն ունենան ի շահ երկրի բարօրության,- ասում է Արփինե Մկրտչյանը:
Երիտասարդ թեկնածուն երկրի առջև ծառացած խնդիրների շարքում կարևորում է կրթության ոլորտում առկա խնդիրների հաղթահարումը, սոցիալական հարցերի կարգավորումը : Ասում է՝ աշխատելով կրթության ոլորտում հրաշալի տիրապետում է այն բացերին, որոնց լուծման պարագայում հնարավոր է հասնել հաջողության:
– Լոկալ մակարդակում մենք բազում խնդիրներ ունենք, որոնք տարիներր շարունակ մնում են չլուծված, խնդիրը միայն այն չէ, որ միջոցներն են բացակայում, քաղաքական գործիչների անտարբերության և պասիվության գործոնն է նաև այստեղ առկա: Այն իրավիճակը, որին հասցրել են մեր երկիր, պահանջում է, որպեսզի ի հայտ գան մարդիկ, ովքեր իրապես իրենց երկրում կյանքի որակը փոխելու համար կամք և նպատակասլացություն ունեն, ունեն իրատեսական ծրագրեր և հետևողական աշխատանքի կողմնակից են:
Արփինե Մկրտչյանի խոսքով, քաղաքական գործիչները և որոշումներ կայացնողները պետք է արտացոլեն այն հասարակության շահերն, որը իրենք ներկայացնում են: Այս առումով, կանայք լավագույնս են արտացոլում կանանց շահերը:
– Ինչ խոսք, կանայք տարբերվում են իրենց զգայականությամբ, ու ինձ թվում է՝ դա համատեղելի է քաղաքականությունում տղամարդու իրատեսականությանը: Սակայն քաղաքական դաշտ մտնելը կանանց համար առավել բարդ է . կրկնակի աշխատանք է պետք տանել. քանի որ դեռևս հասարակությունը պատրաստ չէ կնոջը տեսնել ընտանիքից դուրս:
Հասարակության մեջ հաղթահարելի կլինի այդ խտրականությունը,երբ կինն ինքը ընդունի իր տեսակի կարևորությունը ցանկացած բնագավառում:Կինն ամեն ինչ կարող է,անգամ պատերազմ վարել, ուղղակիորեն հասարակության մեջ առկա կարծրատիպերն եւ կանանց նկատմամբ թերահավատությունը պետք է կոտրել, որոնք խանգարում են կանանց առաջ գնալ: Դրա պատճաով է , որ շատ կանայք ներքուստ պատրաստ չեն հանդես գալ որոշում կայացնողի դերում,-նշում է Արփինե Մկրտչյանը:
Խոսելով իր քարոզարշավի մասին՝ թեկնածուն ընդգծում է, որ փորձել է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի ոչ միայն իր նախընտրական ծրագիրն ու խնդիրների լուծման մեխանիզմներն առաջարկի, նաև հանրային կարծիքը լսի, կարիքները բացահայտի՝ հետագայում դրանց լուծում տալու համար:
Իրինա Յոլյան
Դիտումների քանակը` 2935