Արցախցի ամեն մի կին էլ հերոս է…
Արցախում ակտիվիստ կանայք այնքան էլ շատ չեն: Թեեւ պատերազմից հետո տղամարդկանց թիվը կտրուկ նվազել է, եւ կանայք մնալով մեկակ` հիմնականում իրենք են ընտանիքի հոգսը կրել, մեծացրել երեխաներին, այդուհանդերձ, հայրիշխանությունն այստեղ շատ ամուր դիրքերի վրա է:Այդպիսին էր համենայն դեպս առաջին տպավորությունը: Սակայն ինչպես ամեն տեղ, այստեղ եւս բացառություններ կան: Կանայք կան, որ կարողացել են պատերազմի դժվարությունները հաղթահարել, ինքնադրսեւորվել, թեեւ պատերազմն անդառնալլի հետք է թողել նրանց վրա:
Հաճախ արցունքոտվող աչքերով, չափազանց համեստ, համարյա շշուկով խոսող կինն ՝ Արցախի հերոս Աշոտ Բեկորի այրին է` Նելլի Ղուլյանը: Ամուսնու մահից հետո նա միայնակ դաստիարակել է երեք որդիներին, այսօր նա Ստեփանակերտի «Սոսե մայրիկ» մանկապարտեզի տնօրենն է: ժամանակի ընթացքում հարմարվել ստեղծված պայմաններին: Առաջին հայացքից նույնիսկ պասիվ թվացող այս կինն իրականում բավականին ուժեղ է, ակտիվ, թեեւ ինքը հրաժարվում է դա ընդունել:
Մեր զրույցը կայացավ Շուշիի ազատագրման 20-ամյակի նախօրերին: Տիկին Նելլիի համար այդ օրն առանձնահատուկ է. Աշոտ Բեկորն է առաջինն է ոտք դրել ազատագրված քաղաք: «Շուշիի ազատագրումը հատուկ նշանակություն ունի ինձ համար: Այդ օրն ազատագրվեց ողջ Արցախը»,-ասում է նա: Հուզվում է, սակայն գիտի` Էլ ինչ էլ լինի, Շուշին ազատ է:
… Մանկապարտեզում, որի շենքը գործում է60-ականներից, պատերազմից հետո փախստականներ են ապրել, հետագայում այն ՀՕՄ-ի օգնությամբ վերանորոգվել է, դարձյալ սկսել է ծառայել իբրեւ մանկապարտեզ: Այժմ այն տնօրինում է Ն. Ղուլյանը:
Հաճույքով է հաճախում աշխատանքի. ՀՕՄ-ի եւ սփյուռքի օգնությամբ վերանորոգված մանկապարտեզն այն վայրն է, ուր անցնում է Ն. Ղուլյանի օրվա հիմնական մասը: Տիկին Նելլին նախկինում ավագանու անդամ է եղել, իր իսկ խոսքերով համենայն դեպս փորձել է հանօգուտ գործունեություն իրականցնել, այժմ, սակայն, քաղաքական ոլորտում այնքան էլ ակտիվ չէ:
Քաղաքականապես անկախ է իրեն համարում, թեեւ համակրում է Դաշնակցություն կուսակցությունը:«Ես կուսակցական չեմ, համակիր եմ, այդ անում եմ այն տղաների հիշատակի համար, ովքեր զոհեցին իրենց կյանքը: Այն տարիներին տղաների մեծ մասը դաշնակցականներ էին»,-բացատրում է նա: Նելլի Ղուլյանի խոսքերով ամուսինը` Աշոտ Բեկորը, դեմ էր, որ կանայք մասնակցություն ունենան քաղաքական հարցերում, սակայն կյանքը նաեւ իր շրջադարձերն ունի:
«Ես ռազմի դաշտ չեմ գնացել, բայց ես էլ պատերազմի մասնակիցն եմ եղել: Չկա ընտանիք, կին,որ պատերազմին մասնակցած չլինի… Սպասումները, վախերը, անվերջանալի ձգվող ժամերը, հույսը, հիասթափությունը, մահը, կյանքը… Պատերազմ էր… Շուշիի ազատագրումը վերջապես»:
… Տիկին Նելլին մանկապարտեզի առաօրյայով չի սահմանափակում իր գործունեությունը: «Ուզում եմ բացել թանգարան: Օրեր կան, որ Աշոտի ընկերների հետ հանդիպում եմ, զրուցում նրանց հետ: Մի երկու տարի առաջ զգացի, որ տղաները հուսահատված էին, իրենց գնահատված չէին զգում: Ճիշտ է, նաեւ գնահատվածները կան, բայց մեծ մասն իրենց գնահատված չեն զգում: Միտք առաջացավ մի մնայուն բան ստեղծել, եւ որոշեցի բացել թանգարան»,-պատմում է Ն. Ղուլյանը:
Նա աշխատանքներ է տանում Շուշիում Բեկորի անվան փողոցում թանգարան բացելու ուղղությամբ, որը կկոչվի «Աշոտ Բեկորի եւ Առաջին վաշտի թանգարան»: Սա իրականություն դարձնելու համար անցյալ տարի տիկին Նելլիի ջանքերով բացվել է հիմնադրամ: «Կամաց-կամաց հավաքում եմ թանգարանային նյութերը: Տարիներ առաջ եղա Դուշման Վարդանենց տունը: Ես տեսա` ինչպես է նրա մայրն ամեն մի մասունքն ինչ սիրով է պահում, ինչ զգուշորեն: Սակայն արդեն նոր եկող սերունդները այլեւս նույն վերաբերմունքը չունեն նրանից մնացած իրերի հանդեպ: Այդպես է, բնական է»:
Տիկին Նելլին բացատրում է ինչու է դա բնական համարում. չէ որ իրենք էլ ժամանակին նույնքան սրտացավությամբ չեն մոտեցել Հայրենական մեծ պատերազմից մնացած հուշերի նկատմամբ. «Հետո, որ արդեն կաշվիս վրա զգացի կորստի ցավն ու պատմությունը փոխանցելու խնդիրը, ինքս որոշեցի ապրեցնել հիշողությունը: Այո, քանի կան տվյալ մարդու, զոհվածի հարազատները, այդ իրերը սրբությամբ պահպանվում են, սակայն երբ մենք էլ չենք լինի, նրանց ով պետք է հիշի, մինչդեռ նրանք այն մարդիկ են, ովքեր փրկել են Արցախը, եւ ում պետք է գնահատել, ում մասին պետք է հիշել: Սա պատմություն է: Թանգարանը կօգնի այն պահպանել սերունդների համար »,-ասում է նա:
Նրա աչքերում նորից փայլատակեցին արցունքները, բայց դրանք վշտի ու տխրության չեն, դրանցում նկատելի են հույսը, հպարտությունը եւ արցախցի կնոջ զարմանալի տոկունությունը…
Մարիամ Մուղդուսյան
Ստեփանակերտ-Երեւան
Դիտումների քանակը` 6897