Արցախի խաղաղ բնակչության դեմ հանցավոր գործողությունների հետևանքները

Ադրբեջանի գործողությունները միտված են խորացնելու մարդասիրական աղետը Արցախում՝ հանգեցնելով 20 մահվան, 93 վիրավորման և 5800 նյութական վնասի դեպքերի, փաստում է  Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը:

 

 

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 27.09.2020թ.-ից առ 07.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որի արդյունքները ներկայացված են ստորև:

 

Մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնք (1 անձ):

 

 

Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 93 մարդ, որից 73 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 60-ը արական, իսկ 13-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

 

 

Հիշյալ անձանցից 37-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում՝ արկի պայթյունի հետևանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 7-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 23-ը` հասարակական այլ վայրերում:

 

 

Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով:

 

 

Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 36 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 3 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 13 անձ, Սպիտակ շեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ:

 

 

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 100 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 4600 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 430 մեքենա, շուրջ 750 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

 

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ:

 

 

Պաշտպանը շեշտադրում է նաև, որ նշված զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով: Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Ավելին, վերջին վեց օրվա ընթացքում Ադրբեջանը միտումնավոր ու թիրախային կերպով հարվածում է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքներին, որը լրջագույն պատերազմական հանցագործություն է և խորացնում է մարդասիրական աղետն Արցախում:

 

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հստակ քայլեր ձեռնարկել Արցախում մարդասիրական աղետի խորացումը կանխելու և Արցախի բնակչությանը հումանիտար օժանդակություն տրամադրելու ուղղությամբ:

 

 

Արցախի Հանրապետության դատախազությունը զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների փաստերով հարուցել է քրեական գործ։ 

 

 

Ինչպես հայտնում  են  Արցախի դատապազությունից ,  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2020թ. հոկտեմբերի 08-ին, ժամը 13-ի և 16-ի սահմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես, «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 1993թ. դեկտեմբերի 07-ի լրացուցիչ արձանագրության (հոդված 53. Մշակութային արժեքների և պաշտամունքի վայրերի պաշտպանությունը) պահանջների լուրջ խախտումներով, ուղղակի նշանառությամբ հրթիռակոծել են Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող, ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ չտեղակայված և ռազմական գործողություններին նպաստելու համար չօգտագործվող, հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգություն համարվող, պատմական հուշարձան հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին և պատճառել մեծ վնաս:

 

Քաղաքացիական բնակչության դեմ հանցագործություններևը շարունակվել են նույնիսկ  Մոսկվայում  հոկտեմբերի  10-ին ձեռք բերված  հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունից հետո: 

 

Դատախազության կայքում նաև մեկ այլ տեղեկատվություն է հրապարակված. «Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները 2020թ. հոկտեմբերի 10-ին, օրվա առաջին կեսին, խախտելով 09.10.2020թ. ՌԴ Մոսկվա քաղաքում ձեռք բերված 10.10.2020թ.  ժամը 12:00-ից հումանիտար զինադադարի վերաբերյալ պայմանները և 1949թ. օգոստոսի 12-ի  «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևյան կոնվենցիայի պահանջներն ու միջազգային մարդասիրական իրավունքի մյուս նորմերը, ներխուժելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք,  ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ, հրազենի գործադրմամբ կյանքից զրկել են ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիներ Նվեր Վազգենի Գրիգորյանին, Արտյոմ Վարդանի Միրզոյանին, Անահիտ Միշայի Մովսիսյանին, Միշա Վալերիկի Մովսիսյանին, Վարուժան Բալաբեկի Պողոսյանին, ինչպես նաև ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված՝  հրկիզել են քաղաքացիական անձանց տներ և այլ շինություններ, այդ եղանակով անօրինական, կամայական ոչնչացնելով մեծ չափերով գույք:

 

Դիտումների քանակը` 993

Գլխավոր էջ