Արտեմ Ասատրյան. « Պետությունն ամբողջությամբ կարգավորում է ապագա մայրերի հարցը»

2016 թվականից մայրության նպաստ կտրամադրվի նաև չաշխատող մայրերին: Շահառուների թիվը կանխատեսվել է 30.000, բյուջետային ծախսը՝  շուրջ 3,9 միլիարդ դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ընթացող 2016թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ դրանով իսկ պետությունն  ամբողջությամբ կարգավորում է ապագա մայրերի հարցը…

 

«Փաստորեն, լուծում ենք տալիս այն խնդրին, որը բավականին երկար ժամանակ քննարկվում էր: Մինչ այժմ  մենք ունեինք նախածննդյան, հետծննդյան արձակուրդ աշխատող մայրերի համար, և դրա շրջանակներում վճարվում է հղիության և ծննդաբերության նպաստ: Ներմուծելով  նաև նպաստ չաշխատող մայրերի համար,  նախատեսում ենք, որ  նույն ժամանակահատվածի համար չաշխատող մայրերը, ունենալով ծննդօգնության հավաստագիրը, նույնպես  կունենան որոշակի  գումարի ստացման իրավունքը, որը 2016 թվականի հունվարից կկազմի շուրջ 126.600 դրամ»,- նշեց Արտեմ Ասատրյանը՝ շեշտելով, որ դրանով  իսկ ամբողջությամբ կարգավորում են ապագա մայրերի հարցը, որպեսզի նրանք պետության կողմից ունենան հստակ աջակցություն:

 

Տեղեկացնենք, որ ներկայումս երեխայի ծննդի առնչությամբ պետության կողմից տրվող նպաստները երեքն են:

 

Առաջինը հղիության և ծննդաբերության դեպքում տրվող մայրության նպաստն է, որը մինչև 2015թ-ի դեկտեմբերի 31-ը հատկացվելու է միայն աշխատող մայրերին, իսկ 2016 թվականի հունվարի 1-ից նաև`չաշխատող մայրերին: Այս նպաստը աշխատող կանանց տրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի բոլոր օրացույցային օրերի համար: Հղիության և ծննդաբերության արձակուրդի տևողությունն է.

 

-140 օր (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերության համար):

-155 օր (70 օրացուցային օր հղիության և 85 օրացուցային օր ծննդաբերության համար)` բարդ ծննդաբերության դեպքում:

-180 օր (70 օրացուցային օր հղիության և 110 օրացուցային օր ծննդաբերության համար)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:

Չաշխատող մայրերին մայրության նպաստը կտրվի աշխատող մայրերի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրվա համար:

Մայրության նպաստը տրամադրվում է միանվագ:

 

Երկրորդը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստն է, որը տրվում է բոլոր ընտանիքներին` անկախ մոր աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից: Այս նպաստի չափը մնում է անփոփոխ` 50 հազար դրամ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում, 1 մլն դրամ՝ երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում, 1.5 մլն դրամ` 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում:

 

Երրորդը երեխայի խնամքի համար տրվող նպաստն է, որը նշանակվում և վճարվում է միմիայն վարձու աշխատող հանդիսացող մայրերին, որոնք գտնվում են մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում` մինչև երեխայի երկու տարին լրանալը՝ ամսական 18 հազար դրամի չափով:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կրկին մայրական նպաստների մասին. պարզաբանում

 

Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված

 

 Մայրության նպաստների մասին օրենքն ընդունվեց վերջնական ընթերցմամբ

 

Մայրության նպաստների մասին աղմկահարույց նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Դիտումների քանակը` 4259

Գլխավոր էջ