Արտահերթ կարգով վեց գյուղում համայնքապետ ու ավագանի կընտրեն
Սեպտեմբերի 29-ին, բացի ՏԻՄ հերթական ընտրություններից, նշանակված են նաև արտահերթ ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ արտահերթ կարգով համայնքի ղեկավար կընտրեն երեք գյուղում։ Այդ երեք համայնքներից որևէ մեկը նախկինում կին չի ղեկավարել։ Համայնքներից ևս երեքում միայն ավագանու անդամի ընտրություններ են նշանակված։
Վանևանի ՀՀԿ-ական գյուղապետ Արամ Հարությունյանը հրաժարական տվեց բնակիչների բողոքներից հետո։ Նրանք պնդում էին՝ գյուղապետը խլել է իրենց հողերը։ Ա. Հարությունյանը գյուղապետ ընտրվել էր 2018 թվականի հունիսի 10-ին: Այս տարվա ապրիլի 13-ին Վանևան համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում:
Գետափ համայնքի ղեկավար Գոռ Ստեփանյանը այդ պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն այս տարվա ապրիլի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Զարթոնք գյուղն էլ ղեկավարել է Էմիլ Եղիազարյանը։ Նա էլ հեռացել է պաշտոնից՝ մինչ կլրանար պաշտոնավարման ժամկետը։
Արտաշատի ավագանու անդամների արտահերթ ընտրելու վերաբերյալ գործադիրը որոշում կայացրեց հունիսի 20-ի նիստում։ Համայնքի ավագանու թվով 15 անդամները ընտրվել էին 2016 թվականի սեպտեմբերի 18-ին։ Այս տարվա մայիսին համայնքի ավագանու 15 անդամներից 8-ը հրաժարականի դիմում էին ներկայացրել: Այդ հանգամանքով պայմանավորված, անհնարին է դարձել Արտաշատ համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 15 անդամից մնացել են 7-ը։
Նկատենք, որ նախկին ավագանու անդամներից 2-ը կանայք էին՝ Նազարյան Հերիքնազը և Հայրապետյան Ռուզանը։
Արևաբույր համայնքում էլ խնդիրը նույնն էր, արտահերթ ընտրություն անցկացնելու որոշումն էլ կայացվեց նույն նիստում։ Ավագանու հինգ անդամներից Ջիվան Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են․ վերջինս 2018 թվականի սեպտեմբերի 10-ին նշանակվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Իսկ ավագանու երկու անդամները ներկայացրել են հրաժարականի դիմումներ։ Արդյունքում ավագանու 5 անդամից մնացել են երկուսը։ Ավագանու կազմում կանայք չեն եղել։
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում էլ վեց ամսից ավել ավագանու նիստ նիստ չէին գումարել։ Արդյունքում նոր կազմ կընտրեն։ Նախկին ավագանու յոթ անդամներից մեկը կինն է եղել՝ Աբրահամյան Էմմա։
Ըստ ԿԸՀ էջում հրապարակված ժամանակցույցի, թեկնածուներին այս համայնքներում ընտրություններին մասնակցելու համար պետք է գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն սեպտեմբերի 4-8-ը՝ ներառյալ ժամը 18։00-ն։
Առաջադրված թեկնածուների գրանցումը կատարվում է սեպտեմբերի 8-10-ը՝ ներառյալ ժամը 18։00-ն։
Թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերն ու խոստումները, առկա խնդիրների լուծման վերաբերյալ իրենց տեսլականը ներկայացնելու համար ունեն տասը օր՝ սեպտեմբերի 17-27-ը՝ ներառյալ ժամը 24։00-ն։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1776