Արտահերթ ընտրություններ են նշանակվել չորս համայնքներում
Դեկտեմբերի 8-ին բացի ՏԻՄ հերթական ընտրություններից, նաև արտահերթ ընտրություններ են նշանակված։ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, այդ օրը արտահերթ կերպով գյուղապետ ու ավագանու անդամներ կընտրեն չորս համայնքներում։
Համայնքապետ կընտրեն Արարատի մարզի Տափերական ու Արագածոտնի մարզի Ավան գյուղերում, ավագանու անդամ կընտրեն Արարատի մարզի Նորաշեն ու Արմավիրի մարզի Ծիածան համայնքներում։
Ավան ու Տափերական համայնքների նախկին ղեկավարներ Սաշա Թորոսյանն ու Միհրան Մանասերյանը չպաշտոնավարեցին մինչև իրենց ժամկետի ավարտը։
Սաշա Թորոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից ս.թ. օգոստոսի 3-ին հրաժարականի դիմում ներկայացնելու, օգոստոսի 7-ին Ավան համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն:
Միհրան Մանասերյանը, որ Տափերականը ղեկավարում էր 2002 թվականից, այս տարվա սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Համայնքի ավագանին կազմել է համայնքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և այն ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Միհրան Մանասերյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությամբ:
Ծիածան համայնքի ավագանին 5 անդամ ունի, նրանցից միայն մեկն է կին՝ 1992 թ. ծնված Անի Մելիքյանը։
Նորաշենի ավագանին կազմված է 9 անդամից, նախորդ կազմում բոլոր անդամները տղամարդիկ են եղել։ 2019 թվականի մարտի 6-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 6-ը արձանագրվել է 3 նիստեր չկայանալու հիմքով ավագանու լիազորությունները դադարեցվեցին։ Նիստերն էլ չեն հրավիրվել ավագանու անդամների մեծամասնության բացակայության պատճառով։
Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանին ձևավորվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքում:
Արտահերթ ընտրություններին մասնակցել ցանկացող թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն նոյեմբերի 13-17-ը, գրանցումը կատարվում է նոյեմբերի 17-19-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի նոյեմբերի 26-ին ու կավարտվի դեկտեմբերի 6-ին։ Թեկնածուներն ինքնաբացարկ կարող են հայտնել մինչև նոյեմբերի 28-ը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ևս 12 համայնքում նշանակված են հերթական ընտրություններ։ Դրանցից 10-ում համայնքապետ են ընտրելու, երկուսում՝ ավագանի։ Այս պահին միայն երեք կին է առաջադրվել ավագանու ընտրություններին` երկուսը Շիրակի մարզի Անուշավան համայնքում, և մեկը՝ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքնում: Համայնքապետի թեկնածուների մեջ կանայք չկան: Պաշտոնական գրանցումն ավարտվում է նոյեմբերի 13-ին:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1694