Արմինե Հովհաննիսյան. «Բարեգործությամբ զբաղվելու համար պարտադիր չէ առաջին տիկին դառնալ»
Հանրապետության առաջին տիկին լինելը դժվար է ու պատասխանատու: Խոստովանենք, որ ոչ բոլոր կանայք են պատրաստ անընդհատ լինել հանրության ուշադրության կենտրոնում, ձեռնարկել միայն կշռադատված քայլեր, զբաղվել հասարակական գործունեությամբ, բարեգործությամբ և իրականացնել տարբեր այլ գործառույթներ: Ի՞նչ են մտածում այս հարցերի շուրջ այն կանայք, որոնց ամուսինները հավակնում են զբաղեցնել հանրապետության “թիվ1” պաշտոնը: «WomenNet»-ը կփորձի զրուցել նախագահի թեկնածուների կանանց հետ:
Եվ այսպես, մեր առաջին զրուցակիցն է ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը՝ Արմինե Հովհաննիսյանը: Նշենք, որ Արմինեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է հասարակական, բարեգործական ակտիվ գործունեությամբ: Նա դեռևս 2000 թվականին հիմնադրել է «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, որն այսօր իր տանիքի տակ է առել 150 երեխաների և 60 տարեցների: Նախագահի թեկնածուի տիկինը գտնում է, որ բարեգործությամբ զբաղվելու համար պարտադիր չէ առաջին տիկին դառնալ:
-Ինչպե՞ս ծանոթացաք Րաֆֆի հետ:
-1983-ին մեկնել էի Վաշինգտոն` ուսանողական պրակտիկայի: Ընկերներիցս մեկը տվեց Րաֆֆի հեռախոսահամարը և ասաց, որ նա նոր է վերադարձել Արևմտյան Հայաստանից: Ես զանգեցի նրան, մենք հանդիպեցինք: Հետո մենք ընկերներով գնացինք Վիրջինիա նահանգ, որտեղ Րաֆֆին պետք է Արևմտյան Հայաստանի մասին դասախոսություն կարդար: Այդ օրն էլ եղավ ճակատագրական:
-Տիկին Արմինե, դուք երկար տարիներ ապրել եք արտասահմանում, հետաքրքիր է լսել ձեր գնահատականը այլազգի և հայ կնոջ մասին, որտե՞ղ է կնոջ ներուժն ավելի գնահատվում և արդյունավետ օգտագործվում:
-Աշխարհի կանայք ունեն և ընդհանրություններ և, իհարկե, տարբերություններ: Թերևս հայ կինն ավելի է կառչած իր ընտանիքից, մտահոգված է ընտանիքի անդամների խնդիրներով: Հայ կնոջ համար առաջնային է ընտանիքը: Իմ կարծիքով` Հայաստանի հասարակական կյանքում կանայք առավել են ընդգրկված և ակտիվ գործունեություն ծավալում, քան քաղաքական: Հայ կանայք սովորոբար առաջին հերթին իրենց տեսնում են որպես մայր, կին, հետո նոր հասարակական կամ քաղաքական գործիչ: Սակայն ես գտնում եմ, որ այն կանայք, ովքեր իրենց մեջ ուժ, ցանկություն են գտել ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու, հասել են իրենց նպատակներին: Բացի այդ, ժամանակները փոխվել են, մենք ունենք շատ երիտասարդ ակտիվիստ կանայք, ովքեր կարողանում են համատեղել ընտանիքն ու գործունեությունը, կարողանում են լինել և ընտանիքի լավ մայր, և ակտիվ քաղաքական գործիչ: Կարծում եմ, որ մոտ ապագայում նրանց թիվն էլ ավելի կշատանա:
-Իսկ դուք Ձեր կյանքում երբևիցե խտրականություն զգացե՞լ եք:
-Անկեղծ ասած, իմ առջև դռները միշտ բաց են եղել: Ընդհակառակը, որոշ հարցերում ինձ օգնել է իմ կին լինելու հանգամանքը: Մարդիկ գնահատել են իմ արած աշխատանքը: Ուժեղ և նպատակասլաց լինելով հանդերձ ես փորձել եմ միշտ լինել կանացի: Չեմ ընդունում «տղամարդ-կին» հասկացողությունը: Ճիշտ է, ես իմ գորշունեության ճանապարհին արգելքներ, պատնեշներ չեմ հաղթահարել, բայց չեմ կարող նաև նման դեպքերը բացառել և ասել, որ նման դեպքեր չեն լինում: Նման կարծրատիպեր, որ կանայք չեն կարող լավ քաղաքական գործիչներ լինել, գրեթե բոլոր երկրներում էլ առկա են: Սակայն իսկապես աշխարհն անընդհատ փոփոխվում է և այդ կարծրատիպերն էլ քայքայվում:
-Քաղաքական գործչի կինը չի կարող անտարբեր լինի քաղաքականության հանդեպ, Ձեր պարագայում այդպե՞ս է: Ցանկություն չեք ունեցե՞լ անձամբ քաղաքականությամբ զբաղվել:
-Բացի քաղաքական գործչի կին լինելուց ես նաև անտարբեր մարդ չեմ, ուստի հետաքրքվում եմ քաղաքականությամբ: Իմ կարծիքով` միայն անտարբեր մարդկանց չի կարող հետաքրքել երկրում և առհասարակ աշխարհում կատարվող իրադարձությունները: Իսկ ինձ դա մտահոգում է նաև այն պատճառով, որ ես էությամբ պասիվ չեմ և աշխատում եմ անպայման իմ լուման ունենալ երկրի հասարաքաղաքական ոլորտներում : Անձամբ քաղաքականությամբ ակտիվ զբաղվելու մասին չեմ մտածել: Լինելով ակտիվ քաղաքական գործչի կին` ես նախընտրել եմ հասարակակն աշխատանքը և ես ինձ այդտեղ առավել հանգիստ եմ զգում: Խնդիրն նաև այն է, որ երբ քաղաքական գործչի կինը ինչ-որ հարցերի շուրջ լուրջ տեսակետ է հայտնում, մարդիկ դա անմիջապես ամուսնուն են վերագրում: Դա ճիշտ չէ, քանի որ չնայած այն փաստին որ մենք ունենք նույն արժանիքները, մենք տարբեր անհատներ ենք, տարբեր մտածելակերպ ունենք:
-Իսկ ինչ կասեք այն մասին, որ մեզանում այդպես էլ չհաջողվեց նախագահական ընտրություններում կին թեկնածու ունենալ:
-Մեր մշակույթը, կարծում եմ, դեռ պատրաստ չէ կին թեկնածու ընդունելուն, ընկալելուն: Ես կողմանկից չեմ նրան, որ մենք անպայման կին թեկնածու ունենանք, պարզապես այն ունենալու համար: Իմ կարծիքով` դա էլ կհաղթահարվի և կգա մի ժամանակ, գուցե հենց հաջորդ ընտրություններին, երբ մենք կունենանք կին թեկնածու, և ոչ այն պարզ պատճառով, որ նա կին է, այլ որ արժանի է, խելացի, կարող:
-Կա տեսակետ, որ կանանց շահերը ներկայացված չեն նախագահական ընտրություններին և նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում չունեն դրույթներ, որոնք պետք է բարելավեն կանանց վիճակը Հայաստանում: Ձեր ամուսինը նախագահի թեկնածու է, տեղյա՞կ եք ինչ է առաջարկում կամ խոստանում այդ առումով պարոն Հովհաննիսյանը:
-Րաֆֆին իր գործով է ապացուցել, որ տեղ է տալիս խելացի մարդկանց, ինչպես նաև կանանց: Եթե հիշում եք «Ժառանգությունն» առաջին անգամ խորհրդարան մտավ 3 կին պատագավորներով. 7 անդամից 3-ը կանայք էին: Րաֆֆին միայն կարող է խրախոսել, որ անհատը` լինի կին, թե տղամարդ, հասնի իր կարողության բարձրագույն շեմին: Ես միշտ ողջունել եմ Րաֆֆի այդ մոտեցումը: Ես կարծում եմ, որ ճիշտ էլ չէ, երբ կանանց հատուկ կարգավիճակ են տալիս, այլ պարզապես պետք է կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ տրվեն:
-Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը հետևո՞ւմ է ձեր խորհուրդներին:
– Հազվադեպ են դեպքերը, երբ Րաֆֆին քաղաքականության հարցերում հարցնում է իմ տեսակետը: Բայց դա ամենևին էլ ինձ չի խանգարում իմ կարծիքը, մտքերն արտահատել որոշ հարցերի շուրջ: Նա ինձ լսում է լուռ: Բայց պետք է խոստովանեմ, որ, ցավոք, իմ խորհուրդներին հետևելու առումով մեծ հաղթանակներ չեն գրանցվել: Իսկ ընտանեկան հարցերում պատկերն այլ է:
-Կարելի է ասել առաջին անգամ մեր պատմության մեջ նախագահի թեկնածուի քարոզարշավում ընտանիքն է ներրգրավված: Ինչո՞ւ այդպես որոշեցիք, ո՞րն է դրա հաջողության բանալին:
– Ընտանիքի անդամաների մասնակցությունը որոշել է ընտանիքի յուրաքնչյուր անդամ: Տեսանյութերում հանդես են գալիս հինգ զավակներիցս երկուսը՝ Կարինը և Շուշին: Մյուս երեք տղաները նախընտրում են իրենց զորակցությունը տալ հորը ոչ հանրային պայմաններում: Ես կարծում եմ՝ ընտանիքը շատ խոսուն փաստարկ է մարդու իրական, ամբողջական կերպարը ներկայացնելու համար: Այդ առումով մեր ընտանիքի անցած ճանապարհը և ապրելակերպը միշտ բաց է եղել հանրության առջև: Կարծում եմ` դա ճիշտ է և ժողովուրդը պետք է տեղեկացված լինի յուրաքանչյուր քաղաքական գործչի ապրելակերպի մասին: Ընտանիքը լավագույն միջոցն է, հայելին մարդու դաստիարակությունն ու արժանիքները տեսնելու: Ես հպարտ եմ իմ ընտանիքով:
Ա.Հակոբյան
Լուսանկարները` անձնական արխիվից
Կարդացեք նաեւ մեր կայքում.
Ռիտա Սարգսյան. Հայաստանի առաջին տիկնոջ ոչ պաշտոնական դիմանկարը
Անահիտ Թարխանյան. «Դրսում ես մասնագետ եմ, ղեկավար, իսկ տանը՝ պարզապես սիրող մայր եմ, սիրող կին»:
Նանա Բագրատյան. « Եթե ֆինանսների նախարարը կին լինի` բյուջեն ամեն ինչի համար էլ կհերիքի»
Դիտումների քանակը` 7075