Արմենուհի Կյուրեղյան.« Մենք թիմ ենք»
WomenNet.am-ի զրուցակիցն է Վանաձորի ավագանու ՀՅԴ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականում ներկայացված ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը: Նա ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, ՎՊՄՀ ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ, նաեւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճ յուղի ղեկավարը: Արմենուհին ՏԻՄ եւ խորհրդարանական ընտրությունների մասնակցության փորձ ունի: 2007-ին ինքնաառաջադրվել է Վանաձորի ավագանու ընտրություններին, սակայն բավարար ձայներ չի հավաքել: 2012-ին առաջադրվել էր խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով: Այս անգամ եւս առաջադրվել է Վանաձորի ավագաոնու ընտրություններում կուսակցության որոշմամբ:
– Տիկին Կյուրեղյան, ՏԻՄ ընտրությւններում առաջադրվելու Ձեր երկրորդ փորձը ինչով է պայմանավորված:
– Այս անգամ, Վանաձորում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ինձ կուսակցությունն է առաջադրել , ես ինքնս էլ դեմ չեմ եղել այդ գաղափարին: Բացի այդ Համալասրանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ակտիվիստներից եմ եւ մեր ծրագրերի մեծ մասն ուղղված է ՏԻՄ-երում կանանց ներգրավվածության բարձրացմանը: Բնականաբար, խոսել դրա անհրաժեշտության մասին եւ հրաժարվել, երբ ինքդ ստանում ես այդ առաջարկն ու առաջադրանքը , ճիշտ չէր լինի:
-Ի՞նչ կարող եք փոխել համայնքի կյանքում ավագանի ընտրվելուց հետո, ինչպե՞ս եք տեսնում Ձեր ներուժի իրացումը:
– Ես չէի առանձնացնի ինձ թիմից: Համամասնական ընտրակարգը եթնթադրում է թիմային մասնակցություն եւ թիմային աշխատանք: Մեր թիմը հզոր, ինտելեկտուալ թիմ է, որտեղ իրենց ոլորտներում կայացած ու փորձառու մարդիկ են ներգրավված: Բոլորս Վանաձորից ենք , բոլորս շատ լավ գիտենք մեր քաղաքի հիմնախնդիրները: Թիմից յուրաքանչյուրն իր տեղում ինչ-որ հաջողությունների է հասել եւ ընդհանուր առմամբ, թիմը կարող ուժ է: Խոստումներ չենք շռայլում, լուծումներ ենք առաջարկում : Մի խոսքով, ունենք թիմ, անհրաժեշտ մտավոր ռեսուրսներ, քաղաքական հենարան` ի դեմս մեր կուսակցության, ունենք կամք` անելու ավելին ու ավելի լավ, քան արվում է։
-Իսկ թիմում հե՞շտ է լինել կին գործիչ:
– Գիտեք, սկիզբն էր դժվար, բայց հիմա ես որեւէ դժվարություն չեմ տեսնում, ես թիմում ունեմ իմ տեղը, իմ դերը եւ թիմն ինձ նայում է որպես թիմի անդամ` մենք չենք զգում տարբերությունը, կին, թե տղամարդ, արդեն հասել ենք դրան, մենք մեկ թիմ ենք:
-Ի՞նչ խնդիրներ է առաջնահերթ համարում ձեր թիմը, հատկապես որ ոլորտներում եք փոփոխության անհրաժեշտություն տեսնում:
– Բնականաբար, մեր գործունեությունն ուղղված է լինելու Վանաձոր քաղաքը ապրելու, աշխատելու, գործարար կապերը զարգացնելու համար գրավիչ քաղաք դարձնելուն: Այստեղից էլ մեր կարգախոսն է` «Վանաձորը կիրթ, բարեկեցիկ, գրավիչ»: Մենք հնարավոր ամեն ինչ անելու ենք, Վանաձորում ձեռնարկատիրությանն աջակցելու, աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու համար: Աջակցելու այն արդյունաբերական ձեռնարկություններին, որոնք կփորձեն զարկ տալ արտադրությանը երբեմնի արդյունաբերական քաղաք համարվող Վանաձորում: Մենք նպատակ ենք դնում դարձնել Վանաձորը զբոսաշրջային կենտրոն, ինչը շատ իրատեսական է, պարզապես ցանկություն եւ մտավոր ու կարող ներուժ է հարկավոր, իսկ մենք դա ունենք: Ձգտելու ենք բարելավել քաղաքի ֆինանսական կառավարումը` այն ավելի թափանցիկ դարձնելով: Սակայն առաջին հերթին, աշխատելու ենք մասնակից դարձնել քաղաքի բնակիչներին իրենց իսկ վերաբերող որոշումների կայացմանը: Այդ նպատակով կտեղծվի քաղաքապետին կից Հասարակական խորհուրդ , որում կընդգրկվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների առաջատար և ճանաչված փորձագետներ: Այն կդառնա բաց, անկաշկանդ ու շահագրգիռ քննարկումների հարթակ: Մասնակցային ժողովրդավարության զարգացման միջոցով փոխելու ենք կառավարման որակը, ինչը նախադրյալներ կստեղծի վանաձորցիների բարեկեցությունը բարձրացնելու համար:
– Իսկ որպես կին քաղաքական գործիչ ի՞նչ կասեք կանանց ակտիվությունը խոչընդոտող կարծրատիպերի մասին, դրանք հաղթահարվե՞լ են:
– Ես չէի ասի, որ կարծրատիպերն ամբողջությամբ կոտրված են, բայց , որ որոշակի փոփոխություն Վանաձորում կա, տեսնում եմ , որովհետեւ 20 տարի շարունակ մեր Ասոցիացիան աշխատել է այդ ուղղությամբ : Մենք ամեն օր մի փոքր քայլ ենք արել կարծրատիպերը հաղթահարելու համար եւ ամեն օր ինչ-որ բան փոխվել է: Այսօր ականատես ենք դառնում, որ այո, վանաձորցին պատրաստ է նաեւ առաջին հորիզոնականներում տեսնել կին գործիչներին: Խնդիրներն, իհարկե, ամբողջությամբ լուծված չեն, բայց անլուծելի էլ չեն, գոնե Վանաձորում մոտեցումները փոխվել են: Մեր կուսակցությունում կանանց մասնակցությունն խնդիր չէ, մեր ցուցակի առաջին հնգյակում 2 կին է ներկայացված՝ 3-րդ եւ 5-րդ տեղում, թեպետ կուսակցությունների մի մասը օրենքի մինիմալ պահանջով է առաջնորդվել՝ ներկայացնելով կանանց 4-րդ հորիզոնականից: Եթե անգամ օրենսդրական պահանջն էլ չլիներ, վստահ եմ, մեր կուսակցության ցուցակում կանայք կլինեին առաջին շարքերում:
– Ինչպե՞ս եք գնահատում կառավարման համակարգում , որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության մակարդակը: Արդյո՞ք կանանց ռեսուրսն այսօր մեր երկրում արժանիորեն օգտագործվում է:
– Բնականաբար, որոշումների կայացման բոլոր մակարդակներում` ՏԻՄ-երից սկսած մինչեւ Ազգային ժողով, կանանց ներկայացվածությունը շատ ցածր է: Եթե Ընտրական օրենսգրքով կուսակցությունների ցուցակներում առնվազն 25 տոկոս կանանց ներկայացվածության պահանջ է դրված , ապա պետք է ասենք, որ կանանց ռեսուրսը մեր երկրում շատ ավելին է: Բարձրագույն կրթություն ունեցող անձանց 6օ տոկոսից ավելին կաայք են: Այս փաստի հետ պետք է հաշվի նստել: Այդ ներուժի անտեսումը մեծ շռայլություն է մեր երկրի համար: Այնպես որ 25 տոկոսի պահանջը իհարկե բավարար չէ, բայց նաեւ քայլ է, որը հասարակության մեջ մոտեցումներ պետք է փոխի: Ի դեպ, կարեւորում եմ օրենսդրական այն փոփոխությունը, ըստ որի ինքնաբացարկի դեպքում սեռերի հարաբերակցության պահանջը պետք է պահպանվի: Սա կարծում եմ շատ բան է փոխելու, նաեւ կանանց քաղաքական մասնակցության առումով ;
-Եվ ինչ պետք է անել կանանց մուտքը քաղաքականություն ապահեվելու համար…
– Հարկավոր է կանանց առաջընթացը ապահովող աշխատանք կուսակցությունների ներսում: Ես դա իմ հասարակական գործունեության փորձից եմ ասում: Վանաձորի օրինակով զգացի, որ կուսակցությունները խնդիր ունեն իրենց ցուցակներում կանանց ներգրավվածությունն ապահովելու առումով: Իրականում նրանք պետք է ոչ միայն ընտրությունների նախաշեմին, այլ ավելի շուտ մտահոգվեն իրենց շարքերում կայացած, բանիմաց կանանց ներկայությունն ապահովելու հարցով: Այդպիսի կանանց պակաս Հայաստանում չկա, ու եթե նրանք կուսակցություններում չեն , ապա դա կուսակցությունների խնդիրն է:
Զրուցեց Մարիաննա Ղահրամանյանը
Դիտումների քանակը` 2975