Արմենուհի Ծատուրյան. «Արենիում ակտիվ կանայք շատ կան, նրանց խրախուսել է պետք»
Արմենուհի Ծատուրյանը Վայոց ձորի Արենի համայնքում առաջադրված 15 ավագանու թեկնածուների թվում միակ կին թեկնածուն է: Ծնվել է Արենի համայնքում, դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում, այնուհետև ուսումը շարունակել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տարրական կրթության և մոթոդիկայի բաժնում: Արենիի միջնակարգ դպրոցում 4 տարի աշխատել է որպես դասվար, որից հետո` 2004-ին նշանակվել է դաստիարակչական աշխատանքերի կազմակերպիչ: ՀՀԿ անդամ է: Ամուսնացած է, ունի երկու զավակ, ովքեր Երևանի պետական և տնտեսագիտական համալսարանների ուսանողներ են:
Արմենուհի Ծատուրյանի հասարակական գործունեության համար բեկումնային էր 2006 թվականն, երբ Արենի համայնքի ակտիվ կանանց համար մի շարք միջազգային կազմակերպություններ կազմակերպեցին ՏԻՄ ընտրություններին մասնակցությանը սեմինարներ եւ դասընթացներ:
– Արենիում ակտիվ կանայք շատ կան, նրանց խրախուսել է պետք: Համայնքը զերծ է կարծրատիպերից, մարդիկ շատ հանգիստ են նայում քաղաքականության մեջ կնոջ ակտիվ ներգրավվածությանը: 2006 –ին համայնքում արդեն կար ավագանու կին թեկնածու, ինչպես ասում են, հանրության աչքը սովորել էր դրան, իսկ 2012 թ-ին նաեւ ես առաջադրվեցի ավագանու թեկնածու,-ասում է Արմենուհին:
Նա երկար տարիներ Եղեգնաձորի Կանանց ռեսուրս կենտրոնի անդամ է, միաժամանակ համագործակցում է տարբեր ՀԿ-ների և ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հետ: Արմենուհու ջանքերով իրականացվել են բազմաթիվ ծրագրեր. Արենիի մարզադպրոցի համար ձեռք է բերվել մարզագույք, համայնքի համար` երաժշտական տեխնիկա, փոքր դրամաշնորհային ծրագրերով Արմենուհին աջակցել է համայնքի անապահով ընտանիքներին, կանանց:
Արմենուհու խոսքով կար ժամանակ, երբ համայնքի բնակիչները լիովին չպատկերացնելով ավագանու ինստիտուտի էությունը, մտածում էին, որ մեծ ազգ ու բարեկամություն ունենալը բավական է ավագանու անդամ ընտրվելու համար: Երբեմն լինում էր նաև այդպես, արդյունքում հատկապես կանայք դուրս էին մնում ավագանու կազմից: Այսօր պատկերն այլ է:
– Մենք հաճախակի դասընթացներ ենք կազմակերպում ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ, իմ փորձն ու գիտելիքները փոխանցում եմ նրանց: Օրինակ, բոլորովին վերջերս Վրաստանում մասնակցեցի աշխատաժողովի` «Ինչպես ներգրավել կանանց տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում» թեմայով: Դրա արդյունքում դրամաշնորհային ծրագիր հայտարարվեց, 8 շահողներից մեկն էլ ես էի: Բայց ցավում եմ, որ այս ընտրություններում առաջադրվել ցանկացող 3-4 կանայք վերջին պահին հրաժարվեցին մասնակցությունից,- պատմում է Արմենուհին:
Արմենուհու ներդրումը մեծ է նաև համայնքի փողոցների լուսավորության և ասֆալտապատման գործում: 2004 թվականից ամեն տարի Արենիում ավանդաբար նշվող Գինու փառատոնի հանձնաժողովի անդամ է: Միշտ ակտիվորեն մասնակցել և այսօր էլ ներգրավված է հոկտեմբերի 1-ին Արենիում անցկացվող հերթական փառատոնի աշխատանքներում: Նրա խոսքով Գինու փառատոնը համախմբում է ոչ միայն տարբեր վայրերից եկած մասնակիցներին ու զբոսաշրջիկներին, այլև օգնում գյուղացիներին վաճառելու սեփական բերքն ու բարիքը, նպաստում զբոսաշրջության զարգացմանը:
Արմենուհի Ծատուրյանի ծրագրերում առանձնահատուկ տեղ ունի զբաղվածության թեման: Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոնի աջակցությամբ Արմենուհին տնայնագործության զարգացման նպատակով ծրագրել է Արենիում ստեղծել կանանց ձեռքի աշխատանքի կենտրոն, որտեղ համայնքի կանայք կզբաղվեն ասեղնագործությամբ, կարպետագործությամբ, գոբելենով, միաժամանակ կունենան աշխատանք և գումար վաստակելու հնարավորություն:
– Կանանց մի փոքրիկ խումբ եմ ստեղծել, հարևան Խաչիկ համայնքից կարպետագործ վարպետ կնոջ եմ հրավիրել, ով իր արհեստը կսովորեցնի կանանց: Դասընթացներն անցկացվում են համայնքապետարանի նախկին շենքում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրով ձեռք բերեցինք տեխնիկա ու համակարգիչներ: Դասընթացներին հաճախում են երիտասարդ, միջին տարիքի, անգամ 60-ն անց կանայք: Հոկտեմբերի կեսերին «Մետաքսի ճանապարհ» միջազգային կազմակերպության և Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոնի աջակցությամբ կանանց այս խումբը կընդլայնվի, կներգրավվի 60 կին, ովքեր ուսուցողական դասընթացներից հետո կստանան անհրաժեշտ հումք` թելեր և սարքավորումներ իրենց տանն աշխատելու համար: Բացի դա, ցանկանում եմ մեր համայնքում ստեղծել իրավաբանական և հոգեբանական անվճար խորհրդատվական կենտրոն, -ասում է Արմենուհին:
Նրա հագեցած առօրյայում կարծես թե ընտանիքի համար ժամանակ չի մնում, տանը հանդուրժում են նրա զբաղվածությունը, հանրօգուտ աշխատանքի հանդեպ նրա նվիրվածությունը: Երբեմն ամուսինը կատակով ասում է, որ ընտրություններում իր ձայնը չի տա կնոջը, որպեսզի նա տանը նստի, բայց երբ Արմենուհին 2 օր տանն է մնում, տանեցիք զարմանում են, ասելով. «Այս ինչ է, դրսում գործ չունե ՞ ս»:
– Ես համաձայն եմ, տնային գործերս գիշերն էլ կանեմ, միայն թե հասարակական աշխատանքը չտուժի: Ոչ ոք չի իմանա, գիշերը երկու ժամ քնեցի, թե մեկ, ինձ համար կարևորն այն է, որ մարդկանց, համայնքի համար մի բարի գործ անեմ: Իսկ ընտանիքիս անչափ եմ սիրում, իմ հանրային գործունեությունից ընտանիքս երբևէ չի տուժել,- ասում է Արմենուհին:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 3190