Արման Մելիքյան. «Կանայք ցանկացած ոլորտում ունակ են կարևոր դրական նրբերանգներ ներմուծել»

 

Թերեւս այս նախագահական ընտրությունները միակն էին անկախ Հայաստանի պատմության մեջ, որոնց ընթացքում հնչեցվեց  « Քաղաքականությունը կնոջ տեղը չէ» կարծրատիպային դիրքորոշումը այն էլ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուի կողմից: Խոսքը էպոսագետ Վարդան Սեդրակյանի հրապարակային ելույթներում հնչած տեսակետների մասին է:  WomenNet.am-ը փորձեց պարզել այլ թեկնածուների դիրքորոշումը քաղաքականության մեջ  կանանց մասնակցության վերաբերյալ:  

 

Ի՞նչ կարծիք ունեք քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության, կառավարման համակարգում կանանց դերի մասին – այս հարցերի շուրջ WomenNet.am-ը զրուցել է Հ նախագահի թեկնածու, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:

-Կանանց քաղաքականության մեջ ներգրավված լինելուն դրական եմ վերաբերվում ու համարում եմ, որ նրանք ունակ են շատ կարևոր նոր նրբերանգներ հաղորդել քաղաքական գործընթացներին: Կարծում եմ, որ Հայաստանում կանայք բավարար չափով չեն ներկայացված իշխանական շրջանակներում և դա բացասաբար է անդրադառնում կառավարման համակարգի աշխատանքի ընդհանուր որակի վրա: Ես կարծում եմ, որ սա արհեստականորեն ձևավորված իրավիճակ է, որովհետև այսօր կանայք ավելի շատ են իրենց վրա աշխատում, ավելի հետևողական են ու պատասխանատու:

 

-Քաղաքականության մեջ ի՞նչ կարող են անել կանայք, որոնք երբեք չի հաջողվի կամ դժվարությամբ կհաջողվի անել տղամարդկանց:

_Գաղտնիք չէ, որ կանայք ավելի բարձր դիտողականություն ունեն` նկատում են նրբություններ, որոնք տղամարդու հայացքից հաստատ կվրիպեին, իսկ մասնագիտական աշխատանք կատարելիս ավելի բծախնդիր են ու խստապահանջ: Համենայնդեպս այդպիսին է իմ տպավորությունը:

 

Դուք ընտրվելու դեպքում ի՞նր կանեք մեծացնելու կանանց ներկայացվածությունը պետական մարմիններում: Ի՞նչ կանեք, որպեսզի կանայք էլ տղամարդկավ պես լինեն ինքնուրույն որոշումներ կայացնող գործիչներ:

-Որևէ մեկին հնարավոր չէ պարտադրել, որ ինքնուրույն որոշումներ կայացնի, սակայն յուրաքանչյուրը պետք է գործի օրենքով իրեն վերապահված լիազորությունների և պատասխանատվության շրջանակներում:Անկախ այն բանից մասնագետը կին է,թե տղամարդ, նախ պետք է ունենա անհրաժեշտ մասնագիտական և մարդկային որակները:Անհրաժեշտ որակներն ունեցող կին մասնագետը կունենա ցանկացած տղամարդ մասնագետին հավասար հնարավորություններ այս կամ այն պաշտոնը զբաղեցնելու համար: Քաղաքականությամբ զբաղվողը, սակայն, իր ճանապարհն ինքնուրույն պետք է հարթի և այս դեպքում խելացի, լավ պատրաստված կին քաղաքական գործիչը կարող է տղամարդկանց նկատմամբ լուրջ առավելություն ունենալ:

 

Պարոն Մելիքյան, կա՞ն ոլորտներ, որտեղ չէիք ցանկանա տեսնել կանանց: Ինչո՞ւ:

-Կարծում եմ, որ այդպիսի ոլորտներ չկան` կանայք ցանկացած ոլորտում ունակ են կարևոր դրական նրբերանգներ ներմուծել, բայց դա առավել նկատելի և ադյունավետ կլինի կառավարման համակարգի գործունեության համարժեք որակի ապահովման դեպքում, իսկ մեր թիմն այդ առումով լավ է պատրաստված և համալրված է նաև բարձրակարգ կին մասնագետներով:

 

 

Եվ ի՞նչ խորհուրդ ու գնահատական կտաք այն գործիչներին, ովքեր համոզված են, որ քաղաքականությունը կանանց հարիր բան չէ, ու դա կանանց խելքի բանը չէ:

_Այդ մարդկանց խորհուրդ տալն անիմաստ է քանի որ ակնհայտ է, որ նման հայացքների տեր գործիչն իր համար գործունեության սխալ ոլորտ է ընտրել:

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 5130

Գլխավոր էջ