Արժանապատիվ ծերության սպասելիս…
… Ծովում նախանձով նայում եմ ոչ թե պիրկ մարմնով աղջիկներին ու կանանց, այլ լողացող կամ ափին արևայրուք ընդունող լողազգեստով տատիկներին, նրանց ուղեկցող ու նրանց մասին հոգ տանող պապիկներին։ Մտքով հասնում եմ տատիս մոտ։ Թառամած ձեռքերով, կնճռոտած դեմքով 84-ամյա տատս երբեք ծովում չի եղել, իր համար ծովն իր գյուղի հարևանությամբ գտնվող Սևանն է, որի մեջ միայն ոտքերն է թրջել։
Տանջված, կյանքի դժվարություններից սմքած տատս հայաստանցի իր շատ հասակակիցների պես երիտասարդ տարիներին մոռացել է իր, իր հանգստի, խնամքի մասին։ Տատիս նաև հիշում եմ, երբ մեր գրասենյակի կողքի հյուրանոցից դուրս են գալիս եվրոպական այս կամ այլ երկրից Հայաստան եկած տարեց զբոսաշրջիկների խմբերը։ Մտովի նրանց վրայի ջինսե տաբատները, վառ գույներով բամբակե վերնաշապիկները, սպորտային կոշիկները հագցնում եմ տատիս, մի քիչ սանրվածքն եմ փոխում… հետո ինձ մի տեսակ մեղավոր եմ զգում, որ նրան ստիպելով ծով չեմ տանում…
… Մեր հարևան Աշխենը մե՜ծ տան մեջ մենակ է մնացել, երեխաներն ավելի լավ կյանք փնտրել-գտնելու համար հասել ու հաստատվել են օտար ափերում։ Այս ամռանը 80-ամյակը նշեց առանց երեխաների ու թոռների՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ ջահելության օրերին լավ կյանք է ունեցել, ամուսնու հետ կինոթատրոններում է եղել, ռեստորաններում, մի քանի անգամ էլ Հայաստանից դուրս են հանգստացել։ Հիմա լավ կյանք, պայծառ օրեր ունենալու սպասում կարծես էլ չունի…
… Գործընկերուհիս արձակուդից վերադառնալուն պես սկսեց պատմել տպավորությունները։ «Պատկերացնում ես, մեր խմբում հայաստանցի երկու տատիկներ կային՝ 84-86 տարեկան։ Առավոտյան մինչ մենք կարթնանայինք ու տուրին կպատրաստվեինք, իրենք արդեն յոգա ու աերոբիկա արած էին լինում։ Մեզանից արագ ու ակտիվ էին քայլում, լեռ բարձրանում»,-պատմում է Կարինեն, ու ես ժպտում եմ…
Ի դեպ, «Տարեցների միջազգային օրվա» այս տարվա ՝ « Դեպի տարիքային հավասարություն կարգախոսը» նպատակ ունի գրավել հանրության ուշադրությունը տարիքի հետ կապված անհավասարություններին, «մտածել լավագույն փորձի, դասերի և առաջընթացի մասին, փոխել «ծերության» հետ կապված բացասական պատմությունները և կարծրատիպերը»…
Միջին կենսաթոշակով կարելի է միայն գոյատևել…
Տարեց մարդկանց մասին խոսելիս առաջին հերթին կենսաթոշակների չափն ենք հիշում, ինչն անշուշտ տրամաբանական է, սակայն տարեցների խնդիրները միայն կենսաթոշակով չեն սահմանափակվում …
Հայաստանի Հանրապետության «Պետական կենսաթոշակների մասին» օրենքը կանանց և տղամարդկանց համար կենսաթոշակային միասնական տարիք է սահմանել 63 տարեկանը: 2017 թվականին կենսաթոշակի միջին չափը կանանց համար կազմել է 39 226 դրամ, տղամարդկանց համար՝ 42 822 դրամ: Շարունակական գնաճի պայմաններում այդ կենսաթոշակով կարելի է միայն գոյատևել։
Համեմատության համար նշենք, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2018 թվականի միջին ընթացիկ գներով կազմել է 61 հազար 113 դրամ՝ ամսական կտրվածքով: Իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34 հազար 527 դրամ՝ ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին՝ օրական 2412.1 կկալ, մինչդեռ 2018 թվականին Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 1 շնչի հաշվով կազմել է 2232 կկալ:
2019թ. հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը 497 394 էր: Նրանցից աշխատանքային կենսաթոշակառուներ են 463 069 անձ, իսկ 17 500-ը ստանում է պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ՝ 16 հազար դրամ։ Սրանք այն քաղաքացիներն են, ովքեր հիվանդության պատճառով չեն աշխատել կամ քիչ են աշխատել և ունեն 12 տարուց պակաս աշխատանքային ստաժ, նրանց մեծ մասը կանայք են…
Այս տարվա հունվարին կառավարության որոշմամբ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվեց 25.500 դրամ՝ 2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծի կանխատեսվող չափով: Կառավարության ընդունած որոշմամբ, 2020-ի հունվարի 1-ից մոտ 570 հազար թոշակառուի կենսաթոշակ 10 տոկոսով կբարձրանա։ Վերջին անգամ թոշակը բարձրացել էր հինգ տարի առաջ։
Հայաստանում էլ որդեգրել են «Առողջ և ակտիվ ծերացում» կարգախոսը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը WomenNet.am-ի հետ զրույցում պատմում է շրջանառության մեջ դրված բազմաթիվ նախագծերի մասին, որոնք վերաբերում նրանց տարրական պահանջների, նյութական վատ պայմանների բարելավմանը։
«Եթե տարեցներն ապրում են միայն նպաստով կամ թոշակով, նրանց վիճակը չի կարող բավարար համարվել։ Դա անհերքելի փաստ է»,-ասաց նախարարության պաշտոնյան։
Խնամքի կարիք ունեցող, բայց խնամող չունեցող տարեցների համար Հայաստանում գործում են երեք տիպի ծառայություններ՝ շուրջօրյա խնամքի ծառայություններ, դրանք տուն-ինտերնատներ են։ Հայաստանում կա 5 պետական ու 8 ոչ պետական տուն-ինտերնատներ, որտեղ 1340 մարդ է ապրում, որից 1210-ը պետականներում։ Այստեղ բնակվողների 70 տոկոսն ունեն զավակներ։
«Բացի տուն ինտերնատները մենք ունենք նաև տնային խնամքի՝ պետական ու ոչ պետական կենտրոններ։ Շուրջ 4 հազար մարդ օգտվում է տնային խնամքի ծառայություններից, 1350-ը՝ պետական ծառայություններից։ Ունենք նաև 20-200 ոչ պետական ցերեկային կենտրոններ, որտեղ այցելում է շուրջ 2000 միայնակ տարեց։ Այստեղ նրանք շփվում են միմյանց հետ, մասնակցում մշակութային միջոցառումների, էքսկուրսիաների են գնում, քննարկումներ անում, նաև մեկ անգամ սնունդ են ստանում՝ մասամբ թեթևացնելով նրան նյութական վիճակը։ Հանրապետության բոլոր մարզերում կան ցերեկային կենտրոններ, դրանցից վեցը Երևանում են։ Ավանի ցերակային կենտրոնն ունի պարի խումբ»,-ասում է նախարարության պաշտոնյան։
Ստացվում է, որ Հայաստանում մոտ 400 հազար տարեցներից նման ծառայություններ ստանում են մոտ 10 հազարը։
Ծառայությունների ծավալի մեծացման ու դրանցում ավելի շատ տարեցների ընդգրկելու համար նախարարությունում մշակել ու շրջանառության մեջ են դրել նոր նախագծեր։ Օրինակ դրանցից մեկի համաձայն, մտադիր են խոշոր ինտերնատներից անցում կատարել փոքր ընտանիքի տիպի համայքային տների, որոնք կոչվում են պաշտպանված բնակարաններ։ Իսկ դրան պետք է հաջորդի տարեցների կարիքի գնահատումը, տներում ապրելու են մինչև 12 տարեց, կցվելու է սոցիալական աշխատող կամ սպասարկող։
Մտածում են նաև տարեցների համար խնամատար ընտանիքի մոդելը ներդնելու մասին, նախագիծը շրջանառության մեջ է։ «Ունենք նախագիծ, որը նախատեսում է աջակցություն տարեց խնամող ընտանիքին՝ կանխարգելելով տարեցի մուտքը տուն-ինտերնատ։ Մի նախագիծ էլ կա, երբ տարեցը տուն չունի, բայց չի ցանկանում գնալ տուն ինտերնատ, պետությունը նրա համար աշխատանք է գտնում, նաև վճարում բնակարանի վարձի գումարը։ Մենք որոշել ենք նաև 100 տոկոսով մարել սոցիալական տներում ապրող տարեցների կոմունալ վճարները, դա թույլ կտա տարեկան 120-150 հազար դրամի տնտեսում անել»,-թվարկում է նախարարության պաշտոնյան ու հիշեցնում, որ սրանք դեռ շրջանառության մեջ դրված նախագծեր են, լավագույն դեպքում օրենքի ուշ կստանան 2021 թվականին։
Անահիտ Գևորգյանն ընդգծում է՝ Հայաստանը որդեգրել է «Առողջ և ակտիվ ծերացում» կարգախոսը։ Պաշտոնյան կոչ է անում տարեցներին լինել ակտիվ, նախաձեռնող, պաշպանել իրենց իրավունքները։ Սակայն տարեցների համար զբաղվածության, մասնագիտության ձեռք բերման ծրագրեր չկան։
Կա՞ն հաջողության պատմություններ հարցին ի պատասխան Գևորգյանը պատասխանում է՝ շատ, եղել են ընտանիքներ, որոնք իրենց տարեց հարազատին , ծնողին տուն են տարել, տուն ինտերնատում ամուսնացել են տարեցներ, շվեյցարական ու հայկական Կարմիր Խաչի կազմակերպությունների աջակցությամբ Լոռու ու Շիրակի մարզերում ակտիվ երկարակեցության խմբեր են ձևավորվել…
Իհարկե, հարցս նման «փոքր» հաջողությունների մասին չէր…
Ո՞ր երկրներում են տարեցները ամենալավն ապրում …
Համացանցում բազմաթիվ հոդվածներ կան այն մասին, թե ինչ հաջողություններ են գրանցում մարդիկ այս կամ այն երկրում կենսաթոշակի անցնելուց հետո։
Նորվեգիան, Շվեյցարիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Ավստրալիան, Ճապոնիան տարեցների համար լավագույն երկրների առաջին հորիզոնականներում են։ Հենց այդ երկրներում է, որ էլ արդիական չէ «старость не радость» հայտնի արտահայտությունը։
Օրինակ, Նորվեգիայում թոշակի անցնելը չի նշանակում գնալ վաստակած հանգստի, այլ փոխել ակտիվ գործունեության ոլորտը։ Շատերը ձեռք են բերում նոր մասնագիտություն, ստանում երկրորդ կրթություն։ Մի խոսքով, խաչ չեն քաշում իրենց վրա, ինչպես մեր տատիկ-պապիկներից շատերը, այլ իրացնում են այն, ինչ չեն հասցրել երիտասարդության տարիներին։
Լյուքսեմբուրգում շատ բարձր թոշակը թույլ է տալիս տարեցներին իրենց շքեղություններ թույլ տալ՝ հանգստանալով ամենաթանկ ու լավ առողջարաններում։ Բարձր թոշակի շնորհիվ ոչ միայն կարողանում են ռեստորան ու սրճարան այցելել, այլև իրենց թույլ են տալիս նորաձևությանը հետևել։
Շվեդիայի կենսաթոշակային համակարգն ընդունված է համարել ամենասոցիալականը աշխարհում։ Բացի դրանից, տարեցների համար գործում են հարուրավոր ակումբներ, զարգացնող կենտրոններ․ Ընդ որում դրանք անվճար են կամ սիմվոլիկ վճարով։
Ծագող արևի երկիր Ճապոնիայում ապրում է 100 տարեկանից բարձր 40 հազար մարդ։ Ճապոնացի տարեցները շատ ակտիվ են, թոշակի անցնելուց հետո նրանք հիմնականում սկսում են ինչ-որ նոր բան սովորել՝ ինչ-որ մեկը լուսանկարչության դասերի է գնում, մյուսը եվրոպական խոհանոցի ուտեսներ պատրաստել է սովորում, երրորդն էլ լեզուներ է սկսում սովորել։ Նրանք կանոնավոր կերպով այցելում են լողավազաններ ու մարզասրահներ։ Ի դեպ, Ճապոնիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ 60 անց մարդիկ կազմում են բնակչության 30%-ը…
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Տարեցների խնամք. ինչ ռիսկեր է պարունակում խնամատար ընտանիքի գաղափարը
«Տարեց լինելը մեր ապագան է, ուրեմն այնպես անենք, որ ունենանք հնարավորինս լավ ու առողջ ապագա»…
Արժանապատիվ ծերության սպասելիս…
Տարեցների միջազգային օր. «Դեպի տարիքային հավասարություն»
Դիտումների քանակը` 1907