Արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկել ընտանեկան բռնության օրենքի նախագիծը

Շուրջ մեկ տարի առաջ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» գործադիր եւ օրենսդիր իշխանությանը ներկայացրեց «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագիծը : Գործադիր իշխանությունը որեւէ կերպ չարձագանքեց Կոալիցիայի դիմումին, իսկ ԱԺ պատգամավորներից ընդամենը մի քանիսը հանդիպեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ օրենքի նաաագիծը քննարկելու նպատակով:

 

Ազգային Ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության արդեն նախկին անդամ Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Կոալիցիայի անդամները  հանդիպում ունեցան նաեւ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ: Այսօր Արփինե Հովհաննիսյանը գործադիր իշխանությունում է՝ որպես Արդարադատության նախարար: Արդյոք Հովհաննիսյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելը ազդեցություն կունենա օրենքի ընդունման վրա:

 

«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախարարության դիրքորոշումը պարզելու նպատակով «WomenNet.am»-ը զրուցեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի հետ:

 

–         Արդեն 5-րդ տարին է, ինչ կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները պահանջում են ընդունել ընտանեկան բռնության մասին առանձին օրենք: Ինչպիսի՞ն է Արդարադատության նախարարության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է կարեւոր ունենալ առանձին օրենք:

 

–         Ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենքի մշակման հարցը քննարկվել է միջազգային կազմակերպությունների առաջարկների հիման վրա: Օրինակ, այս հարցը բարձրացվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստանի վերաբերյալ 2015 թվականի զեկույցում : Նշված օրենքի ընդունման հարց է բարձրացվում նաև Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) վավերացնելու վերաբերյալ առաջարկների համատեքստում: Պետք է նշել, որ նշված օրենքի նախագիծ մշակելուց առաջ պետք է մանրամասն քննարկումներ իրականացնել:

 

Հայաստանի իրավական համակարգի պայմաններում, երբ, օրինակ, բոլոր հանցանքները նախատեսված են Քրեական օրենսգրքում, այս պահին այդքան էլ հստակ չէ, թե որն է լինելու այդ նոր օրենքի կարգավորման առարկան:

 

–         Անցած տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» գործադիր եւ օրենսդիր իշխանություններին էր ներկայացրել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը: Արդյո՞ք Արդարադատության նախարարությունն ուսումնասիրել է նախագիծը եւ եթե այո,ապա ինչպիսի՞ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ:

 

–         Նախագծին ծանոթ չեմ (ամեն դեպքում իմ համակարգման ժամանակաընթացքում նման նախագիծ չի ներկայացվել): Եթե առկա է նման նախագաիծ, մեզ ներկայացվելու դեպքում կքննարկվի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

 

–         Գործադիր իշխանությունը, ի դեմս Արդարադատության նախարարության, ինչպիսի՞ խնդիրներ է տեսնում օրենքի ընդունման եւ դրա հետագա կիրառման վերաբերյալ: Որո՞նք կարող են լինել հիմնական խոչընդոտները եւ որո՞նք են խոչընդոտների հաղթահարման ուղիները:

 

–         Ինչպես նշվեց Ձեր առաջին հարցի պատասխանում, այս պահին դժվար է պատկերացնել, թե կոնկրետ որ հարցերն են կազմելու օրենքի կարգավորման առարկան: Պետք է քննարկել ու հասկանալ ինչպիսին է միջազգային փորձը և այն երկրներում, որտեղ կա նման օրենք, ինչպիսի հարաբերակցության մեջ է գտնվում քրեական օրենսդրության հետ: Անհրաժեշտ է հասկանալ՝ այդ հնարավոր նոր օրենքում ներառվելու են միայն քրեական ոլորտի հարցեր, թե նաև, ասենք, վարչական իրավախախտումներին առնչվող հարցեր, լինելուն են արդյոք այդ նոր օրենքում կոնկրետ իրավախախտումներ սանկցիաներով և այլն:

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 4090

Գլխավոր էջ