Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

Այս քայլին է մտադիր  դիմել ՀՀ Առողջապահության նախարարությունը սելեկտիվ աբորտների դեմ պայաքարելու նպատակով: Նախարարությունում արդեն իսկ   մշակվել է  մի օրինագիծ, որով առաջարկվում է մինչև պտղի՝ երեսուն շաբաթական դառնալն արգելել ծնողներին ապագա երեխայի սեռը հայտնելը: Այն դեռեւս քննարկման փուլում է եւ շրջանառության մեջ չի դրվել :

 

 

Օրինագծի մասին  տեղեկացրեց ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած  «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով հրավիրված աշխատաժողովի ընթացքում:   Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ, երիտասարդական Խորհրդարանի անդամներ և ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագրի ներկայացուցիչներ:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներկայացրեց հղիության սեռով պայմանավորված ընդհատումների հիմնախնդիրը Հայաստանում և աշխարհում, ինչպես նաև այդ հիմնախնդրի լուծման  ուղղությամբ  այլ երկրներում  կիրառվող մեխանիզմները: Ներկայացվեցին նաև այն քայլերը, որոնք ՀՀ Ազգային Ժողովը կարող է դիտարկել որպես տարբերակներ՝ հիմնախնդրի լուծմանը նպաստելու համար:

 

Գարիկ Հայրապետյանը, մասնավորապես նշեց, որ Հայաստանում պտղի սեռով պայմանավորված աբորտների խնդիրը   իսկապես մտահոգիչ է, քանի որ այն  հանգեցրել է նորածինների սեռերի հարաբերակցության լուրջ շեղման՝ 2012-ի տվյալներով հանրապետությունում արձանագրվել է   114 տղա՝ 100 աղջկա դիմաց, այն դեպքում երբ բնականոն է համարվում 102-ից 106 տղա/100 աղջիկ հարաբերակցությունը։ Սեռով պայմանավորված աբորտների հիմնական պատճառներն, ըստ Հայրապետյանի, երեքն են ՝ տղաների նախապատվություն, ծնելիության անկում, տեխնոլոգիաների հասանելիություն: Իրականում գործի է դրվում պատճառների ողջ շղթան.   հասարակությունը բնույթով հայրիշխանական է եւ տղա երեխաներին գերադասում է աղջիկներից, զույգերը ցանկանում են քիչ երեխաներ ունենալ , ապագա ծնողները ժամանակակից  տեխնոլոգիաների շնորհիվ նախապես իմանում են երեխայի սեռը եւ խուսափելով աղջիկ երեխա ունենալուց դիմում աբորտի :

 

 

Հայրապետյանի  խոսքով, մարդկանց ցանկությունը անպայման տղա ունենալ ոչ միայն անտրամաբանական է , այն կարող է աղետալի հետևանքներ ունենալ, քանի որ մենք, ըստ էության, ոչնչացնում ենք  ապագա «մայրական բազան» զուտ այն պատճառով, որ «տղա ունենալն պատիվ ենք համարում»:

 

 

Անդրադառնալով իրավիճակը շտկելու մեխանիզմներին բանախոսը նշեց, որ դա բավականին դժվար խնդիր է: Այդ առիթով  մեջբերեց հայկական ռադիոյի հայտնի անեկդոտը,  երբ հարցնում են, թե արդյոք կառավարելի է ծնելիությունը, ապա պատասխանը լինում է մարքսիստական ոգով. «Ո՛չ, որովհետև արտադրական գործիքները մասնավորի ձեռքում են»։

 

 

Ինչ-որ տեղ անեկդոտի հետ Գարիկ Հայրապետյանը համաձայն է, քանի որ խնդիրն իրոք  դժվար է վերահսկել, բայց կարելի է որոշակի  քայլեր ձեռնարկել տեխնոլոգիաների ուղղությամբ,  քանի որ դրանց  միջոցով է հասանելի դառնում պտղի սեռը:  ՀՀ Նախարարության կողմից մշակված օրինագիծը  հենց այդ ճանապարհով է փորձում  սելեկտիվ աբորտները կանխել՝ արգելելով  հայտնել պտղի  սեռը  հղիության վաղ ժամկետներում:  Հաջորդ եղանակը, ըստ Հայրապետյանի, պետք է արգելվի նաև  հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումը։ Որոշ երկրեր կարողացել են լուծել խնդիրը տուգանքների միջոցով: «Օրինակ՝ Հարավային Կորեան այդ անհամամասնության թվերը իջեցրել է շնորհիվ տուգանքների՝ 13 հազար  դոլար կամ վեց տարի ազատազրկում է սահմանվել սեռի նախընտրության պատճառով  հղիության արհեստական ընդհատման համար»,- նշեց նա։ Դրա հետ մեկտեղ պետք է աշխատանք տարվի  մտածելակերպի փոփոխության ուղղությամբ: Ու թեպետ մտածելակերպ փոխելը երկարաժամկետ գործընթաց է, այնուամնենայնիվ  Հայրապետյանը կարծում է,   որ դա ամենավստահելի ելքն է լինելու: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կնոջ դերը բարձրացնել, դարձնել նրան  հասարակության հավասարազոր անդամ, այդ թվում տնտեսական առումով  կայացած,  որ ծնողը չմտածի՝ մեծ տարիքում իրեն ո՞վ է պահելու, աղջիկն ամուսնու գումարներով ինչպե՞ս է պահելու իրեն:

 

Քննարկման ընթացքում մտավախություն հնչեց, որ  պտղի սեռը չհայտնելը  կոռուպցիոն ռիսկեր պարունակող եղանակ  է :  ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ժամանակին մասնակցել է  ԵԽԽՎ-ում այս հարցի  քննարկմանը  եւ  կարծում է , որ   սեռով պայմանավորված հղիության ընդհատումը օրենքով արգելելը Հայաստանի նման երկրում, որտեղ կրթական և առողջապահական համակարգում կոռուպցիան աննախադեպ չափերի է հասնում, լրացուցիչ կոռուպցիոն աղբյուր է հանդիսանալու:

 

 

«Անձամբ ես միանշանակ դեմ եմ արտահայտվելու, որովհետև սա կոռուպցիայի լրացուցիչ լծակ է դառնալու: Ճիշտ, գրագետ քարոզչություն՝ այս պահին դեռ այս լուծումն եմ տեսնում, հակառակ պարագայում երկսայր խնդրի հետ ենք բախվելու, պրոբլեմը չլուծած՝ ունենալու ենք կրկնակի  պրոբլեմ: Պետք է մտածել՝ ինչպես կազմակերպել ճիշտ քարոզչություն, որ մեր մենթալիտետի, մտածողության մեջ այդ բեկումը տեղի ունենա: Մինչև դա տեղի չունենա, ոչ մի օրենք չի օգնի»,- համոզված է նա:

 

 

Խոսք գնաց նաեւ  դպրոցներում սեռական դաստիարակության մասին: Մասնավորապես,  ՀՀԿ խմբակցութայն  պատգամավոր Կարինե Պողոսյանը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ՞ սեռական դաստիարակությունն ընդգրկել դպրոցական ուսումնական ծրագրում, և եթե կարիք կա՝ գուցե տղաների ու աղջիկների դասընթացն  իրարից առանձին  կազմակերպել:

 

 

ՄԱԲՀ-ի ներկայացուցիչ Գարիկ  Հայրապետյանը, արձագանքելով պատգամավորի հարցին,  նկատեց, որ առաջին հերթին նման առարկա դասավանդող  մասնագետների խնդիրը  պետք  է լուծել: Նրա խոսքով,  60 տարեկան կինը, որ ծնվել-մեծացել է ԽՍՀՄ-ում և գիտի, որ իրեն կաղամբի միջից են գտել, որ Խորհրդային միությունում սեքս չի եղել, չի կարող դաս տալ 14 տարեկան երեխային, որը գուցե իրենից շատ ավելի տեղեկացված է:  Ինչ վերաբերում է   տղաների եւ աղջիկների   առանձնացմնը, ապա դրանով ավելի խնդիրներ ենք ունենալու: « Մեր խնդիրն այն է, որ տղա-աղջիկն իրար հետ չեն խոսում: Տղամարդը, որ արու զավակ է ուզում, ասում է՝ բա իրար հետ խոսող չունենա՞նք, կինն  էլ ասում է՝ բա կեսրարիս չերջանկացնե՞մ՝ տղա ունենամ»,- նկատեց Հայրապետյանը:

 

 

Հայրապետյանը նաեւ հիշեցրեց, որ  սեռական դաստիարակության  անհրաժեշտությունը  մեր հասարակության մեջ միշտ  չէ, որ ադեկվատ է ընկալվում ՝ պաշտոնյաններից մեկը , օրինակ,  արձագանքելով սեռական  դաստիրակաության դասընթացի ներդրմանը  ասել է՝ ուզում եք մեր աղջկերքին անբարոյական դարձնե՞լ:

 

 

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկման համար՝ հույս հայտնելով, որ միասնական ջանքերով կհաջողվի գտնել խնդրի  արդյունավետ լուծումները եւ կանխել  ժողովդագրական վտանգավոր միտումները:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

 

 

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

 

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

 

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

 

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք 

 

Դիտումների քանակը` 5172

Գլխավոր էջ