«Աստված տա, որ այս օրենքը երբեք չկիրառվի». քննարկում գլխադասային հանձնաժողովում.

 

 

Այսօր խորհրդարանի Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում  բուռն քննարկումներից հետո «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագիծը դրական եզրակացություն ստացավ և  հաջորդ շաբաթ կմտնի Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ:

 

Հանձնաժողովի այսօրվա նիստում մինչև նախագծի հաստատվելը հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը ներկայացրեց փաստաթղթի հիմնական դրույթները, կարգավորման դաշտը: Պատգամավորները նաև մտահոգություններ հնչեցրին՝ հարցեր ուղղելով նրան:

 

«Ապաստարան» բառը փոխարինել «հոգածության կենտրոն»-ով

 

Նախ Քոչարյանը ներկայացրեց, որ օրինագիծը երեք նպատակ ունի՝ ընտանիքում բռնության կանխարգելում, տուժածների իրավունքների պաշտպանություն և ընտանիքում համերաշխության վերականգնում: Պաշտոնյան, ներկայացնելով բովանդակությունը, ասաց, որ ընտանիքում բռնության դեպքի վերաբերյալ ահազանգն ստանալուց հետո  ոստիկանության ծառայողը նախազգուշացնում է բռնություն գործադրած սուբյեկտին, որ դադարեցնի բռնությունը, և եթե նույն ընտանիքում բռնոթյան դեպքերը շարունակվում են, ապա, ըստ փոխնախարարի, ոստիկանության ներկայացուցիչը «անհետաձգելի միջամտության» վերաբերյալ որոշում է կայացնում: Պաշտոնյան ասաց, որ այդպիսի որոշում կարող է կայացնել ոչ թե ոստիկանության ցանկացած ծառայող, այլ՝ ոստիկանությունում ստեղծված մասնագիտացված հատուկ ծառայության աշխատակիցը, որը պետք է օժտված լինի համապատասխան գիտելիքներով: Մյուս միջոցը, որը կարող է կիրառվել ընտանեկան բռնության կանխարգելման համար, պաշտպանական որոշումն է, որն ընդունում է միայն դատարանը, միայն տուժողի դիմումի հիման վրա:

 

Վիգեն Քոչարյանի խոսքով, օրինագծում սահմանվում է, որ մասնագիտացված մարմինները՝ աջակցության կենտրոններն ու ապաստարանները, նույնպես դերակատարում ունեն ընտանիքում բռնության դեմ պայքարում: «Ապաստարանների հետ կապված շատ են տարածված ոչ ստույգ պատկերացումները: Պետք չէ վախենալ, քանի որ ապաստարանը մի ապահով կացարան է, որտեղ ժամանակավորապես կարող են տեղավորվել ընտանիքում բռնության ենթարկվածները, տուժածները, մինչև այդ ընտանիքում բարդ հարցերը կարգավորվեն», – բացատրեց փոխնախարարը:

 

Նկատենք, որ Հանրապետական խմբակցության պատգամավորներից Հակոբ Հակոբյանը առաջարկեց  ապաստարան բառը փոխարինել «ընտանիքում բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոնի»: Առաջարկը ընդունելի համարեց նաև ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: «Եթե գրում ենք սահմանման մեջ ապաստարան, ապա կողքը կարելի է նշել, որ սա ընտանիքի անդամի հոգածության կենտրոն է: Մի քիչ ապաստարանը նմանեցնում ենք ռազմական ապաստարանի», -նշեց նա:

 

«Օրենք՝ գրենք ընտանիքում բարձր տրամադրություն ապահովելու  մասին»

 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով  միակ դեմ քվեարկողն է այս օրինագծին,  նշեց, որ ընդհանրապես դեմ է նման օրենք  ունենալուն, և հանրային բուռն քննարկումներից հետո կատարված լրամշակումները իր համար ընդունելի չեն: Նա ոչ միայն   հեգնեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը. այլ այն վարկաբեկելու ակնհայտ փորձեր արեց՝  «Բա որ ապաստարանում ընտանեկան բռնության զոհ տղամարդն ու կինը փորձեն իրար մխիթարել»  տիպի հարցադրումներով:  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախկին  նախարարին, ով  2009-ին ընդամենը հինգ ամիս պաշտոնավարելուց հեռացվեց  աշխատանքից  հանրության համար անհայտ պատճառով,   վրդովեցրել էր նաև  ներկայացված օրինագծի անվանումը.   

 

«Օրինագծի վերնագրում ավելացել է «համերաշխության վերականգնման» բառակապակցությունը, որը շատ զավեշտալի է: Ընկերներ, երբեք չեմ մտածել, որ օրենքով կարելի է համերաշխություն վերականգնել: Եկեք գրենք օրենք՝ ընտանիքում բարձր տրամադրություն առաջացնելու մասին, օրենքով պարտադրես պահպանել ընտանիքում բարիդրացիական ավանդույթները: Սա նույն բանն է, որ ասես օրենք ընտանիքում բարձր տրամադրություն առաջացնելու մասին, պարտադրես, որ տրամադրության անկում չգրանցվի այս գիշեր», – հեգնեց  Պետրոսյանը:

 

 

Հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանն այդ կապակցությամբ նկատեց, որ   գուցե համերաշխությունը չես ստիպի օրենքով վերականգնել, բայց այդ  նպատակը նաև իր առաջարկության հիման վրա է բարձրացվել վերնագրի մակարդակ: «Դա արվել  է ցույց տալու համար, որ ի վերջո պետության կարգավորիչ դերի վերջնական նպատակակետը այդ ընտանիքում բնականոն մթնոլորտի վերականգնելն է»:

 

 

«Ոստիկանների հետ բախումներ կլինեն»

 

Գևորգ Պետրոսյանի  մեկ այլ մտավախությունը կապված էր ընտանիքում բռնության դեպքերին ոստիկանության ծառայողի միջամտության հետ: «Առ այսօր ոստիկանության համակարգում քիչ չեն նրանք, ովքեր առիթը բաց չեն թողնում չարաշահել իրենց լիազորությունները քաղաքացիների նկատմամբ», -հայտարարեց Պետրոսյանը, կանխատեսելով,  որ եթե օրինագծի այդ դրույթները կյանքի կոչվեն, ապա անպայման լինելու են հենց ոստիկանների հետ բախումներ, որոնք  գուցեև ավարտվեն շատ ծանր հետևանքներով»: Պատգամավորի համար կասկածելի էր նաև՝ ինչպե՞ս են ոստիկանները վերապատրաստվելու, մասնագիտանալու այդ հարցերում, ի՞նչ միջոցներով են նրանք վերապատրաստվելու:

 

Դաշնակցություն խմբակցությունից Անդրանիկ Կարապետյանը  օրինագծի հիմնական զեկուցող Վիգեն Քոչարյանին նույն հարցն ուղղեց, թե չի՞ կարծում, որ ոստիկանը չպետք է ընտանիքի հարցերին միջամտի և նրանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ որոշում կայացնի: Ի պատասխան այս հարցադրումներին  փոխնախարարն ասաց, որ ոստիկանները մասնագիտանալու են ընտանեկան հարցերում և նրանց որոշումները պետք է ընդունվեն «կոմպետենտ մարդու կողմից»: «Նախատեսել ենք, որ այդ որոշումը կայացնելու է ոչ թե ցանկացած ոստիկան, այլ ոստիկանության մասնագիտացված ծառայության աշխատակիցը: Ենթադրվում է, որ նշված աշխատակիցը միգուցե հոգեբան կլինի, մասնագիտական վերապատրաստում անցած կլինի», -հստակեցրեց փոխնախարարը:

 

 

«Իմ մարդն ա, խմել է, ծեծել ա, էգուց էլ ես պըտի բարիշեմ․․․»

 

Պատգամավոր Վանիկ Ասատրյանը «Ծառուկյան» խմբակցությունից  ասաց, որ գյուղական համայնքներում հանդիպումներ են ունեցել օրինգածի վերաբերյալ․  «Եթե մի փոքր բան ըլի գյուղական համայնքում, հարևանը չսիրի էդ հարևանին ու անմիջապես ոստիկանին հայտնի, ոստիկանը պետք է գա, իրա տեղը ցույց տա: Ու էդ տվյալ գյուղացին ասում ա՝ հլա մի հատ ոստիկան մտնի իմ տուն: Ես ու իմ տունը․ իմ մարդն ա, խմել է, ծեծել ա, էգուց էլ ես պըտի բարիշեմ․․․»

 

Օրինագծի հարակից զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդարադառնալով ոստիկանի կողմից ընտանիքի անդամների վեճին միջամտությանը, ասաց, որ  խոսքն այն  անհետաձգելի իրավիճակների մասին է, երբ վտանգ է սպառնում անձի կյանքին և առողջությանը: «Անձի կյանքը և առողջությունը ապահովելու նպատակով է ոստիկանը միջամտում: Ոստիկանության ծառայողի համար շատ ակնհայտ պետք է լինի իրավիճակը, որ մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ կա, որպեսզի ինքը կիրառի անհետաձգելի միջամտության որոշում», -բացատրեց Հովհաննիսյանը, նկատելով, որ եթե  բռնության ենթարկվող կինն ասում է , որ « ծեծել ա, էգուց պըտի բարիշեմ», ապա դա իրենց  ընտրությունն է, իրենց ընտանեկան հարաբերություններն են օրենքից դուրս: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ, իր հերթին, ավելացրեց, որ եթե կա նման իրավիճակ, ապա ոստիկաը կարող է միայն զգուշացնել ամուսնում, որ այլևս չծեծի  կնոջը և վերջ:  

 

Արփինե Հովհաննիսյանը  նաև փարատեց որոշ շրջանակների մտահոգությունները, թե ծնողի կողմից երեխային որոշ բաներ արգելելը կարող է դիտվել որպես բռնություն: «Այն դրույթները, որոնք նման մտահոգությունների տեղիք են տվել, հանվել են օրինագծից», -ասաց Հովհաննիսյանը: Նա ասաց նաև, որ երեխան առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի չի կարող որևէ տեղ տեղափոխվել:

 

 

«Կմիջամտեն, երբ «քավոր-սանիկ-ընկեր հաշտեցման ավանդական ինստիտուտները այլևս չեն աշխատի»

 

«Աստված տա, որ այս օրենքը երբեք չկիրառվի», -իր եզրափակիչ խոսքում ասաց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: «Ես ինքս ամենասկզբից հակված եմ եղել, որ նման օրենքի անհրաժեշտություն չկա», – խոստովանեց նա, նշելով, որ վիճակագրությունը մի փոքր այլ բան է փաստում և դա չկանխելը հանգեցնում է շատ ծանր հետևանքների: Նա պնդեց, որ այս օրինագիծը ոչ միայն բացառում է, այլ արգելում է երեխային բաժանել ծնողից՝ լինի դա ապաստարանում, թե այլ տեղ: «Դա բացառվում է: Բացառվում է նաև անձի կամքին հակառակ իրեն ապաստարան տեղավորելը: Բացառվում է նաև, որ անձի կամքին հակառակ ինչ-որ մեկը գնա դատարան և պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշում հայցի», -ներկայացրեց Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով, այս նախագծով միջամտությունը ընտանիքի անդամների միջև եղած վեճերին  լինելու է բացառիկ դեպքերում, երբ «քավոր-սանիկ-ընկեր հաշտեցման ավանդական ինստիտուտները այլևս չեն աշխատի»:

 

Հանձնաժողովը գրեթե միաձայն, մեկ «դեմ»-ով միայն, հավանություն տվեց օրինագծին, որը հաջորդ քայլով կմտնի մյուս շաբաթվա լիագումար նիստի օրակարգ:

 

Հ. Համբարձումյան

Դիտումների քանակը` 3309

Գլխավոր էջ