Աստղիկ Գևորգյան. «Իմ ներկայությունը կարող է օգնել Երևանին վերաբերող խնդիրների լուծմանը»

 

Մեր զրուցակիցը` Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականում առաջադրված Ժուռնալիստների միության նախագահ, գործող ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանն է: Ասում է, միակ պատճառը, որ ես ցանկանում եմ լինել ավագանու անդամ, դա սերն է Երևանի նկատմամբ։

 

 

-Նախորդ ընտրություններին,  մտածում էի դժվար կլինի, համոզված չէի, որ պետք է մտնեմ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի մեջ, բայց հետո տեսա, որ իմ ներկայությունը կարող է օգնել իմ շատ սիրելի Երևանին վերաբերող խնդիրների լուծմանը, որովհետև անկողմնակալ մոտեցում ունեմ, անձնական ոչ մի շահ չունեմ, որպեսզի սուբյեկտիվ մոտեցում դրսևորեմ: Հաշվի առնելով, որ այս տարիների ընթացքում ավագանու շատ ակտիվ անդամ եմ եղել, ահագին գործ եմ արել, մտածեցի՝  հիմա էլ եթե ուժս տեղն է, ինչո՞ւ չօգնեմ, որ Երևանը մի քայլ առաջ անցնի:

 

 

-Ինչո՞ւ պետք է երևանցիներն ընտրեն հենց Ձեզ ու ձեր ներկայացրած կուսակցությանը:

 

-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Ով մոտենում է քվեատուփին, թող մտածի, թե ինչու է ընտրում: Ես շնորհակալ եմ նրանց, ովքեր վստահել են ինձ, բայց ես չեմ կարող ասել՝ ինչո՞ւ: Երևի նրա համար, որ գիտեն՝ իմ անունը չի առնչվում ինչ-որ անընդունելի երևույթների հետ, գիտեն, որ նվիրված եմ, գիտեն, որ  կենսագրություն ունեմ, փորձ ունեմ…  Անհամեստություն կլինի, եթե ինքս ինձ գնահատեմ: Երևանցին թող գնահատի, քվեարկությամբ թող գնահատի: Քվեարկողն ազատ է իր ընտրության մեջ …

 

 

-Ինչպե՞ս եք գնահատում Տարոն Մարգարյանի ու գործող ավագանու աշխատանքը:

 

-Շատ բարձր եմ գնահատում: Նվիրված, իսկական երևանցի, հայրենասեր, արագ արձագանքող, ավագանու հետ ճիշտ աշխատող: Նա նաև լսում է մեր առաջարկությունները, ոչ թե միանձնյա որոշում ամեն ինչ: Ես շատ դրական եմ գնահատում նրա աշխատաոճը:

Անշնորհակալ գործ է գուշակություն անելը, բայց կարծում եմ, որ Հանրապետականն ունի լայն հնարավորություն առաջ անցնելու համար այս ընտրություններում: Ինչո՞ւ: Որովհետև եթե մյուս մրցակից ուժերը նոր պետք է մտածեն, թե ինչ անեն, մենք ինչ արել ենք, երևանցու աչքի առաջ է…

 

 

-Առաջին անգամ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար կին թեկնածու է պայքարում:  

 

-Ես դեմ եմ սեռային մոտեցմանը: Ոչ թե կին կամ տղամարդ,  այլ թեկնածու, ով ունի այն պոտենցիալըն ու այն հնարավորությունը, որ կկարողանա այդ դժվարին աշխատանքը կատարել: Ու ասեմ, որ մի  բան է խորհրդարանական աշխատանքը, քաղաքական ակտիվությունը, այլ բան է Երևանի պես քաղաքի քաղաքապետի աշխատանքը: Քաղաք, որն ունի ավանդույթներ, ունի երկարամյա պատմություն, քաղաք, որը պետք է դարձնել գրավիչ ոչ միայն երևանցիների, այլև հյուրերի համար: Ես չեմ կարող ասել, թե տիկին Փոստանջյանն ինչ հնարավորություններ ունի, կապրենք, կտեսնենք: Իսկ Տարոն Մարգարյանի հնարավորությունները տեսել եմ, կարող եմ ասել՝ մեծ հնարավորություններ ունի և շատ արժանի թեկնածու է:

 

 

-ՀՀԿ-ի ցուցակի առաջին տասնյակում ընդամենը 2 կին է ներկայացված,  իսկ ձեր մրցակիցների ցուցակներում  կանայք ավելի մեծ թվով են ներկայացված …

 

– Ասեմ, որ քանակը դեռ որակ չէ: Չեմ ճանաչում ոչ մեկին, ընդհանրապես եմ ասում ու նաև մեզ է դա վերաբերվում՝ քանակը դեռ որակ չէ: Միշտ պետք է տեսնենք, թե ով ով է, ով ինչ է անում: Ես չեմ անձնավորում, բայց  այնպես է լինում, որ մի կինը 10 տղամարդ է  արժենում ՝ իր հնարավորություններով, իր անցած ճանապարհով, իր կենսագրությամբ, իր բարոյական կեցվածքով, նվիրումով, ազնվությամբ, անձնական շահը մի կողմ դնելու կարողությամբ… Դա է   կարևորը… Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ եթե կին է, պետք է նրան անպայման առաջ տանել: Եթե ունի լավ հատկություններ, թող ընտրվի: Իսկ եթե ներուժ չունի, նվիրում չունի, գալիս է իր անձնական հարցերը լուծելու, պետք չեն  այդպիսի թեկնածուներ՝ լինի դա կին թե տղամարդ:

 

 

-Ինչպե՞ս եք պատկերացնում երեք քաղաքական ուժերի համագործակցությունը Երևանի ավագանու կազմում:

 

-Ոչ շատ հեռավոր անցյալում մի քանի քաղաքական ուժեր կային ավագանու կազմում. «Բարև Երևանը», «Բարգավաճ Հայաստանը» և ՀՀԿ-ն: Շատ նորմալ աշխատում էինք, ոչ մի վեճ ու կռիվ չի եղել, նորմալ քննարկումներ են եղել… Ինչքան բազմակարծություն լինի, այնքան Երևանը կշահի:   

 

 

Ո՞րն է կին քաղաքական գործչի հաջողության բանաձեը:

 

– Ցանկացած քաղաքական գործչին հաջողության հասնելու համար պետք է գրագիտություն, անկողմնակալություն, սկզբունքայնություն, գիտելիքներ… Սեռը ես մի կողմ եմ դնում: Տղամարդ է, թե՝ կին, ոչ մի նշանակություն չունի: Մարդը պետք է լինի ինքնահաստատված, իր հայրենիքը սիրող: Ես իսկապես ուզում եմ, որ Հայաստանի կանայք շատ ակտիվ լինեն ու աշխատեն ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի… Լիդեր կանայք պետք է առաջ գան, պետք է իրենց ներկայացնեն: Ո՞վ պետք է գնա նրանց ձեռքից բռնի, ասի՝ եկեք… Տեսեք, մենք հրաշալի կին ուսուցիչներ ունենք, բժիշկներ ունենք, խմբագիրներ ունենք: Կանանց  պոտենցիալը շատ մեծ է…                                                                              

 

Զրուցեց Տաթևիկ Սարգսյանը

Դիտումների քանակը` 2700

Գլխավոր էջ