Առողջ սնունդ՝ հասանելի բոլորին. բերքի փառատոն

Առողջ սնունդ՝ հասանելի բոլորին  –  այս  կարգախոսի ներքո անցավ Երեւանում Բերքի փառատոնը, որը Պարենի համաշխարհային օրվա եւ Գյուղի կանանց միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր  Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի  և «ՀԱՐԹԱԿ» փորձի փոխանակման առաջին փառատոնի համատեղ ջանքերով:

 

Լորիի մեղր, ընկույզ, լոբի, արքայախնձոր… աշնան առատ բերքն ու բարիքն էին Մաշտոցի պուրակ բերել Տավուշի և Վայոց ձորի տասից ավելի համայնքների ներկայացուցիչները: Այստեղ կարելի էր նաեւ համտեսել և սիրիահայ խոհարարների արևելյան քաղցրավենիքներն ու ուտեստները, մասնակիցը դառնալ հմուտ խոհարարների կողմից իրականացվող վարպետության դասերին, ովքեր իրենց խոհարարական գաղտնիքներն էին կիսում՝ հաց թխելու տեխնոլոգիայից մինչև շոկոլադագործություն, թեյի պատրաստման գաղտնիքներ, իտալական խոհանոց և այլն:

-Աղացած միս, ձու, տոմատի մածուկ, սոխ …,- տիկին Անին ամենայն մանրամասնորեն թվարկում է իր ֆիրմային ուտեստի բոլոր գաղտնիքները և արագ- արագ կլոր լոշիկների վրա տեղավորում միսն ու հյուրասիրում մարդկանց:

 

Անի Արփինյանը 3 տարի է, ինչ ամուսնու և երեք որդիների հետ Սիրիայից եկել է Հայաստան: Ոլունքնագործությամբ է զբաղվում և Վերնիսաժում վաճառում իր ապրանքները.

 

-Վերջերս նաև ֆրանսիական խոհարարական դասընթացների մասնակցեցի և այժմ ուտեստների մեծ պատվերներ եմ վերցնում: Պետք է հաստատվենք այստեղ, այլ վերադարձի հույս չկա Հալեպ,- նշում է տիկին Անին:

Տիկին Լուսինեն, տիկին Աստղիկը և տիկին Ռուզանն էլ ներկայացնում էին Օքսֆամի աջակցությամբ ստեղծված Լճկաձորի կանանց կոոպերատիվը: Երեքն էլ ուսուցիչներ են, դասավանդում են Լճկաձորի դպրոցում՝ կենսաբանություն, մայրենի լեզու և մաթեմատիկա.

 

– Մեր կոոպերատիվը բավական երիտասարդ է, մոտ երկու տարի առաջ ենք ստեղծվել: Բանջարեղեն՝ լոլիկ, վարունգ, լոբի, կանաչեղեն ենք աճեցնում: 12 անդամ ունենք, միայն կանայք են, ամուսիններն էլ, իհարկե, աջակցում են,- նշեց Լուսինե Բեջանյանը, ով նաև կոոպերատիվի նախագահն է:

 

-Կոոպերատիվն աշխուժություն է մտցնում գյուղի առօրյայում, հետաքրքրություն է. ոչ միայն միասին աշխատում, շփվում ենք, այլև կատարելագործում ենք մեր գիտելիքները, նորովի  վերաբերմունք է ձևավորվում հանայնքի կյանքի,  բերք ու բարիքի նկատմամբ,- նշում է տիկին Աստղիկը:

Լուիզա Ռևազյանն էլ Սարիգյուղ համայնքի կոոպերատիվն է ներկայացնում.

 

-Սարիգյուղը սահմանային համայնք է, կրակոցներ են լինում մեզ մոտ, բայց չենք վախենում, շարունակում ենք աշխատել: Այս տարի երկրորդ ջերմոցն էլ հիմնեցինք: Լոլիկ ենք աճեցնում, բիբար, լոբի: Միայն մեկ ջերմոցից մոտ երկու տոննայից ավել բերք ենք ստացել: Համոզված եմ, որ մեր սահմանում կանգնած տղամարդիկ, կանայք մեզանով հպարտանում են:

 

Տիկին Լուիզան նշում է, որ կանայք կարող են ամեն բան համատեղել, միայն հնարավորություն է պետք տալ.

 

-Ցանկանում եմ դիմել մեր կառավարությունը, որ հայ կնոջը հնարավորություններ տան ու  այդ ժամանակ, հաստատ համոզված եմ, անսպասելի արդյունքների ականատես կդառնան,- նշում է տիկին Լուիզան, ով նաև դպրոցում է դասավանդում և համոզված է, որ անհնարին ոչինչ չկա,-  Դպրոց, ընտանիք, կոոպերատիվ, միևնույն է հասցնում ենք ամեն բան՝ հայ կինը կարող ուժ է ցանկացած բնագավառում, իսկ կոոպերատիվը  վստահություն ներշնչեց, որ կինը մեկ գործ չէ, որ կարող է կատարել…

 

Նառա Սարհատյանն էլ Խաշթառա կ համայնքի կոոպերատիվից է.

 

-Մեկ տարի է, որ ունենք ջերմոցը, այս տարի լոլիկ ենք աճեցրել, բայց մի փոքր ուշ դրեցինք սածիլները ու այնքնան էլ լավ բերք չունեցանք, բայց վստահ եմ, սա դեռ սկիզբն է, հունի մեջ կմտնենք: Շատ ուրախ ենք, որ կա Օքսֆամը ու գյուղացու կողքին է,-նշում է տիկին Նառան:

 

Փառատոնի, ինչպես նաև Գյուղի կանանց միջազգային օրվա կապակցությամբ Օքսֆամը  մրցանակներ էր պատրաստել կոոպերատիվների կին ֆերմերների համար: Նրանցից չորսը՝ Նունե Ավագյանը՝ Գոմքից, Բեջանյան Լուսինեն՝ Լճկաձորից,  Քերքեզյան Լուսինեն՝ Հովքից և Լուիզա Ռևազյանը՝ Սարիգյուղ համայնքից  արստացան մրցանակներ:

-Կարևորագույն  մեկը, որի հետ անընդհատ բախվում է գյուղացին դա բերքի  իրացման հարցն է: Այս միջոցառման նպատակն էր ստեղծել հարթակ գյուղմթերք արտադրող կին ֆերմերների և սպառողների միջև,- նշում է Օքսֆամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քրիստինե Հովհանիսյանը,- Օքսֆամը միշտ փորձում է օգնել իր շահառուներին կապ հաստատել Երևանի, այլ քաղաքների հետ, որպեսզի արտադրող- սպառող նոր կապեր ստեղծվեն ու ամրանան:

Լիլիթ Քոչինյան

Դիտումների քանակը` 4024

Գլխավոր էջ