Առասպելներ և փաստեր ընտանեկան բռնության մասին

 

Ընտանեկան բռնությունը մի իրադրություն է, որտեղ մեկ անձը վերահսկում է կամ փորձում է վերահսկել մյուսի վարքագիծն ու զգացմունքները: Հասարակության մեջ շատ տարածված առասպելներ կան ընտանեկան բռնության խնդրի վերաբերյալ: Այս խնդրի նկատմամբ կարծրատիպային մոտեցումը սկսվում է բռնության ենթարկվող կնոջ արտաքին տեսքի և սոցիալական կարգավիճակի մասին պատկերացումներից:

 

 

Առասպել 1. Ընտանեկան բռնությունը ինքնավերահսկողության ժամանակավոր կորուստն է տղամարդկանց մոտ, որը շատ հաճախ ալկոհոլի չարաշահման հետևանք է:

 

Փաստ 1. Ագրեսիայի և բռնության իրական պատճառներն են միջանձնային կոնֆլիկտները, հակասությունները և անձի չբավարարվածությունը, որոնք, համապատասխան լուծում չունենալով, ինքնաբուխ բնույթ են կրում: Ցավոք, նման դեպքերում շատ հաճախ զոհեր են դառնում ամենամտերիմ մարդիկ. կանայք և երեխաները: Ըստ բնորոշման ագրեսիվությունը ներքին հուզական իրավիճակ է, իսկ ագրեսիան՝ գործողություն, որն ուղղված է շրջապատողների դեմ: Ալկոհոլը նրանց առաջացման պատճառը չէ, այլ ընդամենը ուղեկցում է մի վիճակից մյուսին:

 

Առասպել 2. Ընտանեկան բռնությունը հնարավոր է միայն ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող ընտանիքներում:

 

Փաստ 2. Ընտանեկան բռնությունը սոցիալական սահմաններ չունի: Բռնություն տեղի է ունենում բոլոր սոցիալական խմբերում: Իրավախախտներ կարող են լինել և՛ գիտնականները, և՛ բիզնեսմենները, ինչպես բարձրագույն կրթությամբ անձինք, այնպես էլ ցածր կրթվածության աստիճան ունեցողները, ինչպես բարձր նյութական բարեկեցություն ունեցողները, այնպես էլ ծայրահեղ աղքատները: Այս դեպքում պետք է դասակարգել ընտանիքները ոչ թե ըստ սոցիալական կարգավիճակի, այլ պետք է խոսել մասնակիցների անձնական որակների մասին, որոնք էլ հանդիսանում են ագրեսիայի պատճառ: Անինքնավստահություն, խանդ, սեփականատիրական մոտեցում, ավտորիտարություն, պահանջկոտություն, բնավորությունների այն փունջը, որը առավել շատ է նպաստում ընտանիքում բռնության դրսևորմանը:

 

Առասպել 3. Եթե կինը ուզենար, կարող էր լքել բռնարար  ամուսնուն:

 

Փաստ 3. Կան մի շարք տնտեսական, սոցիալական և մշակութային պատճառներ, որ կինը շարունակում է հարաբերությունները՝ ենթարկվելով բռնության: Շատ հաճախ կինը պարզապես չի ունենում որևէ վայր, ուր կարող է գնալ: Միգուցե ֆինանսապես նրա համար դժվար է պահել իրեն և երեխաներին: Բռնության հետևանքով զգացած նվաստացումը և ամոթը, նաև վախը, որ ընկերները  կամ ընտանիքը կմեղադրեն իրեն այդ հրահրելու մեջ ետ են պահում կնոջը նման հարաբերությունները խզելուց: Առավել հաճախ կյանքը փոխելու որոշումը մեկ ժամում չի կայացվում և միշտ չէ, որ կախված է մեր ցանկությունից: Մի շարք սոցիալական և հոգեբանական գործոններ կարող են ետ պահել կնոջը, բայց գոյություն ունի մի սահման, որ հարաբերությունները խզելու գիտակցված որոշումը հաղթում է: Այդ սահմանը շատ տարբեր է և կարող է կախված լինել մեր արժեքներից և համոզմունքներից:

 

Առասպել 4. Երեխաներին հայր է պետք, նույնիսկ եթե ագրեսիվ է կամ ՛՛Ես մնում եմ միայն հանուն երեխաների՛՛:

 

Փաստ 4. Անկասկած, երեխաները ունեն և՛ մոր կարիք, և՛ հոր: Սակայն ընտանեկան բռնության պայմաններում ապրող երեխաները տարբերվում են իրենց հասակակիցներից անհանգստությամբ, ճնշվածությամբ, հոգեսոմատիկ խանգարումներով, հոգեբանական խախտումներով: Մայրը և հայրը սոցիալական դերեր են, սակայն այս անվանումների ետևում առաջին հերթին թաքնված է բովանդակությունը, այսինքն թե մարդն ինչպես է կատարում իր դերը: Ինչպես տեսնում ենք, այն միշտ չէ որ համապատասխանում է հարաբերությունների նորմայի հասարակական ընկալմանը: Եթե այն կործանարար է շրջապատողների համար, այն իմաստազրկվում է և չի տալիս ակնկալվող օգուտը: Պահպանել պատրանքը այս պարագայում նշանակում է արդարացնել բռնությունը կամ էլ չգիտակցել դրա հետևանքները:

 

Առասպել 5. Ապտակը երբեք խորապես ցավ չի պատճառում:

 

Փաստ 5. Բռնությունը տարբերվում է պարբերականությամբ և բռնության ակտերի աստիճանական ուժգնացմամբ: Այն կարող է կսկվել պարզապես քննադատությամբ և վերածվել նվաստացման, մեկուսացման, հարվածի, ծեծի, երբեմն էլ ավարտվի մահվան ելքով: Բռնության ձևերը շատ տարաբնույթ են. հոգեբանականից(վիրավորանք, նեգատիվիզմ, արհամարհանք և այլն) մինչ ֆիզիկական: Նրանցից յուրաքանչյուրը խոցում է մարդուն և լուրջ հետք թողնում: Մեր ներաշխարհը շատ զգայուն է շրջապատող գործոնների հանդեպ, հատկապես բացասական: Արդյունքում առաջացող անհանգստության զգացողությունը հանգեցնում է անպաշտպանության, խրոնիկ սթրեսի կամ էմոցիոնալ սառնության:

 

Դիտումների քանակը` 4374

Գլխավոր էջ