Ապրիլի 21-ը` ստեղծարարության և նորարարության համաշխարհային օր

Ապրիլի 21-ը ՄԱԿ-ի օրացույցով նշվում է որպես ստեղծարարության և նորարարության համաշխարհային օր: Այն հռչակվել է անցյալ տարվա մայիսին ընդունված  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով և այս տարի նշվում է առաջին անգամ:  

 

Օրը նպատակ ունի խրախուսել ստեղծագործական գործընթացները՝ հանուն կայուն զարգացման: Ըստ բանաձևի մարդու ստեղծարար և նորարարական գործունեությունը, ինչպես անհատական, այնպես էլ խմբային մակարդակներում, դարձել է 21-րդ դարում երկրների  բարեկեցության իրական աղբյուրը: Ստեղծարարությունը, նորարարական գործունեությունը և ձեռնարկատիրությունը կարող են խթան հանդիսանալ աշխատաշուկայի զարգացման և նպաստել  բնակչության, հատկապես կանանց և երիտասարդության հզորացմանը:

 

«Ստեղծագործ և նորարարական գործունեությունը պետք է լինի տնտեսական աճի ռազմավարությունների անբաժանելի մասը, ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մշակույթի և կայուն զարգացման վերաբերյալ զեկույցում: Տնտեսության այդ դինամիկ հատվածներն առաջացնում են 2,25 միլիարդ ԱՄՆ դոլարի շահույթ և ամբողջ աշխարհում 29,5 միլիոն աշխատատեղերի աղբյուր հանդիսանում: Հետևաբար, այդ ոլորտները զարգացնող երկրները ոչ միայն շահույթ ստանալու, այլ  աղքատության դեմ արդյունավետ պայքարելու հնարավորություն են ստանում:

 

Նորարարությունը «Կայուն զարգացման 2030 օրակարգում»

 

Գիտությունն ու տեխնոլոգիաները, ինովացիաները  և գենդերային հավասարությունը՝ ներառված լինելով  մինչև 2030 թ.կայուն զարգացման օրակարգում, անբաժանելի տարրեր են  հանդիսանում զարգացման 17 նպատակներին հասնելու  գործընթացում: Օժանդակությունը  հայրենական տեխնոլոգիաների զարգացմանը, գիտահետազոտական աշխատանքներին և նորարարությանը աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015-ին ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունների թվում են: 

 

 

Անցյալ տարվա նոյեմբերից  ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հիմնադրվեց նախադեպը չունեցող  Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը միտված է խթանելու Կայուն զարգացման նպատակների իրագործումը Հայաստանում: Այս գաղափարը կյանքի կոչելու համար՝ Կենտրոնը կիրառելու է աշխարհում գործող նորարարական մեթոդաբանությունները, ինչպես նաև հենց ՄԱԿ-ի նորարարական մոտեցումները և գործիքները՝ միաժամանակ հետևելով, որ  ոչ ոք չանտեսվի:

 

Դիտումների քանակը` 2401

Գլխավոր էջ