Աշխեն Հովհաննիսյան. «Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, լինի տղամարդ, թե կին»
«Ո՞վ է ասում կինը թույլ է, թե նա անզոր ու անօգնական է: Մի ՞թե թույլն ու անզորն ունակ է ազգի պաշտպան զավակ դաստիարակել, լինի տղա, թե աղջիկ»,- WomenNet.am-ի հետ զրույցում ասում է 28-ամյա Աշխեն Հովհաննիսյանը, ում միայն նորածին դստերը կերակրելու պարտավորությունը հետ պահեց արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելու որոշումից:
Աշխեն Հովհաննիսյանը սովորել է Հայասատնի ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետում, սակայն հետո նախընտրել է ծրագրավորողի մասնագիտությունը: Խառնվածքով համարձակ ու ինքնավստահ, բնավորությամբ ուրախ ու հոգատար Աշխենի համոզմամբ մարդը պետք է ուժեղ լինի թե ֆիզիկապես, և թե հոգեպես…
-Չեմ ընդունում, երբ կնոջը համարում են թույլ էակ: Ժամանակներն այլ են, փոխվել են կարծրատիպերը: Այսօր ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ կինը նույնպես պետք է ուժեղ լինի, կարողանա պաշտպանել իրեն, չէ ՞ որ տղամարդն ամեն պահ չի կարող նրա կողքին լինել ու պաշտպանել կնոջը,- ասում է Աշխենը:
Ընտանիքում եղել են չորս երեխա՝ երկու տղա և երկու աղջիկ: Մասնագիտությամբ ինժեներ հայրը չորս զավակներին դաստիարակել է հավասարապես՝ ուժեղ, ճարպիկ ու անկոտրում: Տիկնիկներով խաղալու փոխարեն քույրերը ֆիզիկական պատրաստվածությամբ եղբայրներին չեն զիջել: Հետագայում Աշխենը զբաղվել է սպորտով՝ թեթև ատլետիկայով և բռնցքամարտով, մասնակցել մրցաշարերի, գրանցել հաղթանակներ: Սպորտային կարիերաjի հետ մեկտեղ արձագանքեց նաև 2014 թվականին հետախույզ Վովա Վարդանովի նախաձեռնությամբ ստեղծված «Ողջ մնալու արվեստը» /ՈՄԱ/ կազմակերպության հայտարարությանը: Այն կամավորներին կոչ էր արվում սովորեցնել այնպիսի հմտություններ և գիտելիքներ, որոնք կօգնեն գոյատևել ցանկացած իրավիճակում։
Իսկն իր ուզածն էր, և Աշխենը քրոջ հետ հավաքագրվեց « ՈՄԱ»-ին:
-Թեև մարզական լավ տվյալներ ունեի, պատրաստված էի, բայց հարկավոր էր նաև տիրապետել ռազմական այլ հատկանիշների ու որակների, քանի որ գիտակցում էի, որ հայրենիքի համար կգա մի պահ, որ այդ ամենը պետք է գալու: Եվ հետո, աղջիկը, կինը կարող է հայտնվել տարբեր իրավիճակներում, նա պետք է կարողանա պաշտպանել իրեն: Իսկ «ՈՄԱ»-ում սովորեցնում են գոյատևել արտակարգ պայմաններում, կրակային պատրաստություն, լեռնամագլցում, դանակի նետում, ձեռնամարտ, հետագայում նաև բուժօգնության ցուցաբերում: Սա այն ամենն էր, ինչին ձգտում էի տիրապետել: Ի դեպ, պարապմունքերում ներառված էր նաև ռազմապարը, որը համախմբող, հաղթական ոգին բարձրացնող ուժ ունի: Ինչևէ, պարապմունքերի ընթացքում համոզվեցի, որ հայրս մեզ ճիշտ էր դաստիարակել. երեխային պետք է մեծացնել այնպես, որ նա լինի ինքնավստահ, հավատա սեփական ուժերին:
ՈՄԱ-ի հավաքները պարբերական բնույթ կրեցին հատկապես 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո, նրա շարքերում ավելի ու ավելի շատ կամավորներ էին ընդգրկվում: Կառույցի նպատակն էր, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի տիրապետեր ռազմարվեստին, արտակարգ դրության պայմաններում կարողանա առավելագույն ձևով դրսևորել իրեն: Այդ պահից սկսած ՈՄԱ-ի պարապմունքները ռազմա-հայրենասիրական ուղղվածություն ստացան: Քառօրյա պատերազմին Աշխենի մասնակցությունն անհնար էր, թեև շատ էր ցանկանում, քանի որ այդ ընթացքում Բռնցքամարտի աղջիկների Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 15-28-ը Աստանայում կայանալիք աղջիկների աշխարհի առաջնությանը:
Աշխենի խոսքով Վովա Վարտանովը կարևորում էր լիարժեք պատրաստվածությունը, ուստի տղաների և աղջիկների միջև տարբերություն չէր տեսնում: Առավել ակտիվ ու պատրաստված աղջիկները նրա նշանակմամբ սկսեցին ղեկավարել խմբերը: Աշխենը սիրով էր հետևում ՈՄԱ-ի պահանջներին ու կանոններին, այն, ինչ որոշ աղջիկներևի համար դժվար էր, Աշխենը դյուրությամբ էր կատարում: Ուստի նրան վստահվեց խմբերից մեկի ղեկավարումը: Հավաքները հիմնականում անցկացվում էին Արցախի Հանրապետության Քարվաճառի /Քելբաջար/ շրջանում:
ՈՄԱ-ում նա ծանոթացավ իր ապագա ամուսնու՝ Իշխան Գևորգյանի հետ: Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 2018 թվականին՝ Մասիս սարի գագաթին:
ՈՄԱ-ում ներգրավված լինելով դիպուկահարների խմբում, Աշխենն այստեղ էլ ցուցաբերեց գերազանց տվյալներ: Սակայն արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելու նրա ցանկությունը դարձյալ չիրականացավ՝ նորածին դստերը կերակրելու պատճառով: Աշխենը պատերազմին մասնակցող ամուսնուց, եղբայրներից ու քրոջից հետ չմնաց:
–ՈՄԱ-ում անցկացրած տարիներին շատերի համար օրինակ եմ ծառայել, նրանք, ովքեր թերահավատ էին սեփական ուժերին, կարողացել եմ ոգևորել ու ներգրավել կազմակերպության մեջ: ՈՄԱ-ում ընդգրկված կամավորների 30-40 % -ը կանայք ու աղջիկներ են, ու նրանցից շատերը պատերազմի դաշտում վիրավորներին բուժօգնություն էին ցուցաբերում: Ու թեև ես չկարողացա ռազմաճակատ մեկնել, որոշեցի այլ ձևով իմ մասնակցությունն ունենալ ընդհանուրի գործին՝ զանգերով, անգամ արտասահմանից կազմակերպում և Արցախ էի ուղարկում այն ամեն անհրաժեշտը, ինչը հարկավոր էր ճակատում կռվող զինվորներին:
Աշխենը համոզված է, որ կարճ ժամանալ անց նախկին ակտիվությամբ կմասնակցի ՈՄԱ-ի պարապմունքներին: Այսօր էլ նրա և ամուսնու սիրելի զբաղմունքը հանգստյան օրերին բարձր ու դժվար հաղթահարվող լեռներում իրականացվող արշավներն են:
WomenNet.am-ի հետ զրույցի ավարտին Աշխեն Հովհաննիսյանը նշեց, որ իր երեխաներին դաստիարակելու է այն նույն ոգով, ինչով ինքն է դաստիարակվել: Նրա համոզմամբ հայկական բանակում տղաների հետ մեկտեղ պետք է ծառայեն նաև աղջիկները, գերազանց տիրապետեն ռազմարվեստին, ինչպես Իսրայելի բանակում է: Այդ դեպքում կունենանք էլ ավելի հզոր բանակ:
–Հայրենիքին ծառայելը, նրա անկախության համար կռվելը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է՝ լինի տղամարդ թե կին: Այդ առումով «Ողջ մնալու արվեստը» կազմակերպությունը նախատիպ է, ուստի զարմանալի չէ, որ մեր շարքերը համալրվում են նոր կամավորներով,- ասում է Աշխեն Հովհաննիսյանը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 1090