Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 23.4% է

 

Միջխորհրդարանական միության վերջին տվյալներով՝ կանանց ներկայացվածությունն աշխարհի միապալատ խորհրդարաններում միջինում կազմում է 23.4%  է: ԵԱՀԿ երկրներում  միջին ցուցանիշը 26,6 % է: Կանանց խորհրդարանական մասնակցության արաբական աշխարհի երկրներում՝ 18.9% է : Հայաստանի Ազգային ժողովում կանանց ներկայացվածությունը 18% է դարձել,   ինչի շնորհիվ  Հայաստանն  այդ ցուցանիշով  բարելավել է իր դիրքերը  Միջխորհրդարանական միության   ռեյթինգային աղյուսակում՝ զբաղեցնելով  այժմ 110-րդ տեղը 193 երկրից ,  նախորդ  160 –րդ տեղի փոխարեն:  Վրաստանում կանանց ներկայացվածությունը  խորհրդարանում  անցյալ տարվա ընտրությունների  արդյունքներով   16% է  և Ադրբեջանում 2015-ի ընտրությունների արդյունքներով   16.8 %  է: 

Ի դեպ , Վրաստանի  2016-ին  տեղի ունեցած  խորհրդարանական ընտրությունների արդյունքներով  Վրաստանի օրենսդիր մարմնում, որն  ունի 150 անդամ, ընդգրկվել է 24 կին՝ նախորդի 18-ի փոխարեն: Նշենք, որ գենդերային քվոտան Վրաստանի Ընտրական օրենսգրքում ամրագրված չէ և պարտադիր բնույթ չի կրում: Սակայն «Քաղաքական միավորումների մասին» օրենքով նախատեսված է, որ այն կուսակցությունները, որոնք  կընդգրկեն իրենց նախընտրական ցուցակներում առնվազն  25-30% կանանց որոշակի ֆինանսական խրախուսում կստանան  պետական բյուջեից: Նախընտրական ցուցակների վերլուծությունը ցույց տվեց, որ նույնիսկ  ֆինանսական խրախուսման ակնկալիքով  շատ քիչ կուսակցություններ  քաղաքական կամք դրսևորեցին  ավելի մեծ թվով կանանց  ներգրավելու առումով:  

 

  Դրա հետ մեկտեղ,  նորընտիր    կանանց  ներգրավածությունը  Վրաստանի խորհրդարանի  ղեկավար  պաշտոններում բավականին բարձր է.   խոսնակի 6 տեղակալներից երկուսը կանայք են, իսկ 15 հանձնաժողովների ղեկավարներից  5-ը կանայք են:  Մասնավորապես, կանայք ղեկավարում են  Մարդու իրավունքների ու քաղաքական ինտեգրացիայի,  Կրթության, գիտության, մշակույթի, Եվրաինտեգրացիայի, Իրավական հարցերի ու  Արտաքին կապերի հանձնաժողովները: Հիշեցնենք, որ Հայաստանի նորընտիր  խորհրդարանում 3 փոխնախագահներից   մեկն է կին,  իսկ 9 մշտական հանձնաժողովներից միայն մեկը ՝ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովն է   կին ղեկավարում:

 

Նշենք, որ աշխարհի խորհրդարանների 278 խոսնակներից  53-ը  կամ  19.1%-ը  կանայք են: Նախագահի   տեղակալների պաշտոնը զբաղեցնող  խորհրդարանների  595 անդամներից  158-ը կամ  26.6%-ը կանայք են:  Ընդհանուր առմամբ , 172 երկրների  խորհրդարանների  230 պալատներից  102-ը առնվազն մեկ փոխխոսնակ կին ունեն:  

 

 

 

Դիտումների քանակը` 3161

Գլխավոր էջ