Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Ինչպես և սպասելի էր՝ Ազգային Ժողովի մեծամասնությունն այսօր մերժեց ԲՀԿ խմբակցության պատգամավորիների հեղինակած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը, որին դեռ ուրբաթ օրը բացասական եզրակացություն էր տրվելԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագիծը, հիշեցնենք, մի շարք փոփոխություններ էր առաջարկում նշված օրենքում, որոնց առանցքում գլխավորն էր՝ վերացնել խտրականությունը աշխատող և չաշխատող մայրերի միջև և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր մայրերին: Նշված փոփոխության ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ կլներ լրացուցիչ շուրջ 15.7 մլրդ դրամ:
«Ես ուզում եմ իմ հարգելի գործընկերներին հիշեցնեմ, որ նախագիծը վերաբերում է չաշխատող մայրերին ևս՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար գումար տրամադրելու առումով: Հարգելիներս, մեծ-մեծ խոսալով չի, թե սոցիալական ողջ փաթեթը հնարավորինս ապահովում ենք և այլն: Կա հստակ առաջարկ. եթե աշխատող մայրերը ստանում են մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար նախատեսված գումար, ապա, կարծում եմ, տրամաբանությունը հուշում է, որ այն մայրերը, որոնք չեն աշխատում դրա կարիքն առավել ևս ունեն»,- իր խոսքում մատնանշեց նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը՝ հորդորելով պատգամավորներին հաշվի առնել այդ հանգամանքը և ըստ այդմ քվեարկել: Բայց հիմնական ընդդիմադխոսը, ինչպես և ուրբաթ օրվա նիստում, հանդես եկավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ հիշեցնելով, որ իրենց առաջարկվել է ձգել այս նախագծի քննարկումը, հատկապես, որ այս պահին օրակարգում արդեն իսկ ներառված է ՕԵԿ պատգամավորների գրեթե համանման մի նախագիծ, որը վերաբերում է նույն «Պետական նպաստների մասին» օրենքին: Երկրորդը, Հակոբ Հակոբյանը փաստացի մեղադրեց ԲՀԿ-ի պատգամավորներին.
«Օրենքի նախագիծը վերաբերվում է աշխատող մոր ծրագրի անվան տակ չաշխատող մորը փող տալուն: Մենք այստեղ ունենք սոցիալական լուրջ խնդիր՝ ո՞ր երեխային փող տալ, աշխատո՞ղ թե չաշխատող մոր կամ ո՞ր մորը փող տալ՝ աղքատ ընտանիքի, թե ոչ, սա է խնդիրը»,- հայտարարեց նա: Թե ինչ էր ուզում ավելացնել ասվածին Հ.Հակոբյանը թույլ չտվեց ժամանակը, բայց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց իր տեսակետը.
«Արդեն երկու տարուց ավելի է ՕԵԿ-ի կողմից համանման օրենքի նախագիծ կա շրջանառության մեջ դրված, որով մենք առաջարկում ենք, որ բոլոր մայրերը՝ անկախ նրանից աշխատում են, թե չեն աշխատում ստանան երեխայի խնամքի համար միանվագ նպաստ: Կառավարությունը չի մերժել այն, ուղղակի առաջարկել է քննարկել 2015թ-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ»,-հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավորը: Բացի այս, նա առաջարկեց ԲՀԿ-ականներին որոշակի ժամանակ, ինչպես ասում էր Հակոբ Հակոբյանը, ձգել և համադրել միմյանց այս երկու նախագծերը, մշակել այնպիսին, որ բոլոր կողմերի կողմից ընդունելի կլինի.
«Քննարկենք, այդ թվում և առաջնահերթություն տանք մեր ուսանող մայրերին ևս»,- հավելեց իր խոսքը Հովհաննես Մարգարյանը: Պատգամավորի առաջարկը դրական արձագանքի արժանացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից, ով նկատեց, թե զարմանում է՝ ինչո՞ւ չի համաձայնվում ԲՀԿ-ն այս տարբերակին:
Սակայն ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ մեծ օրակարգում ԲՀԿ առաջարկած նախագծի ներառվելը որևէ կերպ չէր խանգարի գործընթացին, անգամ եթե ՕԵԿ-ն էլ նմանատիպ նախագիծ ունի.
«Պարոն Աբրահամյան, փոքր-ինչ ճիշտ չէ, որ այսօր օրակարգում ունենք մահացած ծնված երեխաների ծնողներին էլ նպաստ տալու հարցը, իսկ այս կարգի նպաստի հարցը մերժում ենք ու չենք ներառում օրակարգ»,- հայտարարեց նա՝ նկատի ունենալով ՀՀԿ-ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների առաջարկվող փոփոխությունները, որոնք նախատեսում են միանվագ նպաստի տրամադրում նաև այն ծնողներին, որոնց երեխան մահացած է ծնվել: Այս փոփոխությանը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել:
Էնզելա Մակարյան
P.S. Քվեարկության արդյունքները` կողմ` 45, դեմ` 67, ձեռնպահ` 1: Կին պատգամավորները քվեարկել են այս օրենքին ըստ իրենց քաղաքական պատկանելիության…
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»
Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է
Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար
Ինչպես խրախուսել բազմազավակությունը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »
Դիտումների քանակը` 5199