«Աշխատողները շատ հաճախ ստիպված են լինում համակերպվել իրենց իրավունքների ոտնահարման հետ». ՄԻՊ զեկույց
Վերջերս հրապարակված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվում Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներին: Խնդիրը առավել քան արդիական է ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի համատեքստում, որի հիմնական գաղափարը աշխատողի և գործատուի միջև հարաբերությունների ազատականացումն է: Նախագիծն, ինչպես հայտնի է, մասնագետների մտահոգությունն էր առաջացրել այն առումով, որ առաջարկվող ազատականացումը կարող է էլ ավելի խորացնել աշխատողների իրավունքների ոտնահարումը: Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը գալիս է ապացուցելու, որ այդ մտահոգությունն անհիմն չէ , հատկապես, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկված նախագիծը զեկույցում ներկայացված խնդիրների լուծումներ չի պարունակում….
Աշխատանքի շուկայում խնդիրները բազմաթիվ են…
Պաշտպանի զեկույցում նշված է, որ աշխատանքի շուկայում խնդիրները բազմաթիվ ու բազմապիսի են՝ սկսած աշխատանքային իրավունքների պահպանումից, վերահսկող արտադատական մարմնի բացակայությունից մինչև աշխատանքային իրավունքների խախտումների կանխարգելումը: Ըստ նրա, որքան էլ կարևոր է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, և դրանց իրագործման համար առկա են օրենսդրական պաշտպանության երաշխիքներ՝ դե-ֆակտո իրավիճակը լրիվ այլ է: Աշխատանքի շուկայում առկա խախտումների հիմնական պատճառներ են անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին ոչ բավարար իրազեկումը, ինչպես նաև աշխատողների իրավունքների պաշտպանության թույլ աստիճանը: Ավելին, փաստում է ՄԻՊ-ը, աշխատողներն իրենց աշխատանքը չկորցնելու համար շատ հաճախ ստիպված են լինում համակերպվել իրենց իրավունքների ոտնահարման հետ՝ ելնելով իրենց սոցիալ-տնտեսական վիճակից, թափուր աշխատատեղերի սակավությունից, աշխատաշուկայի ոչ այնքան մեծ լինելու հանգամանքից: «2017 թվականին արձանագրված աշխատանքային իրավունքների խախտման դեպքերն ու խնդիրները կարելի է դասակարգել հետևյալ հիմնական խմբերի. գործատուների կողմից վերջնահաշվարկի չկատարում, աշխատանքից աշխատողի անհիմն ազատում, աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին աշխատողներին օրենքով սահմանված ժամկետներում ծանուցման չկատարում, աշխատաժամանակի հետ կապված՝ աշխատավարձի այլ հաշվարկի կիրառում, փորձաշրջանի դիմաց վարձատրության չտրամադրում և այն»,- նշված է զեկույցում։
Աշխատաշուկայում կանանց նկատմամբ խտրականության խնդիրը
Այս բոլոր խնդիրները հավասարապես, եթե ոչ ավելի հաճախ, առնչվում են կանանց: Ավելին՝ Պաշտպանի զեկույցում մի ամբողջ գլուխ նվիրված է կանանց աշխատանքային իրավունքների ոտնահարմանը: Մասնավորապես, նշվում է, որ թեև աշխատանքային իրավահարաբերությունների հարցում կանանց և տղամարդկանց միջև խտրական նորմեր առկա չեն, այնուամենայնիվ 2017 թվականին շարունակվել է համակարգային առումով չլուծված մնալ աշխատաշուկայում կանանց և տղամարդկանց անհավասարության խնդիրը, որը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվում է տարիներ շարունակ: Չնայած առկա օրենսդրական կարգավորումների՝ փաստացի գոյություն ունի կանանց նկատմամբ ուղղահայաց (կարիերայի աստիճանների ոչ հավասար մատչելիություն) և հորիզոնական (ըստ մասնագիտությունների և հատվածների) խտրականություն: Սա վկայում է այն մասին, որ նախ առկա են որոշակի կարծրատիպեր կանանց աշխատանքային ներգրավվածության հարցում, ինչպես նաև ակնհայտ է, որ կանանց աշխատանքային իրավունքների իրացման հարցում հավելյալ երաշխիքներ անհրաժեշտություն կա:
«Խնդիրն այն է, որ կանայք բարդություններ են ունենում թե՛ աշխատանքի ընդունվելիս, թե՛ աշխատանքը երեխայի ծննդյան պարագայում պահպանելիս, թե՛ աշխատավայրում առաջխաղացման տեսանկյունից: Այսպես, աշխատանքի թափուր տեղերի համար տրվող հայտարարությունների և այդ թափուր հաստիքների համալրման գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք շատ հաճախ պարունակում են խտրական դրսևորումներ: Մասնավորապես, հաճախ հանդիպում են աշխատանքի հայտարարություններ, որտեղ աշխատանքի ընդունման հիմնական նախապայմանն է, օրինակ, կնոջ տարիքը կամ բարետես արտաքինը: Միաժամանակ, որոշ դեպքերում խտրականության դրսևորման հետևանքով կնոջն աշխատանքի չեն ընդունում, և նախապատվություն է տրվում ավելի ցածր որակավորում ունեցող տղամարդ դիմորդին (նման խնդիրը հատկապես նկատելի է երիտասարդ կանանց պարագայում, ում դեպքում գործատուները վախենում են կնոջ՝ մայրության արձակուրդի գնալու հավանականությունից): Աշխատանքի ընդունվելու պարագայում մայրության արձակուրդից վերադառնալու հարցը ևս համակարգային խնդիր է: Նախ, կանայք իրենց երեխաների խնամքի կազմակերպման հարցում ունենում են բարդություններ: Մասնավորապես, նախադպրոցական կրթական հաստատությունները երեխաների ընդունելությունը հազվադեպ դեպքերում են կազմակերպում մինչև երեխայի 2-3 տարեկան լրանալը, իսկ աջակցության այլ ծրագրեր առկա չեն: Նշվածի հետևանքով կինը շատ հաճախ կանգնում է մայրանալու կամ աշխատելու ընտրության առջև, ինչը կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ ծնելիության ցուցանիշի վրա: Ավելին, գաղտնիք չէ, որ նախադպրոցական կրթական հաստատություններում երեխաների նախադպրոցական կրթությունը իրականացվում է մինչև ժամը 17:00-ը, իսկ աշխատանքային ժամերը Հայաստանում մինչև 18:00-ն են: Նշվածը հավելյալ բարդություններ է ստեղծում աշխատող ծնողների, հատկապես աշխատող մայրերի համար: Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը որևէ արտոնություն չի նախատեսում նման դեպքերի համար»,- մատնանշում է Պաշտպանը այն բոլոր խնդիրները, որոնց բացմիցս անդրադարձել է նաև իր հրապարակումներում WomenNet.am-ը:
«Դայակ պետության հաշվին» ծրագրի գաղափարը դրական է, սակայն…
Պաշտպանը անդրադարձ է կատարում նաև «դայակ պետության հաշվին» ծրագրին՝ դրական որակելով գաղափարը, բայց և նշում, որ առկա չեն աջակցության ծրագրեր այն կանանց համար, որոնք երեխայի խնամքի արձակուրդից հետո վերադառնում են աշխատավայր և հաճախ մրցունակ չլինելով` կորցնում են իրենց աշխատանքը: Բացի այդ, դեռևս առկա են կնոջը «հարիր» և «հարմար» աշխատատեղերի մասին հանրային կարծրատիպեր. այսպես, կանանց թվաքանակը հատկապես մեծ է կրթության, առողջապահության, բնակչության սոցիալական ապահովության, առևտրի, մշակող արդյունաբերության, իսկ տղամարդկանցը՝ պետական կառավարման և պաշտպանության, առևտրի, մշակող արդյունաբերության և շինարարության ոլորտներում:
Կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերություն
Պաշտպանը արձանագրում է, որ Հայաստանում կանանց ամսական միջին աշխատավարձը տնտեսության բոլոր հատվածներում զիջում է տղամարդկանց միջին աշխատավարձին, և այդ խզումը կազմում է 35.9 տոկոս: «Նման պրակտիկան բխում է ոչ միայն աշխատաշուկայի կառուցվածքից, այլ առաջին հերթին հասարակությունում կնոջ դերի վերաբերյալ առկա կարծրատիպերից (օրինակ` փոքր քաղաքներում և գյուղական համայնքներում ընդունված է կարծել, որ տղամարդը պետք է աշխատի, կինը՝ խնամի երեխաներին և զբաղվի տնտեսությամբ): Դրա հետ մեկտեղ աշխատանքային իրավունքների և աշխատող-գործատու հարաբերությունների ստուգման և համակարգման համար պատասխանատու պետական իրավասու մարմնի բացակայության պարագայում խնդրի վերհանումն էլ ավելի է բարդանում»,- փաստում է Պաշտպանը և որպես լուծում առաջարկում խթանել կանանց հնարավորությունները՝ հաշվարկելով վերջիններիս կրթական, տնտեսական, սոցիալական ներուժը և կիրառելիությունն աշխատաշուկայի համապատասխան հատվածներում, մշակել և ներդնել աշխատաշուկայում տղամարդկանց և կանանց միջև մրցակցության ապահովման բաց և արդյունավետ մեխանիզմներ, նախատեսել ծրագրեր մայրության արձակուրդից վերադարձող կանանց՝ աշխատավայրում վերաինտեգրելու ուղղությամբ, նախատեսել մեխանիզմներ երեխաների խնամքը նախադպրոցական ուսումնական հաստատություններում մինչև ծնողի աշխատանքային ժամի ավարտը կազմակերպելու համար, զանգվածային լրատվական միջոցներով նպաստել աշխատաշուկայում կանանց դերի վերաբերյալ գոյություն ունեցող կարծրատիպերի վերացմանը:
Չարաշահումներ փորձաշրջանի տեսքով
Պաշտպանը արձանագրում է, որ Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածը գործատուների համար սահմանում է սեփական նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին աշխատողներին կոնկրետ ժամկետներում ծանուցելու իմպերատիվ պահանջ։ Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը: Սակայն Պաշտպանին հասցեագրված բողոքներից պարզ է դառնում, որ գործատուները հաճախ են խախտում սեփական նախաձեռնությամբ աշխատողներին աշխատանքից ազատելիս նախապես ծանուցման ժամկետները և ոչ պատշաճ ծանուցման դեպքում հրաժարվում են աշխատողներին վճարել անգամ Օրենսգրքով սահմանված տուժանքը:
Առանձնացվել է նաև աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ սահմանվող փորձաշրջանի խնդիրը: WomenNet.am-ը ավելի վաղ գրել էր, որ որոշ անբարեխիղճ գործատուներ փորձաշրջանի անվան տակ բավականին գումարներ են տնտեսում՝ փորձաշրջանի ավարտին հեռացնելով մի աշխատակցի և նրա փոխարեն ընդունելով՝ դարձյալ փորձաշրջանով, մեկ այլ աշխատողի: Հիմնականում այս պրակտիկայից տուժում են երիտասարդները: Պաշտպանն արձանագրում է, որ ըստ օրենքի՝ փորձաշրջանը կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ, իսկ փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով: Նշվում է, որ փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են նշյալ օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով: Սակայն իրական կյանքում այստեղ ևս կան խնդիրներ:
Առկա է պետական վերահսկողության պակասը
Զեկույցում ամրագրվում է, որ օրենսդրության նորմերի պահպանման նկատմամբ առկա պետական վերահսկողության պակասը և աշխատանքային իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ գործատուների և աշխատողների իրազեկման գործողությունների անբավարարությունը սահմանափակում են իրավունքների խախտման հետ կապված դեպքերի կանխարգելումը։ Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է Մարդու իրավունքների պաշտպանների կողմից: Պաշտպանը հիշեցնում է, որ 2013 թվականին վերակազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչությունը, որը ճանաչվել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդը: Սակայն Առողջապահական պետական տեսչությունը 2015 թվականի հունվարի 9-ից լիազորված է իրականացնելու միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքով և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված աշխատանքի անվտանգության ապահովման և առողջության պահպանության նորմեր պարունակող իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն։ Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ վերը նշված ոլորտներից բացի՝ աշխատանքային հարաբերությունների ընթացքում առաջացող և առհասարակ ոլորտում առկա այլ խնդիրների քննարկմամբ և լուծմամբ, հսկողության և վերահսկողության իրականացմամբ Առողջապահական պետական տեսչությունը չի զբաղվում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի հուլիսին գրությամբ դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմ, որով ներկայացրել է ՀՀ կողմից աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում առաջացած մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են ներկայում Հայաստանում աշխատանքի տեսչության գործառույթների բացակայությամբ:
«Թեև ըստ Նախարարության տրամադրած պարզաբանումների՝ 2017 թվականի ընթացքում համապատասխան իրավասու մարմին (տեսչություն) հիմնադրելու ուղղությամբ իրականացվել են որոշակի քայլեր, այնուամենայնիվ հարկ է նշել, որ ՀՀ-ում անձանց աշխատանքային իրավունքների համակարգային խախտման խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ստեղծել աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների պահպանման ու պաշտպանության ապահովման, աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների վերացման ու կանխարգելման նկատմամբ իրավասություն ունեցող իրավասու արտադատական մարմին; զանգվածային լրատվության միջոցներով շարունակել հասարակությանը իրազեկել աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության ուղիների վերաբերյալ; վերանայել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների մանկավարժական, բժշկական և սպասարկող անձնակազմերի աշխատավարձերի չափը»,- նշվում է զեկույցում։
Պատրաստեց՝ Լիա Խոջոյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք աշխատանքի շուկայում/ ինֆոգրաֆիկա
«Կանայք՝ գործարարություն և օրենք 2018». բարելավել աշխատանքային օրենսդրությունը կանանց համար
10 փաստ աշխատանքի շուկայում կանանց ու տղամարդկանց անհավասարության մասին
Կանանց գործազրկությունը Հայաստանում ամենաբարձրն է հետխորհրդային երկրներից
Կանայք աշխատանքի շուկայում. լույս է տեսել «Կինը և քաղաքականությունը» թերթի նոր համարը
Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվելու Աշխատանքային օրենսգիրքը
Ինչու ես չեմ կարողանա օգտվել «դայակ պետության հաշվին» ծրագրից
«Արդյո՞ք «դայակ պետության հաշվին» ծրագիրը կծառայի իր իսկ հայտարարած նպատակին». երկու կարծիք
Ինչպե՞ս է արգելակվում կանանց մուտքն աշխատաշուկա
«Աշխատանք փնտրողների 65%-ը կանայք են»
«Աշխատանքային իրավունքների խախտումները պետության կողմից լիարժեք կերպով չեն վերահսկվում»
Երիտասարդ մայրերը դժվար ընտրության առաջ են կանգնում
Կառավարությունը մերժեց «Ելք»–ի նախաձեռնությունը աշխատանքային ժամերը կրճատելու մասին
Դիտումների քանակը` 3204