Աշխատանք թե՞ երեխա. ինչու Հայաստանում ամուսնական զույգերը ուզում են շատ երեխաներ ունենալ, բայց ունենում են` քիչ
Այս տարվա Բնակչության համաշխարհային օրվա թեման վերաբերում էր հիսուն տարի առաջ, 1968 թվականին , Թեհրանում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների միջազգային համաժողովում ընդունված հռչակագրին, ըստ որի աշխարհը որպես մարդու հիմնարար իրավունք ճանաչեց «ծնողների իրավունքն ազատ որոշելու իրենց երեխաների թիվն ու նրանց միջև միջակայքերը»: Նշենք նաև, որ այս իրավունքն անմիջականորեն կապված է նաև կանանց հզորացման, աղքատության կրճատման և կայուն զարգացման հասնելու խնդիրների հետ:
Երեխաներ թիվը որոշելու իրավունքի իրականացման հարցում իր դերն ունի պետությունը, և այն կայանում է նրանում, որ ընտանիքը պլանավորման գործընթացը չխոչընդոտվի պետական քաղաքականության անկատարության պատճառով: Այստեղից էլ հարց , ինչու, օրինակ Հայաստանում, առնվազն երեք երեխաներ ունենալու ամուսնական զույգերի ցանկությունը մարում է երկրորդ և նույնիսկ առաջին երեխան ունենալուց հետո:
Այս հարցին փորձել է պատասխանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2017-ին իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրությունը, որն իրականացվել է 2017-ին Երևանում և ՀՀ 4 մարզերում` Գեղարքունքիում, Լոռիում, Շիրակում և Տավուշում՝ ընդհանուր թվով 2301 տնային տնտեսությունների շրջանում:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացվեցին հուլիսի 11-ին՝ Բնակչության համաշխարհային օրվա առիթով: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյան Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ ըստ հետազոտության արդյունքների, Հայաստանում խնդիր է շարունակում մնալ ընտանիքներում ցանկալի երեխաների և փաստացի երեխաների թվաքանակի տարբերությունը: «Այսինքն մեր զույգերը ցանկանում են ունենալ ավելի շատ երեխաներ, բայց ունենում են ավելի քիչ: Պետությունը պետք է համապատասխան միջավայր ստեղծի, աջակցության մեխանզիմներ մշակի, որպեսզի զույգերը կարողանան ունենալ հաջորդ պլանավորած երեխան, որը վտանգ չի սպառնա իրենց ընտանիքի բարեկեցությանը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ զույգերը մի կողմից պատրաստ են և ուզում են աշխատել, բայց մյուս կողմից ծնողական պարտականությունների իրականացման խնդիր ունեն»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ժողովրդագրության բաժնի պետ Անի Ասլանյանն ասում է, որ ըստ հետազոտության արդյունքների,զույգերի մոտ երեխաների ցանկալի թիվը հիմնականում եղել է 3-ը, սակայն նրանց մեծ մասը` 50 %ից ավելին, ունեցել է 2 երեխա, իսկ 20,5 %ը՝ մեկ երեխա:
«Երեք երեխա ունեցել է ` 18,5 %ը, թեև կանայք (42 %), թե տղամարդիկ (36 %) նախընտրում են ունենալ 3 երեխա»,-ասում է Ասլանյանը:
Որո՞նք են պատճառները
Ըստ ուսումնասիրության` կան որոշ խոչընդոտներ, որոնց պատճառով հարցված տնային տնտեսությունների 63.8%-ն այլևս չի պլանավորում երեխա ունենալ: Այսպես, առաջիկայում երեխա չունենալու հիմնավորումներում ամենահաճախը հանդիպել են հետևյալ պատասխանները՝ Մտադրված ենք մեկնել հանրապետությունից (9.72%); Ունեցած թիվը բավարար է (9.59%); Ընտանիքի սոցիալական-տնտեսական վիճակը (6.11%); Ընտանիքի բնակարանային պայմանները (2.57%); Ամուսինների առողջական խնդիրներ (6.0%):
«Պատճառների թվում է, համապաստախան աշխատատեղի և արժանի վարձատրության բացակայությունը, ինչը կազմում է շուրջ 15 % և հաջորդաբար երկիրը լքելու ցանկությունն ու տրամադրվածությունը: Առաջիկա 2-3 տարիների ընթացքում երեխա պլանավորող զույգերը մեծապես ուշադրություն են դարձնում ոչ միայն ֆինանսական պայմաններին այլև բնակարանային պայմաններին»,-ասաց Ասլանյանը:
Ի դեպ, պատճառների ողջ սպեկտրը հստակեցվում է , երբ հարցվածները պատասխանում են ընտանիքում առնվազն երեք երեխա ունենալուն ուղղված պետական աջակցության մասին հարցին: Այստեղ արդեն առաջին պլան է մղվում ոչ թե աշխատատեղերի ավելացման ակնկալիքները (27.25%), այլ աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունները (24.92%), ծառայությունների մատչելիությունը և ֆինանսական աջակցությունը (29.53%): Այսինքն, ըստ էության, հարցվածների կեսից ավելին անբավարար են գնահատել պետական աջակցությունը երեխայի խնամքի կազմակերպման հարցում, ինչը և որոշիչ դեր է խաղացել է երրոդ երեխան ունենանլու հարցում:
Աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունների մասով (24.92%), հարցվածները ակնկալում են՝ Երեխայի խնամքի հետ կապված աշխատող մայրերին կրճատ աշխատաժամանակի ապահովումը վարձատրության չափի պահպանմամբ (9.6%); Աշխատանքի և երեխայի խնամքի միաժամանակյա իրականացման համար հնարավոր այլընտրանքների կիրառումը (7.37%); Հետծննդյան արձակուրդի վճարովի ժամկետի երկարացումը (6.4%); Ընտանիքում երեխաներին խնամող չունենալու կամ անհրաժեշտություն առաջանալու պարագայում անչափահաս երեխա ունեցող մայրերին տնային պայմաններում եկամտաբեր գործունեությամբ զբաղվելու պայմանների ստեղծումը (1.55%)։
Ծառայությունների մատչելիություն և ֆինանսական աջակցության (29.53%) հարցում ակնկալում են. Առողջապահական որակյալ ծառայությունների մատչելիության ապահովումը (9.31%); Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացումը (9.1%); Նախակրթական և կրթական ծառայությունների մատչելիության ապահովումը (6.5%); Ընտանեկան բիզնեսի համար, երեխաների թվաքանակից կախված, հարկային և վարկային արտոնությունների տրամադրումը (4.62%):
Ուսումնասիրության արդյունքները հանգեցնում են շատ կարևոր հետևության. եթե պետությունն այսօր մտահոգված է ժողովրդագրական ցուցանիշների բարելավման հարցով, ապա, առաջին հերթին, պետք է կատարելագործի քաղաքականությունն աշխատանքի և երեխայի խնամքի համատեղման, ծառայությունների մատչելիության հարցում՝ դրանով իսկ հանելով կանանց վրայից «աշխատանք թե՞ երեխա» երկընտրանքի ծանր բեռը և հաջողելով երկրի զարգացման գործընթացներում կանանց ներուժի պատշաճ օգտագործման հարցում:
Թ.Հ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Արդյո՞ք երեխայի ծննդյան նպաստների բարձրացումը բավարար միջոց է ծնելիությունը խրախուսելու համար
Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը
Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը
Հավասարությունը որպես ծնելիությունը բարձրացնելու բաղադրատոմս
Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում
«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…
Դիտումների քանակը` 2941