Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում. «Գենդեր»-ի դեմ պայքարը իրավական հիմքեր չունի
Նոյեմբերի 6-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային հանդիպումը ի հայտ բերեց այն հանգամանքը, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» թիվ 57 ՀՀ օրենքի շուրջ ողջ աղմուկը կառուցված է «Կիկոսի մահը» սկզբունքով եւ դրա դեմ հնչեցվող փաստարկները ոչ մի իրավական հիմքեր չունեն:
Ո՞վ ու ինչու՞ է աղավաղում օրենքի իրական նպատակներն ու իմաստը
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, կանանց ՀԿ-ների ներկայացուցիչներ, գենդերային հարցերով փորձագետներ,սոցիոլոգներ, իրավաբաններ, ինչպես նաեւ այն ՀԿ-ների ու քաղաքական ուժերի առաջնորդներ, որոնք դեմ են արտահայտվում թիվ 57 ՀՀ օրենքին:
Հիշեցնենք, որ վերջիններս սկզբից պահանջում էին չեղյալ համարել այդ օրենքը, քանի որ այն, ըստ իրենց, իբր այլասերվածություն է տարածում, ճանապարհ հարթելով նույնասեռականների ամուսնություններն արտոնելու համար, իսկ այժմ սահմանափակվել են «գենդեր» եզրույթից հրաժարվելու պահանջով, որը եւ ներկայացրել են Ազգային ժողով: Պահանջի հիմքում մտավախությունն է, որ այդ եզրույթը իբր սեռի փոփոխություն է ենթադրում եւ վերաբերվում է ոչ միայն կանանց ու տղամարդկանց, այլ նաեւ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց: Իրենց այս տեսակետը հիմնավորելու նպատակով նրանք խառնաշփոթ են ստեղծել նաեւ լրատվական դաշտում՝ մանիպուլյացիայի ենթարկելով իրար հետ կապ չունեցող միջազգային փաստափղթերը, աղավաղելով գենդերային տերմինաբանությունը, հրապարակայնորեն վիրավորելով անձանց ու կազմակերպություններին, որոնք բանականության կոչեր էին անում և հանրությանը բացատրում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքի իրական իմաստն ու նպատակները:
Հանձնաժողովի նախագահ՝ Էլինար Վարդանյանը առաջարկեց կարծիքներ փոխանակել թեմայի շուրջ եւ գտնել հարցի լուծում, որը կբացառի տարընթերցումները եւ կվերացնի օրենքի շուրջ անառողջ խոսակցությունները: Նրա խոսքով, հանձնաժողովը պատրաստ է լսել բոլոր կարծիքները, թեպետ նախնական քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ օրենքի վերաբերյալ հնչեցվող մտավախությունները իրավական հիմքեր չունեն: Օրենքը վերաբերվում է կանանց ու տղամարդկանց իրավունքնեիրին եւ չի շոշափում նրանց սեռական կողմնորոշման հարցերը, հետեւապես պետք չէ շփոթություն առաջացնել՝ կապելով այն նույնասեռականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող միջազգային փաստաթղթերի հետ: Իսկ եթե օրենքի դեմ արտահայտվողները դեմ են նույնասեռականների իրավունքների պաշտպանությանը թող այդպես էլ ասեն, չքողարկելով այդ նպատակը խնդրի հետ կապ չունեցող օրենքով կամ «գենդեր» տերմինով:
Օրենքի ընդդիմախոսները շատ են «հարգում» ու «մեծարում» կանանց…
Հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը իր ելույթում նշեց, որ օրենքի հիմքում Հայաստանի կողմից դեռես 1993-ին վավերացված «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին » ՄԱԿ-ի կոնվենցիան է, եւ վերջին քսան տարվա ընթացքում ինքը երբեւիցե չի լսել, որ որեւէ մեկը, այդ թվում օրենքի դեմ այսօր արտահայտվողները, անհամաձայնություն հայտնեին կանանց ու տղամարդկանց հավասարության վերաբերյալ:
Նա վիրավորական անվանեց Ազգային ժողովի օրենքի ընդդիմախոսների այն պնդումները, որ իբր պատգամավորները «կողմ» են քվեարկել առանց կարդալու, նշելով, որ օրենքը երկար ճանապարհ է անցել դեռ նախորդ գումարման ժամանակ է քննարկվել, այդ թվում խորհրդարանական լսումներ են եղել եւ այս պարագայում պարզ չէ՝ ինչու՞ հանկարծ հենց հիմա հայտնվեցին մտավախությունները:
Այդ նույն հարցը հետաքրքրում էր հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Զարուհի Փոստանջյանին: Նշենք, որ հարցի պատասխանը ըստ էության այդպես էլ չհնչեց… Պարզվեց միայն, որ օրենքի ընդդիմախոսները, իրենց իսկ խոսքով, «շատ են հարգում ու մեծարում կանանց» ու մինչեւ վերջերս չեն վախեցել այասերվել կանանց ՀԿ-ների հետ շփվելուց, սակայն այս տարվա մայիսին օրենքը ընդունելուց հետո «գլխի են ընկել» , որ «գենդեր»-ը կարելի է այլ կերպ մեկնաբանել : Եվ այստեղ է որ կանանց նկատմամբ նրանց հարգանքը վերածվել է վիրավորանքների ու սպառնալիքների եւ սկիզբ է առել կանանց ՀԿ-ների ու օրենքի վարկաբեկման գործընթացը…Ասել թե նրանք այսօր պատրաստ են հետ կանգնել այդ գործելաոճից , մեծ չափազանցություն կլիներ, քանի որ հանդիպման ընթացքում նույնիսկ ակնհայտ փաստարկներն ընդունելու նշույլ անգամ չնկատվեց:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը կարծիք հայտնեց, որ օրենքի շուրջ աղմուկը նախաձեռնողների մեջ, կան եւ հայրենասեր, եւ բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ, բայց նրանցից շատերը իրազեկված չեն, եւ ուղղորդվում են պատվեր կատարող մի խումբ մարդկանցով, որոնք, ինչ-ինչ նպատակներով դեմ են դուրս եկել այս օրենքին:
«Սեռ»-ը եւ «գենդեր»-ը տարբեր տերմիններ են
Հետագա քննարկումը ծավալվեց օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային» հասկացությունների շուրջ: Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ «գենդեր, գենդերային» եզրույթը հանելու կառավարության սկզբնական առաջարկն անընդունելի է , քանի որ հնարավոր չէ գենդերային հինախնդիրների վերաբերյալ օրենք ընդունել եւ չբացատրել, ինչ ենք հասկանում «գենդեր» ասելով: Նրա խոսքով նման մոտեցումը էլ ավելի լայն դաշտ կբացի տաարբնույթ մեկնաբանությունների համար եւ այս հարցում կառավարությունը հանձնաժողովի հետ համաձայն է: Ինչ վերաբերվում է մեկ այլ առաջարկին, որը ներկայցվել է օրենքի համահեղինակ Հեղինե Բիշարյանը, այն է՝ փոխարինել «գենդեր» բառը «սեռ» բարով, ապա , իր կարծիքով, դա նույնպես ընդունելի չէ, քանի որ «սեռ»-ը եւ «գենդեր»-ը տարբեր տերմիններ են: Կա եւս մեկ առաջարկ ՝ շտկել «գենդեր» եզրույթի բացատրությունը օրենքում, հրաժարվելով «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» բառակապակցությունից : Այս տարբերակը առաջարկվել էր Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի կողմից, բայց կառավարությունը այն մերժել էր: Այժմ, Արզումանյանի խոսքով, գուցե կարելի է այն քննարկել, թեպետ ինքը չի կարծում , որ «ձեռքբերովի վարք» արտահայտությունը ինչ-որ վտանգ է պարունակում :
«Խոսքը ընդամենը անձի սոցիալականացման մասին է, ինչը սովորական երեւույթ է», – նշեց Արզումանյանը: Հանդիպման մասնակից սոցիոլոգները հաստատեցին, որ այդ հասկացությունը վերաբերվում սոցիալականացման գործընթացին եւ այն չի կարելի մեկնաբանել որպես սեռի փոփոխություն, ինչպես դա փորձում են անել օրենքի ընդդիմախոսները:
Փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ «գենդեր» սահմանումը օրենքում տրվել է՝ հիմքում ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների մոդելային օրենքը, որն ընդունվել է 2005 թ. միջպառլամենտական 26-րդ նիստում: Ըստ այդմ՝ «գենդեր»-ը կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ է, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը եւ այլն»: Պարոն Բերիկյանը նշեց նաեւ, որ օրենքի ընդդիմախոսների պնդումները առ այն, որ Ազգային ժողովի կողմից 2013 թ. մայիսի 20-ին ընդունված օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ դրանից բխող այլ իրավական ակտերին, մասնավորապես ՀՀ Ընտանեկան օրենսգքրին եւ «ՀՀ կրթության մասին» օրենքին, բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Փոխնախարարը նույնպես ընդգծեց, որ օրենքի հիմքում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան է, որի շրջանակում պարբերական հաշվետվության մեխանիզմ է գործում եւ Հայաստանը պարտավորություն ունի ընդունել գենդերային հավասարության մասին օրենքը: Ինչ վերաբերում է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների և գենդերային ինքնության հետ խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը ուղղված ՄԱԿ-ի հռչակագրին կամ նույնանուն ԵԽԽՎ բանաձեւերին, ապա նրանք նախ ոչ մի կապ չունեն քննարկվող օրենքի հետ, եւ երկրորդը՝ իրենց կարգավիճակով պարտադրող փաստաթղթեր չեն հանդիսանում: Որպես ապացույց փոխնախարարը ներկայացրեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից տրված պաշտոնական տեղեկանքը:
«Գենդերային ինքնություն» տերմինի մեջբերումները իրավական տեսանկյունից պատշաճ չեն
Հանդիպման մասնակից փորձագետները իրենց հերթին թվարկեցին ՄԱԿ-ի այն փաստաթղթերը, որոնք անմիջականորեն վերաբերվում են գենդերային հավասարության խնդրին, դրանք են՝ 1995-ին ընդունված Պեկինի գործողությունների ծրագիրը եւ 2000-ի «Հազարամյակի զարգացման նպատակները»: Բանախոսները հաստատեցին, որ գենդերային հավասարության մասին փաստաթղթերի ցանկում չեն ընդգրկվել և չէին էլ կարող ընդգրկվել օրենքի դեմ արտահայտվողների կողմից հիշատակվող 2006 թ. Ջոկյակարտայում (Ինդոնեզիա) միջազգային փորձագետների մշակված «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված մարդու իրավունքների միջազգային-իրավական նորմերի կիրառման սկզբունքները», քանի որ դա ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ չէ, այլ ընդամենը փորձագիտական կարծիք: Հետևաբար չի կարող Հայաստանի համար «օրենսդրական բացարձակ ուժ ունենալ», ինչպես դա պնդում են խնդրից անտեղյակ որոշ գործիչները:
Ավելին այդ փաստաթղթի մեջ արծարծված «գենդերային ինքնություն» տերմինի մեջբերումները իրավական տեսանկյունից պատշաճ չեն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի և առհասարակ կառավարության կողմից որդեգրած գենդերային քաղաքականության առնչությամբ: Առավել ևս, որ «գենդերային ինքնություն» կամ «սեռական կողմնորոշում» եզրույթները չեն հիշատակվում թե՛ օրենքի տեքստում, թե՛ օրենքին առնչվող տերմինների շարքում, քանի որ թիվ 57 օրենքը սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հետ կապված խնդիրներ չի կարգավորում:
«Ժամանակին տրակտորն էլ էին ուզում թարգմանել»…
Օրենքի ընդդիմախոսների այն հարցին՝ ինչու՞ չի կարելի ընդհանրապես հրաժարվել «գենդեր» տերմինից, բացատրություն տրվեց, որ սեռերի միջեւ հավասարության մասին խոսելը անիմաստ է, իսկ գենդերային հավասարություն տերմինը արտահայտում է կանանց եւ տղամարդկանց հավասար կարգավիճակը սոցիալական, տնտեսական, քաղաքական միջավայրում: Բացի այդ «գենդեր» տերմինի դեմ բոլոր փաստարկները իրավական հիմք չունեն, նրանք միայն ենթադրությունների մակարդակում են: Ինչպես նկատեց Ֆիլարետ Բերիկյանը, հետխորհրդային տարածքի այն երկրները, որոնք ունեն գենդերային հավասարության մասին օրենքներ, այդ թվում մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը, չեն վախենում միջազգայնորեն ընդունված գենդերային տերմինաբանությունից: Մնում է միայն տարակուսել՝ ինչու այդ խնդիրը առաջացավ Հայաստանում… «Հռետորական հարց է», – արձագանքեցին օրենքի ընդդիմախոսները, ում ջանքերով, ինչպես նկատեցին ներկաները, այս վերջին երկու-երեք ամսվա ընթացքում հասարակությունը տեղեկացավ այլասերվածության այնպիսի դրսեւորումների մասին, որոնց մասին մինչ այդ չէր էլ լսել…
Հանդիպման մասնակից կանանց ՀԿ-ների ներկայացուցիչները եւ փորձագետները կարծիք հայտնեցին, որ գենդերային տերմինների շուրջ արհեստականորեն պարտադրվող բանավեճը չի կարող կասկածի տակ դնել պետության գենդերային քաղաքականության իմաստն ու բովանդակությունը: Այդ իսկ պատճառով նրանք դեմ են օրենքում որեւէ փոփոխությանը, հատկապես որ հասարակության մեջ «գենդեր» հասկացության թյուրըմբռնում երբեք չի եղել եւ նոր է առաջացել՝ օրենքի ընդդիմախոսների ջանքերով տարածվող ապատեղեկատվության արդյունքում: Այնպես որ խնդիրը ոչ թե օրենքի մեջ է, այլ դրա դեմ ծավալված միտումնավոր ապաքարոզչության, եւ ուղղակի անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել այդ ուղղությամբ ԶԼՄ-ներում եւ հասարակությունում:
Ինչ վերաբերվում «գենդեր» բառը հայկական որեւէ բառով փոխարինելու խնդրին, ապա Ֆիլարետ Բերիկյանը տեղեկացրեց ներկաներին, որ ժամանակին Տերմինաբանական կոմիտեն (այժմ՝ Լեզվի պետական տեսչությունը) հրաժարվեց լուծում տալ այդ խնդրին, առաջարկելով օգտագործել միջազգայնորեն ընդունված տերմինը: «Չեմ կարծում , որ կարիք կա բոլորի համար հասկանալի միջազգային տերմինը հայեցնելու մեջ, ժամանակին տրակտորն էլ էին ուզում թարգմանել», – նշեց նա:
Հանդիպման ավարտին հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ հանձնաժողովը պատրաստ է օրենքի «գենդեր, գենդերային» սահմանումներում որոշակի փոփոխություններ առաջարկել: Օրենքին դեմ արտահայտվողները խոստացան գրավոր առաջարկներ ներկայացնել հանձնաժողովին եւ կառավարությանը:
WomenNet.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Գենդեր» եզրույթի հետ կապված փոփոխությունները հետաձգվեցին. մանրամասներ քննարկումից
Բազմաչարչար օրինագիծը` կրկին կառավարությունում
Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »
Oրենքն անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել…/ հարցում
Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»
Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը
Փորձենք հասկանալ ինչի մասին է օրենքը / «Բանաձեւ» հաղորդում
ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»
Դիտումների քանակը` 3653