Անցյալ տարի ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում 5 կին է մահացել

2012 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտանեկան բռնության 766 դեպք: Լրագրողների հետ հանդիպմանը  ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հայտնեց, որ դրանցից 621-ն ուղղված է եղել իգական սեռի ներկայացուցիչների դեմբ, 145-ը արական սեռի ներկայացուցիչների,  իսկ անչափահասների դեմ ընտանիքում գրանցվել է բռնության 15 դեպք:

 

«Նախորդ տարիների համեմատ  ոստիկանությունում գրանցված ընտանեկան բռնության դեպքերի թիվն ավելացել է: Սակայն չի կարելի ասել, որ դրանց թիվն աճել է»,-ասաց բանախոսն ու բացատրեց, որ ոստիկանապետի պահանջով իրականացվումէառանձնացված քննություն, իրականացվում է համալիր աշխատանք, ինչի արդյունքում ներկայացվում է օբյեկտիվ պատկերը: Դուրյանի կարծիքով, ոստիկանության նկատմամաբ վստահությունը մեծացել է, ինչի արդյունքում մարդիկ ավելի շատ են դիմում ոստիկանությանը:

 

Հայկական ընտանիքներում ի՞նչ է նշանակում տղամարդու նկատմամաբ բռնություն: Հարցին ի պատասխան ոստիկանության գնդապետը նշեց, որ այս պարագայում բռնարարի դերում տղամարդն է` հիմնականում հայր ու որդի: «Ունենք մի դեպք, երբ աղջիկը սպառնացել է հորը»,-ասաց բանախոսը:

 

Միայն մի դեպքում` բռնարարի դերում հանդես է եկել իգական սեռի ներկայացուցիչը. «17-ամյա քույրը մարմնական վնասվածք է հասցրել 15 տարեկան եղբորը: Վիճաբանությունը եղել է հեռախոսի պատճառով»:

 

Անդրադառնալով կանանց նկատմամբ նախորդ տարվա ընթացքում իրականցված ընտանեկան բռնության դեպքերին, Ն. Դուրյանը նշեց, որ դրանց թվում են  սպանության 4 դեպք, սպանության հասցնելու մեկ դեպք, դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու 2 դեպք, առողջությանը թեթև վնասվածք պատճառելու 125 դեպք, ծեծի 423 դեպք:

 

Դուրյանի խոսքով, այս պահին հստակ վիճակագրություն չկա, թե որ մարզերից են ընտանեկան բռնության ահազանգով ոստիկանություն ավելի շատ դիմում, բայց մի բան հստակ է, առավել շատ ահազանգում են Երևանից:

 

Դուրյանը չի բացառում, որ կան դեպքեր, երբ բռնության մասին  չեն ահազանգում. «Ընտանիքում բռնությունը համարում են ներընտանեկան խնդիր, և չեն ցանականում այդ հարցը ընտանիքի պատերից դուրս գա»,-ասաց բանախոսը:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը նշեց, որ ոստիկանությանը դիմում են ֆիզիկական բռնության պարագայում, սակայն շատ կանայք ամեն օր ենթարկվում են հոգեբանական բռնության:

 

«Օրինակ տղամարդն ամեն օր բողոքում է, թե կինն ինչպես է դաստիարակում երեխաներին, ինչպես է եփում ճաշը, ինչպես է հագնվում»,- ասաց հոգեբանը, նշելով, որ անշուշտ կան  նաև դեպքեր, երբ տղամարդն է ենթարկվում հոգեբանական ճնշման: Հաճախ դա տեղի է ունենում   կին-տղամարդ դերերի փոփոխության հետևանքով, երբ ընտանիքում   “կերակրողի” դերում հանդես է գալիս կինը:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 5156

Գլխավոր էջ