Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Օրերս «Զանգակ» հրատարակչությունում լույս են տեսել հանրահայտ իտալահայ գրող Անտոնիա Արսլանի «Զմյուռնիայի ճանապարհը» վեպի հայերեն թարգմանությոնը և«Արտույտների ագարակը» գրքի երկրորդ հրատարակությունը ( հայերեն առաջին հրատարակությունը՝ 2007-ին էր) : Հրատարակությունն իրականացել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Երևանը գրքի մայրաքաղաք 2012» միջոցառումների շրջանակում:
Ապրիլի 24-ին «Զանգակ գրատանը» տեղի է ունեցել աշխարհահռչակ գրող Անտոնիա Արսլանի հանդիպումը հայ ընթերցողի հետ: Նրա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գիրքը թարգմանվել է մոտ 20 լեզուներով և ամբողջ աշխարհում իրացվել է հսկայական տպաքանակներով: Միայն Իտալիայում, որտեղ հայ համայնքն ընդամենը շուրջ 2000 մարդուց է բաղկացած, սպառվել է գրքի ավելի քան 300.000 օրինակ:
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքի հայերեն թարգմանությունը (թարգմանող՝ Սոնա Հարությունյան, խմբագիր՝ Սոնա Սեֆերյան) հրատարակվել է 2007-ին, իսկ 2012-ին «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է 2-րդ՝ «Զմյուռնիայի ճանապարհը» գրքի հայերեն թարգմանությունը և վերահրատարակել գրքի առաջին մասը:
Հեղինակի հետ հանդիպման շրջանակներում «Զմյուռնիայի ճանապարհը» գրքի հայերեն թարգմանությունն (թարգմանող՝ բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյան) առաջին անգամ ներկայացվել է ընթերցողին:
Միջոցառման ընթացքում Անտոնիա Արսլանը նշել է, որ թեև արդեն 5-րդ անգամ է այցելում Հայաստան, սակայն առաջին անգամ է, որ Հայաստանում է ապրիլի 24-ին և հնարավորություն ունի հենց այդ օրը Ծիծեռնակաբերդում խնկարկելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նշենք, որ Անտոնիա Արսլանը՝ իտալական արդի և ժամանակակից գրականության պրոֆեսոր Պադովայի համալսարանում, 2004-ին գրեց իր առաջին վեպը՝ «Արտույտների ագարակը», որը հեղինակին բերեց համաշխարհային ճանաչում: Ի դեպ, բոլորովին վերջերս՝ 2012-ին, Իտալիայում լույս է տեսել նրա նոր գիրքը, որը պատմում է «Մշո ճառընտիր» հայկական ամենամեծ ձեռագիրը Եղեռնի ժամանակ փրկած երկու հայ կանանց մասին:
Դիտումների քանակը` 7462