Անտարբերության վտանգավոր դասերը
76-ամյա Արևհատ տատիկը, ով անցել է Արցախյան ազատամարտը, երկու որդի կորցրել ու սեփական ճակատագրի գնով գիտի, թե ինչ է հայրենիքը, ապրում է ավտոտնակում, սոցիալապես ծանր պայմաններում: Հայրենիքը չի ընդունում նրան, թեքվել է նրանից ու չի ցանկանում հանգիստ ու մարդավայել ծերություն նվիրել մի կնոջ, ով ամեն ինչ կորցրել է նույն այդ հայրենիքի բարեկեցության ու վաղվա օրվա համար: Եվ ստիպված Արևհատ տատիկը միացել է մի խումբ ազատամարտիկներին, ովքեր երկու ամիս առաջ Ազատության հրապարակում նստացույց էին սկսել : Այսօր նրանք կրկին հրապարակում են ՝ ոմանք հացադուլ են անում, մյուսները շուրջօրյա նստացույց … Պահանջում են սոցիալական վիճակի բարելավում` թոշակների եւ նպաստների 50 տոկոս բարձրացում, կոմունալ վճարումների 50 տոկոս զեղչ, բնակարանային խնդիրների լուծում… Բոլոր հարցերը վաղուց շարադրվել են թղթի վրա ու ներկայացվել կառավարությանը…
«Ազատամարտիկ եմ, զոհված ազատամարտիկի մայր…. 2000 թվականից բնակարանի բարելավման հերթացուցակում եմ, 2010 թ-ի մայիսի 4-ին ընդունելության եմ եղել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ և նախարարը կարգադրեց սոցվարչության պետ Սուրեն Հարությունյանին, որպեսզի անհապաղ, արտահերթ բավարարվի իմ խնդրանքը: Բայց մինչ օրս, փաստացի, դրսում եմ»,- Ազատության հրապարակում WomenNet.am-ի հետ զրույցում ասաց Արևհատ Մարտիրոսյանը:
Նախարարի հանձնարարականը սակայն , ըստ էության անտեսվում է: Մեծահասակ կնոջը երկար-բարակ տանել-բերելուց հետո՝ այս թուղթն է պակաս, այն թուղթն է պակաս, 2012-ին նրան ասում են, թե նա ցուցակում երրորդն է: Բայց դա էլ չի օգնում.
«Այս հունվարին նախարարություն գնացի, ասեցին, թե մի քանի ամիս անց գամ, բայց ես չդիմացա, փետրվարին գնացի ու իմացա, որ 70 ընտանիքի բավարարել են, բայց երբ իմ հարցը կլուծվի ոչ ոք չգիտի: Ասացի լավ, ինձանից չնեղանաք. նամակ գրեցի Սեյրան Օհանյանին, նորից պահանջեցի ընդունելություն, որովհետև իր կարգադրությունը չեն կատարել»,- հուզված պատմեց Արևհատ տատիկը ու էլ ավելի հուզվեց, երբ հիշեց նամակին ստացված պատասխանը.
«Ինձ գրել էին, որ առաջնահրեթ բավարարելու են զոհված ազատամարտիկների ու վիրավորված ազատամարտիկների ընտանիքներին, իսկ վերջում նոր կանդրադառնան իմ հարցին… հիմա էլ 17-ն եմ, թեև 3-րդն էի: Նստացույցի առաջին օրերին տղաներն ասացին, որ Հարությունյանն այստեղ է, զրուցում էտղաների հետ: Մոտեցա, ասացի` պարոն Հարությունյան, անհարմար չեք զգում, որ ինձ խաբում եք, չէ որ ես 3-րդ համարն էի, ո՞նց եղավ, որ բողոքարկելուց հետո դարձա 17-րդը: Իր խոսքով անակնակլ էր իր համար էլ, բայց ասաց, որ գնում է արձակուրդ, կվերադառնա ու իմ հարցը անպայման կլուծի… մինչև այսօր ոչ մի խաբար չկա »,- պատմեց տատիկը:
Արևհատ Մարտիրոսյանն ապրում է ավտոտնակում, որդին Արցախի ազատամարտի ժամանակ երկու անգամ ծանր վիրավորվել է, հետո երկարատև հիվանդությունից հետո մահացել: Ասում է, որ պետք է զոհված ազատամարտիկի կարգավիճակ տան, բայց դա էլ են ձգձգում, չնայած չպետք է ձգձգեն` բարոյական չէ… Ավագ որդու մահից հետո կրտսեր որդին արտագաղթում է, սակայն մահանում արտերկրում, իսկ ամուսինն էլ մահանում է` թողնելով Արևհատ տատիկին միայնակ Զեյթունի ավտոտնակում.
«Բոլորը մահացան, ինձ թողեցին մենակ…. անհարմար եմ զգում ինչ-որ մեկին հրավիրեմ իմ «տունը»: Բայց ես էլ այդ կինը չեմ, որ գնամ, գոռգոռամ, հայհոյեմ, վիշտս այնքան շատ է, որ ամեն հարցում ինձ փակ եմ պահում: Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարող են այդ աստիճան անտեսել…»,- ասաց նա ու տեղեկացրեց, որ անգամ ուզում էր ազատամարտիկ ընկերների հետ հացադուլի նստել, սակայն վերջիններս թույլ չեն տվել ու համոզել են` առանց այդ էլ առողջությունն ամուր չէ, խնդիրներ ունի, պետք չի.
«Վատառողջ եմ, սաղ տեղ չունեմ` երկու անգամ վիրավորվել եմ: Այս պետությունը ե՞րբ պետք է պետություն դառնա, որ մեր նման անճար մարդկանց հարցերը լուծի: Ախր սիրտս կտոր-կտոր է լինում, մենք ստեղ, իրենք էլ վիլաներ են սարքում, ջիփերով են ման գալիս…. տուն ու տեղս թողեցի, որդուս առա գնացի կռվի դաշտ, կյանքներս տվինք մեր հող ու ջրի համար, այսօր էլ ոչ մեկ հաշվի չի առնում: Ամոթ չի՞, որ էս տարիքի կինը գա նստի նստացույց»,- հավելեց նա ու այլևս չկարողացավ պահել արցունքները:
….Ազատության հրապարակի այդ հատվածը, որտեղ այսօր հացադուլ ու նստացույց են անում ազատամարտիկները, երիտասարդների հավաքատեղիի էպիկենտրոնն է. ազատամարտիկների եռագույներն ու արդարության պահանջով պաստառները իհարկե գրավում են նրանց ուշադրությունը, սակայն ընդամենը մի ակնթարթ, հաջորդին երիտասարդները շտապում են ամենքն իր գործով, իր մտքերով… Ու Աստված միարասցե հիշեն տեսածը հայրենիքի համար օրհասական պահին…
Ազատամարտիկներն էլ, որոնցից շատերը առողջությունն են թողել կռվի դաշտում, ընկերներին ճանապարհել Եռաբլուր, ավելի են դառնանում`միթե՞ հայրենիք պաշտպանած մարտիկները պետք է հայտնվեին անտեսվածների կարգավիճակում եւ արդարություն փնտրեին Ազատության հրապարակում … Եվ ի՞նչ դաս է ստանում այսօրվա երիտասարդությունը նրանց կողքով անցնելիս …
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 3593