Անվտանգություն, մարդու իրավունքներ և կանանց հնարավորությունների ընդլայնում
Այս երեք առանցքային խնդիրներն են դիտարկվում այսօր որպես կայուն զարգացում ապահովող գործոններ ողջ աշխարհում: Հարցն ավելի քան արդիական է Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման արդյունքները 2015-ին ամփոփելու տեսակետից:
- Ծայրահեղ աղքատության և սովի վերացում
- Տարրական համընդհանուր կրթության ապահովում
- Գենդերային հավասարության խթանում և կանանց լիազորությունների ընդլայնում
- Երեխաների մահացության նվազեցում
- Մայրերի առողջության բարելավում
- Պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ
- Շրջակա միջավայրի կայունության ապահովում
- Զարգացման համար համաշխարհային համագործակցության հաստատում
Ինչպիսի կապ կա 1995-ին ընդունված Պեկինի գործողությունների ծրագրի և 2000-ին հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) միջև:
Նախ, նույնիսկ առաջին հայացքից ակնհայտ է, որ Պեկինի գործողությունների ծրագրի 12 ուղղությունները գրեթե լիովին համահունչ են Հազարամյակի զարգացման ութ նպատակներին:
Երկրորդը, այս կապը ավելին է , քան այն, որ ՀԶՆ-րից երրորդով` աշխարհի երկրները, այդ թվում եւ Հայաստանը պարտավորություններ են վերցնել կանանց հնարավորությունների ընդլայնման եւ գենդերային հավասարության խթանման ուղղությամբ: 2000 թվականին Պեկին+5 արդյունքների ամփոփման ժամանակ ՄԱԿ-Ի Գլխավոր Ասամբլեայի հատուկ նիստում ամրագրեց կարևոր մի մոտեցում , ըստ որի Հազարամյակի զարգացման բոլոր 8 նպատակները պետք է դիտարկվեն գենդերային բաղադրիչի հաշվառմամբ:
Ի դեպ, այս տարվա մարտին կայացած ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 58-րդ նստաշրջանը , որը նվիրված է եղել հենց Հազարամյակի զարգացման նպատակներին, հաստատեց այդ մոտեցումը: ՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայնեցին, որ գենդերային հավասարությունը և կանանց իրավունքները պետք է լինեն առաջնային կայուն զարգացման նպատակների փաթեթի բոլոր ապագա քննարկումների ժամանակ: Նշվեց, որ անվտանգությունը, մարդու իրավունքները և կանանց հնարավորությունների ընդլայնումը առանցքային տեղ են զբաղեցնում ՀԶՆ-ի օրակարգում 2015-ից հետո և որ նպաստելով գենդերային հավասարությունը՝ կառավարությունները դրանով իսկ սատարում են աշխարհի բնակչության կեսին՝ կառուցելու ավելի խաղաղ, արդար և կայուն մոլորակ:
Հանձնաժողովն իր որոշումներում առաջարկեց ընդունել գենդերային հավասարությունը որպես մյուս բոլոր զարգացման նպատակների հիմք, և կոչ արեց նաև ուշադրությունը սևեռել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսին է բռնությունը, սեռական և վերարտադրողական առողջությունը և իրավունքը, վնասակար ավանդական պրակտիկաների վերացումը, այդ թվում երեխաների ամուսնություն և կանանց սեռական օրգանների խեղում:
Եզրափակիչ փաստաթղթում նաև կոչ է արվում կառավարություններին անդրադառնալ խտրականության սոցիալական դրսևորումներին, այն օրենքներին և համոզմունքներին, որոնք կասկածի տակ են առնում գենդերային հավասարությունը: Կան նաև հղումներ կանանց աբորտի ծառայությունից օգտվելու և երիտասարդների շրջանում սեռական դաստիարակության խնդիրներին: Ընդծված շեշտադրում կա կանանց և աղջիկների նկատմամբ բռնության խնդրին: Փաստաթուղթը կոչ է անում վերացնել և կանխել բռնությունը և քրեական պատասխանատվության ենթարկել այն կիրառողներին:
«ՄԱԿ կանայք» կառույցի -ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան իր եզրափակիչ ելույթում ասաց, որ հանձնաշողովի կողմից ընդունված այդ փաստաթուղթը մի ելակետ է դեպի համաշխարհային զարգացման օրակարգը, որի կենտրոնում է կանանց և աղջիկների հնարավորությունների ընդլայնումը:
«ՄԱԿ Կանայք կառույցը շատ ոգևորված է՝ ստանալով արձագանքներ այդքան անդամ պետությունների կողմից, որոնք համամիտ են այս առանձին զարգացման նպատակը պահպանելու և ընդլայնելու հետ : Մենք գիտենք, որ հավասարությունը կանանց համար առաջընթաց կապահովի բոլորի համար: Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 58-րդ նիստը շատ կարևոր ազդակ է տվել կանանց և տղամարդկան միջև հավասարությունն իրականություն դարձնելու համար»:
Ի դեպ, Հազարամյակի զարգացման նպատակներից երրորդի շրջանակում Հայաստանի կառավարությունը, մասնավորապես, պարտավորվել էր, որ մինչեւ 2015 թվականը կանանց ներկայացվածությունը նախարարների, փոխնախարարների, մարզպետների եւ պատգամավորների ընդհանուր թվում պետք է դառնա ոչ պակաս քան 25 տոկոս, սակայն առ այսօր կանանց թիվը այդ պաշտոններում չի գերազանցում 11 տոկոսը: Բացի այդ մեր իսկ կառավարությունը պարտավորություն էր վերցրել հասցնել կանանց թիվը համայնքների ղեկավարների պաշտոններում մինչև 10 տոկոս, ինչը նույնպես դեռես հեռու է իրականությունից, քանի որ վերջին ՏԻՄ ընտրությունները արդյունքներով Հայաստանում կին համայնքապետերը ընդամենը 2 տոկոս են կազմում:
Դիտումների քանակը` 5936