Անչափահասների հղիության հարցը գլոբալ ուշադրություն է պահանջում

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով՝

ամեն տարի մոտ 16 միլիոն մինչեւ 18 տարեկան դեռահաս աղջիկներ մայր են դառնում,

  եւս  3,2  միլիոն աբորտների միջով են անցնում:

Այսօր բնակչության համաշխարհային օրն է: Այս տարի  օրվա թեման է ՝ անչափահասների հղիության վտանգները:Օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում մասնավորապես ասված է.

 

 

… Լինելով աղջիկների կրթության, առողջության ու իրավունքների հավատարիմ ջատագովը և հավատացած լինելով, որ երիտասարդ կանայք կկարողանան վերափոխել մեր աշխարհը, ես ողջունում եմ այն փաստը, որ այս տարվա Բնակչության համաշխարհային օրվա ուշադրության կենտրոնում անչափահասների հղիության հարցն է: Այս նուրբ թեման գլոբալ ուշադրություն է պահանջում:

 

Մոտ 16 մլն դեռահաս աղջիկներից շատ շատերը, ովքեր յուրաքանչյուր տարի ծննդաբերում են, երբեք իրենց հղիությունը պլանավորելու հնարավորություն չեն ունեցել: Հղիության և ծննդաբերության բարդությունները կարող են հանգեցնել ծանր հաշմանդամության, ինչպիսին է մանկաբարձական ֆիստուլը, և հանդիսանում են այս խոցելի երիտասարդ կանանց մահվան հիմնական պատճառ: Դեռահաս աղջիկները վտանգավոր արհեստական վիժեցման պատճառով նաև կանգնում են բազմաթիվ հիվանդությունների, վնասվածքների և մահվան առջև:

 

Այս խնդիրները լուծելու համար մենք պետք է հնարավորություն տանք աղջիկներին հաճախել տարրական դպրոցներ և ստանալ լավ կրթություն իրենց դեռահասության շրջանում: Երբ երիտասարդ աղջիկը կրթված է, հավանականությունը մեծ է, որ նա ավելի ուշ կամուսնանա, երեխաներ կունենա այն ժամանակ, երբ պատրաստ կլինի, կունենա ավելի առողջ երեխաներ և ավելի բարձր եկամուտ կվաստակի:

 

Մենք պետք է նաև բոլոր դեռահասներին ապահովենք իրենց տարիքին համապատասխան, բազմակողմանի սեռական կրթությամբ: Սա հատկապես կարևոր է, որպեսզի հնարավորություն տրվի երիտասարդ կանանց որոշելու, ե՞րբ և արդյո՞ք ուզում են մայր դառնալ: Բացի այդ, մենք պետք է տրամադրենք սեռական և վերարտադրողական առողջության համապարփակ ծառայություններ, որոնք ներառում են ընտանիքի պլանավորում և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում`ՄԻԱՎ-ի, կանխարգելում և բուժում: Եվ մենք պետք է երաշխավորենք մայրական առողջության ծառայությունները, որոնք անհրաժեշտ են կանանց:

 

Ուշադրություն և միջոցներ հատկացնելով դեռահաս աղջիկների կրթությանը, առողջապահությանը և բարեկեցությանը` մենք հավատացած ենք, որ նրանք հասարակության մեջ դրական փոփոխություն մտցնելու համար է՛լ ավելի մեծ ուժ կդառնան, ինչն ազդեցություն կունենա եկող սերունդների վրա: Բնակչության համաշխարհային այս օրը եկե´ք խոստանանք աջակցել դեռահաս աղջիկներին իրագործելու իրենց ներուժի կարողությունը և իրենց ներդրումը կատարելու մեր ընդհանուր ապագայի մեջ:

 

Բան Կի Մուն

 Աղբյուրը՝  ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ

 

 

Կարդացեք այս թեմայի  շուրջ  մեր կայքում.

Դեռահաս աղջիկների հղիության խնդիրը աշխարհում և Հայաստանում

«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ»…

Այսօր առաջին անգամ նշվում է Աղջիկների միջազգային օրը/ վիդեո

 

 

Դիտումների քանակը` 3883

Գլխավոր էջ