Անուշ Սեդրակյանը չի առաջադրվի

Կարծես թե իրականանում են քաղաքագետների այն կանխատեսումները, որ հաջորդ տարեսկզբին նշանակված  նախագահական ընտրություններին այդպես էլ կին թեկնածուներ չեն լինի:  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը քննարկում էր կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում առաջդրելու հարցը, հանդես չի գա սեփական թեկնածուով:

 

 

«Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական վիճակը, ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ հայտարարում է, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության  հանգեցնել: Այս պարագայում Ազատ դեմոկրատների մասնակցությունը զուտ սեփական գաղափարներն ու մոտեցումները ներկայացնելու համար այդքան էլ գերադասելի տարբերակ չէ»,-ասված է կուսակցության վարչության տարածած հայտարարության մեջ:

 

Վարչությունը առաջիկայում դիտարկելու է բոլոր ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը և ըստ այդմ ներկայացնելու է կուսակցության մոտեցումներն ու գնահատականները:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ա. Սեդրակյանը WomenNet.am-ին հայտնել էր, որ հնարավոր է իր առաջադրումը քննարկման մակարդակում էլ մնա:

 

Ինչ վերաբերում է կին մյուս թեկնածուին` ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանին, ապա նա առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել առանց ընտրագրավի համար անհրաժեշտ գումարը վճարելու անդորրագրի: Չնայած ԿԸՀ-ն հնարավորություն տալիս է թեկնածուներին ընթացքում լրացնել թերի փաստաթղթերը, սակայն չենք կարծում Ն. Մկրտչյանին հաջողվի հավաքել պահանջվող 8 մլն դրամը: Իսկ առանց ընտրագրավի առաջադրված թեկնածուն չի կարող գրանցվել հանձնաժողովի կողմից:

 

Հ. Կարապետյան

Կարդացեք նաեւ թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Անուշ Սեդրակյան. « Կին նախագահ թեկնածու ունենալու շուրջ քննարկումն արդեն իսկ բավականաչափ լավ ցուցանիշ է»…

 

Դիտումների քանակը` 4004

Գլխավոր էջ