Անուշ Ասլանյան. «Սիրում եմ ռիսկի դիմել»
Լոռու մարզում շուրջ երեք տարի գործող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ, 25-ամյա Անուշ Ասլանյանը առաջիկա ԱԺ ընտրություններին ներկայացված է «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով թիվ 9 ընտրատարածքում: Ասում է՝ ի սկզբանե մեծ քաղաքականություն մտնելու ու առաջադրվելու մտադրություն չի ունեցել, որոշումը կայացրել է դաշինքից առաջարկը ստանալուց հետո:
«Մեր կազմակերպությունը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով: Այդ ոլորտի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան… Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքներ էին մշակվում, որոշում, թե ինչ է նրանց պետք, հետո ասում էին՝ վայ, սխալ ենք արել, պետք է նախ հարցում անեինք: Երևի դա էր պատճառը, որ սկսեցի մտածել՝ լավ կլինի, որ Ազգային ժողովում լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձիք, ովքեր ներսից են ծանոթ ու կարող են լիարժեք ներկայացնել ոլորտի խնդիրները: Մտածում էի, որ ես կսատարեմ նրան, ով թե՛ այս ոլորտում, թե՛ քաղաքականության մեջ որոշակի փորձ ունի»,- հիշում է Անուշը:
Ավելի ուշ տարբեր դասընթացների, հանդիպումների ժամանակ խնդիրն ակտիվորեն սկսել են քննարկել ոլորտում գործող ՀԿ-ների անդամներով: Մինչ ակտիվ քննարկումներ էին ընթանում, Անուշը «Ծառուկյան» դաշինքի կազմում առաջադրվելու առաջարկ է ստանում: Ասում է՝ քաղաքականության մեջ մտնելը առաջին հայացքից վախեցրել է, սակայն բնույթով համարձակ լինելով, որոշել է փորձել ուժերը: «Սիրում եմ ռիսկի դիմել: Կարող է հետո ափսոսայի, ասեի՝ այդ հնարավորությունը եղել է, բայց ես չեմ օգտվել դրանից: Այնպես որ որոշեցի՝ ավելի լավ է փորձեմ»,- նշում է նա:
22 տարեկանում ՀԿ հիմնադրած ու ղեկավարմանը զուգահեռ համալսարանում ուսանած Անուշը հիմա ժպիտով է հիշում՝ այդ ժամանակ էլ է ռիսկի դիմել ու հաջողել:Կարծում է՝ քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար կանանց երեք նախապայման է անհրաժեշտ. համաձակություն, կշռադատվածություն ու ընտանեկան աջակցություն:
«Կարծում եմ, քաղաքականության մեջ կանայք ավելի համարձակ ու կշռադատված են: Եթե այս ամենի հետ լինի նաև ընտանիքի աջակցությունը… Դեռևս շատ կանայք խուսափում են քաղաքականությամբ զբաղվել հենց ընտանիքի ու հանրության վերաբերմունքի պատճառով,- նշում է Անուշն ու հավելում,- թեև խոշոր քաղաքներում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքն արտահայտված չէ, բայց հեռավոր, սահմանամերձ գյուղերում դեռ շատերն են մտածում, որ կնոջ առաքելությունը սահմանափակվում էնրանով, որ նա պետք է ամուսնանա, ընտանիք կազմի ու զբաղվի միայն իր տնտեսությամբ»:
Այդուհանդերձ, զրուցակիցս գտնում է՝ այս առումով դրական տեղաշարժեր արդեն իսկ կան: Օրինակ բերելով վերջին գումարման Ազգային ժողովի ակտիվ կին պատգամավորներին, Անուշն ասում է. « Ազգային ժողովում ունենք մի քանի հիանալի կանայք, ովքեր շատ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում : Իրենց օրինակով ես հասկանում, որ կարող ես լինել և՛ իդեալական կին, և՛ ակտիվ քաղաքական գործիչ»:
Երիտասարդ թեկնածուն երկրի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների թվում առանձնացնում է երեքը. հարկային քաղաքականության մեղմացումը, գյուղատնտեսության զարգացումն ու սպորտի խթանումը:Ասում է, որ բոլոր կետերի հետ անձամբ է առնչվել, ուստի լավ է պատկերացնում դրանց կարևորությունը:
«Որպես կազմակերպության նախագահ, ով վերջին մեկ տարվա ընթացքում փորձում է նաև աշխատատեղեր ստեղծել, կարծում եմ, որ նոր ձեռնարկություն ստեղծելու համար բավականին բարդ է հարկային դաշտը, քեզ չեն թողնում շնչես: Դու չես հասցնում լիարժեք գործել, արդեն սկսում ես հարկ վճարել: Գյուղատնտեսությունը զարգացնելու համար կարծում եմ, պետությունը պետք է հանդես գա որպես պատվիրատու: Ինչպես մեր՝ Դարպաս համայնքում, այնպես էլ մարզի բազմաթիվ գյուղերում բավականին մեծ ծավալով հողատարածքներ չեն մշակվում: Եթե գյուղացին իմանա, որ իր մշակած բերքը պետությունը կգնի, կոգևորվի, կսկսի մշակել: Ինչ վերաբերում է սպորտին, կարծում եմ այն նաև ճանաչելի է դարձնում մեր երկիրը ու լավ կլինի, եթե տարբեր մարզաձևերում հաջողության հասած մարզիկները ավելի լավ խրախուսվեն պետության կողմից»,- նշում է թեկնածուն:
Ասում է՝ ընտրվելու դեպքում մտադիր է ակտիվորեն բարձրաձայնել հաշմանդամություն ունեցողների խնդիրները: «Առաջնային և գլոբալ խնդիրը մատչելիության հարցն է: Մենք խոսում ենք աշխատանքից, կրթությունից, բայց մոռանում ենք, որ մարդիկ նույնիսկ իրենց բնակարաններից չեն կարողանում դուրս գալ: Պետք է հնարավորություններ ստեղծվեն, որ մարդիկ տնից դուրս գան: Երկրորդը կոնկրետ Լոռու մարզում մասնագիտացված մարզասրահով վերականգնողական կենտրոնի ստեղծումն է: Երևանում կա, բայց դրանից օգտվելը բավականին թանկ է նստում մարզերի բնակիչների վրա»:
Ուշադրության կենտրոնում են լինելու նաև կանայք: «Սարեր-ձորեր խոստանալ չեմ կարող, բայց մշտապես կանանց խնդիրները բարձրաձայնել կարող եմ: Շատ եմ ուզում, որ կանայք ավելի մեծ ու ակտիվ մասնակցություն ունենան քաղաքական եւ հասարակակկան կյանքում»:
Իր հիմնական ընտրազանգվածը համարելով կանանց ու ընտանիքում հաշմանդամություն ունեցողներին, կին թեկնածուն ասում է. «Երբ նրանք տարբեր խնդիրներով գալիս էին ինձ մոտ, ես հնարավորութուն չունեի ամենավերին ատյաններ հասցել նրան ասելիքը: Հիմա ես նրանց օգնության կարիքն ունեմ ԱԺ-ում հայտնվելու ու նրանց խնդիրները բարձրաձայնելու համար»:
Կին ու տղամարդ թեկնածուների նախընտրական քարոզարշավի առաձնահատկություններին անդրադառնալով, Անուշը կարծիք է հայտնում՝ հանրությունը կանանց ավելի լավ է դիմավորում, քան տղամարդկանց:
«Քանի որ տղամարդիկ քաղաքականության մեջ մշտապես եղել են, կարելի է ասել մարդկանց աչքը սովորել է, իսկ կանանցից նորություն են սպասում: Կին թեկնածու լինելը դեռ մի բան էլ առավելություն է»,- ժպտում է Անուշը:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 3411