Աննա Ասատրյան. « Ես չե՛մ ուզում Երևանում փոփոխություններ ու ցնցումներ լինեն… »
Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ ցուցակի 11-րդ տեղը զբաղեցնում է ԳԱԱ արվեստի ինստիտուտ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ներկայիս Երևանի ավագանու անդամ Աննա Ասատրյանը: ՀՀԿ անդամ է 2013-ից: Ասում է, իր համար քաղաքականությունը, ինչպես և ցանկացած այլ գործունեության բնագավառ, սեփական երկրին ու հարազատ ժողովրդին ծառայելու հնարավորություն է:
–Ի՞նչ է Ձեզ համար քաղաքականությունը և ինչպե՞ս եք գնահատում կանանց մասնակցությունը այդ ոլորտում:
-Ինձ համար քաղաքականությունը հնարավորություն է, մի բարի հետք թողնելու հնարավորություն… Կան մարդիկ, ովքեր զբաղվում են գիտությամբ, արվեստով, գյուղատնտեսությամբ և այլն: Կան մարդիկ էլ, ովքեր ընտրել են քաղաքականությունը: Այստեղ ևս, ինչպես ամենուր, պետք է լինել ազնիվ ու նպաստել ոչ թե երկրի քայքայմանը` որովհետև դա է պահանջում տվյալ կուսակցության շահը, այլ գործել ի շահ պետության զարգացման:
Ինչ վերաբերում է կանանց մասնակցությանը քաղաքական գործընթացներում, ապա, իմ կարծիքով` ինչպես ցանկացած ուրիշ գործում, քաղաքականության մեջ ևս պետք է կանանց ներգրավել ոչ թե միայն այն պատճառով, որ նրանք կին են, այլ հաշվի առնելով նրանց պրոֆեսիոնալիզմն ու տվյալ աշխատանքի կատարման համար համապատասխան ունակությունները: Ասեմ, որ ես ՀՀԿ ավագանու համամասնական ցուցակում 11-րդ հորիզոնականում եմ և ցուցակի երկրորդ կինն եմ: Միևնույն ժամանակ` ես իմ ասպարեզում որոշակի ներդրում ունեցող անձ եմ, արվեստագիտության դոկտոր եմ, պրոֆեսոր, 9 մենագրության հեղինակ և այլն, և այլն: Եվ ինձ համար խիստ վիրավորական կլիներ, եթե պարզվեր, որ ինձ ընդգրկել են ընդամենը որպես կին, այլ ոչ թե իմ ասպարեզի պրոֆեսիոնալ, ով կարող է և ուզում է իր գիտելիքներով ու փորձով օգտակար լինել իր ծննդավայր Երևանին:
–Ըստ Ձեզ` որոշի՞չ է արդյոք կանանց ձայնը երկրի կառավարման գործընթացներում:
-Շարունակելով նախորդ միտքս ասեմ, որ ինձ համար նշանակություն չունի, թե տվյալ նախարարը, պատգամավորը կամ Երևանի քաղաքային իշխանության անդամը կին է, թե տղամարդ. անկախ սեռից` նա պիտի լինի իր գործի գիտակը և իր աշխատանքով նպաստի իր ղեկավարած ոլորտի առաջընթացին:
–Ինչպե՞ս կբոնորոշեք գալիք ընտրությունները՝ քաղաքական, թե պարզապես ՏԻՄ ընտրություններ են:
-Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն, դրանք ՏԻՄ ընտրություններ են: Մայիսի 5-ին մենք ընտրելու ենք Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններ` Երևանի ավագանի և Երևանի քաղաքապետ: Այս ամենը պարզ շարադրված է Հայաստանի Հանրապետության Օրենք Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին, Հոդված 5-ում:
–Քաղաքապետարանի գործունեությունից դժգոհություններ են հնչում ընդդիմադիր դաշտից: Այդ քննադատություններից որո՞նց հետ եք համամիտ և որոնք ենք անհիմն համարում:
-Քաղաքապետարանում, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, աշխատում են իրենց գործի նվիրյալներ: Չտեսնել նրանց կատարած աշխատանքը` կնշանակի ընդամենը նայել այդ ամենին խուփ աչքերով:
Ընդդիմադիր դաշտից հնչող քննադատությունները ես չեմ լսում. ես դրա ո՛չ ժամանակը ունեմ, և ոչ էլ առանձնապես ցանկություն: Ես չեմ ուզում լսել մարդկանց, ովքեր հերթական անգամ խաբում են մեր ժողովրդին: Արդյո՞ք նրանք բարոյական իրավունք ունեն առհասարակ խոսելու, էլ չեմ ասում` քննադատելու աշխատող մարդկանց: Նախ` թող նրանք ներողություն խնդրեն ժողովրդից, որ ավելի քան 20 տարի առաջ խաբեցին ժողովրդին, և Երևանը, մեր ծաղկող մայրաքաղաքը, որը նաև արդյունաբերական խոշոր կենտրոն էր, վերածեցին նրան, ինչ ունենք այսօր: Եվ նրանք այսօր դժգո՞հ են: Ինչի՞ց: Որ Երևանն այլևս խավարի մեջ չի՞: Որ Երևանն այսօր ընթանում է զարգացման ուղիո՞վ: Հասկանալի է միանգամայն: Չմոռանանք, որ նույն ընդդիմադիրները սրանից ավելի քան քսան տարի առաջ նույն ոգևորությամբ ու համոզվածությամբ ապացուցում էին, որ մարտի 8-ը` Կանանց միջազգային օրը, կոմունիստական տոն է, մայիսի 9-ը հայ ժողովրդի հաղթանակը չէ, դեն շտրպեցին Արամ Խաչատրյանի հեղինակած Հայաստանի պետական հիմնը և այլն, և այլն: Սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում:
Մյուս կողմից` ես որպես հումանիստ , չեմ կարող համակերպվել «ընդդիմադիր» հասկացության հետ, ինչը կործանարար եմ համարում մեր մի բուռ ժողովրդի համար: Հայ ժողովուրդն իր միաբանության մեջ շատ հզոր է ու անպարտելի: Ե՞րբ պիտի մենք դա հասկանանք: Ինչու՞ են ջլատում մեր ուժերը, ինչու՞ են ցեխ շպրտում աշխատող մարդկանց ուղղությամբ, ե՞րբ ենք մենք դադարելու իրար խանգարել և ե՞րբ ենք սկսելու իրար օգնել` հանուն մեր ժողովրդի ու մեր պետության… Մի՞թե մենք այնքան մեծաքանակ ժողովուրդ ենք, որ մեզ թույլ տանք նման շռայլություն: Եվ ես կխնդրեի, որ ընդդիմադիր դաշտում նման արտահայտություններ անելուց առաջ մտածեին, թե ու՞մ ջրաղացին են ջուր լցնում, ի՞նչ են ուզում ապացուցել մեր հարևաններին, ի՞նչ ուժերի են ծառայում, ու՞մ պատվերն են կատարում…
–Ինչպիսի՞ Երևան կցանկանայիք տեսնել մայիսի 5-ից հետո:
Մայիսի 5-ից հետո կցանկանայի տեսնել ավելի լավ Երևան: Ես չե՛մ ուզում Երևանում փոփոխություններ ու ցնցումներ լինեն… Ես ցանկանում եմ, որ վերադառնա իմ մանկության ու պատանեկության Երևանը, որ երևանցին հպարտանա, որ ապրում է աշխարհի հնագույն քաղաքում, լինի երջանիկ, որ կրում է երևանցու բարձր կոչումը…
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 6504