ԱՆԿԱԽ.ամ . «Ամուսինն ու սկեսուրը սափրեցին հարսի գլուխն ու հոնքերը և դուրս վռնդեցին»…
ԱՆԿԱԽ.ամ-ը անդրադառնում է հարս–սկեսուր հարաբերությունների թեմային և ներկայացնում հինգ կանանց իրական պատմություններ, որոնք նյութի հեղինակ՝ Անի Գասպարյանին տրամադրել են «Կանանց իրավունքների կենտրոն»–ում:
«Ես որոշեցի ամուսնուցս գաղտնի օգնել ծնողներիս և իմ ոսկեղենը գրավ դրեցի բանկում: Երբ ամուսինս ու նրա ծնողներն այդ մասին իմացան, ինձ գողության մեջ մեղադրեցին: Մեծ վեճ ու կռիվ եղավ: Նրանք երեխաներիս ներկայությամբ սափրեցին գլուխս ու հոնքերս: Դա բավական չէր, ամուսինս ձեռքերս սիգարետով այրում էր ու միաժամանակ ծեծում: Հաջորդ օրը երեխաներիս ձեռքիցս առան և ինձ, հարևանների ներկայությամբ, գոռում-գոչյունով, թե ` «ըլը էլեք տեսեք, թե ինչղ կփախնի գողը», տնից դուրս արեցին:Դա ինձ համար դժոխքի ճանապարհ է, որ անցա ճաղատ գլխով և կիսամերկ մարմնով»…
Մնացած պատմությունների վերնագրերն նույնքան խոսուն են և վկայում են ծայրահեղ դաժանության հասնող վերաբերմունքի մասին.
«Սկեսուրն իր տղայի համար «քած» բերող կին չէր նախատեսել»,
«Ամենօրյա մի բաժակ կաթը մահվան եզրին հասցրեց հղի հարսին»,
Հարսին նորածին երեխայի հետ դուրս հանեցին տնից. օճառ շատ էր օգտագործում, էլեկտրաէներգիա շատ էր վատնում» …
Վանդալիզմի նմանօրինակ դրսևորումների ֆոնին սովորական է թվում «Քանի դեռ ես կենդանի եմ, տան շերեփը միայն ես կարող եմ յուղի մեջ թաթախել…» ավանդական խոսքը, բայց այս պատմություն էլ խաթարված մի ճակատագրի մասին է .
« …Սկեսուրս թավան հանեց և դրանով այնպես հարվածեց գլխիս, որ ընկա: Տեգորս կինը հետո պատմեց, որ մի քանի ժամ գիտակցությունս կորցրած` պառկած եմ եղել, բայց սկեսուրս չի էլ մոտեցել` ասելով, որ քանի դեռ ինքը կենդանի է, այդ տան շերեփը միայն ինքը կարող է յուղի մեջ թաթախել:
Այդպես նրա հետ ապրեցի 16 տարի: Հիմա տեգորս կինն արդեն հարս ունի և զարմանալիորեն ինքն էլ է դաժան վարվում հարսի հետ` խոստովանելով, որ այդպիսով ուզում է վրեժ լուծել: Հիմա էլ նրա հարսն առանց սկեսրոջ ներկայության չի կարող նույնիսկ սուրճ եփել որևէ հյուրի համար, քանի որ խոհանոցի պահարանը կողպած է»…:
Հունվարի 12, 2012
Դիտումների քանակը` 6698