Անկախության տոնը ՝ «Խաղաղության զանգի» ղողանջների ներքո
Այսօր Հայաստանը տոնում է Անկախության հռչակման 24-րդ տարեդարձը: 1991-ի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:
Այսօր նաեւ Խաղաղության միջազգային օրն է: Օրվա կարգախոսն է ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության. արժանապատվություն բոլորի համար»:
Օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել զինված հակամարտությունների բոլոր մասնակիցներին` վայր դնել զենքերը և զերծ մնալ զինված բախումներից:
«Այս տարի Խաղաղության միջազգային օրը նշվում է աշխարհում տեղի ունեցող բռնության դաժան գործողությունների և ապակայունացնող հակամարտությունների ֆոնի վրա: Հուսահատության մեջ ընկնելու փոխարեն մենք պետք է համատեղ պատասխանատվություն ստանձնենք, որ վերջ դնենք աշխարհում դաժանությանն ու անպատժելիությանը», – ասել է Բան Կի Մունը:
ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում օրը սկսվեց «Խաղաղության զանգի ղողանջների ներքո, որոնք խորհրդանշում են աշխարհի տարբեր ծայրերում այդքան պահանջված խաղաղության հույսը…
Խաղաղության զանգի այդ ղողանջներին անդրադարձավ նաեւ Անկախության օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ մեր սահմաններին էլ սեպտեմբերի 21-ի գիշերը լուսանում է ոչ թե Խաղաղության զանգի հնչյուններով, այլ մարտական ահազանգի կոչնակով։
…«Օրացույցի այս օրը խորհուրդ ունի ոչ միայն մեզ համար, այլև համայն մարդկության համար։ Զուգադիպություն է, թե ճակատագիր, սակայն հենց այս օրը, երբ մեր ժողովուրդը ցնծում է անկախ ու խաղաղ ապրելու իր կամքի տոնին, Միավորված ազգերի կենտրոնակայանում զարկում է Խաղաղության զանգը։ Զրնգում է հնչեղ ու բարձր։ Ու ոգեկոչում է բոլորի հիշատակը, ովքեր զոհվել ու զոհվում են պատերազմի նախճիրում։ Զրնգում է` ի հիշեցում խաղաղ ապրելու և բռնությունից զերծ մնալու մարդու հիմնարար իրավունքի։ Զրնգում է` պահանջելով հրադադար ու խաղաղություն երեխաների ու տարեցների, կանանց ու տղամարդկանց համար։ Ցավոք, Խաղաղության միջազգային այս օրն անգամ Խաղաղության զանգի հնչյունները հաճախ խլանում են կրակահերթերից ու արկերի պայթյուններից, հրետանային համազարկերից ու հրթիռակոծության թնդյուններից։ Մեր սահմաններին, մեր գյուղերում, մեր լեռներում, մեր հովիտներում էլ սեպտեմբերի 21-ի գիշերը երբեմն, ավաղ, լուսանում է ոչ թե Խաղաղության զանգի հնչյուններով, այլ մարտական ահազանգի կոչնակով», – ասել է Հանրապետության նախագահը:
Սերժ Սարգսյանը հիշեց նաեւ Սիրայաից փախած մեր հազարավոր հայրենակիցներին, ովքեր այսօր ապաստան են գտել Հայաստանում.
«Պատերազմի ճիրաններում գալարվում են մեր դռնից համաշխարհային չափանիշներով մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող` ցեղասպանության արհավիրքից մազապուրծ մեր պապերին ու տատերին պատսպարած Մերձավոր Արևելքի ժողովուրդները։ Սեպտեմբերի 21-ին երկուսուկես տասնամյակ առաջ մեր հնչեղ «Այո»-ն այսօր ապաստան ու ջերմություն է դարձել Մերձավոր Արևելքի ամենակուլ հակամարտություններից տնահալած մեր արյունակիցներին»…
Դիտումների քանակը` 5602