Անի Սամսոնյան. «Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք»

Մեր զրուցակիցն է  Երևանի ավագանու ընտրություններին  «ԵԼՔ» դաշինքի  ցուցակի  8-րդ հորիզոնականում    առաջադրված  Անի Սամսոնյանը:   Ծնվել է 1990թ․-ին Երևանում։ 2011թ.-ին ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետ.մանկավարժական համալսարանի լրագրության բաժինը, 2013թ.-ին՝ ԳԱԱ Միջազգային գիտակակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժինը։ 2010-2012 թթ․աշխատել է Հ․Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում որպես գիտաշխատող, 2012-2013 թթ․-ին«Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող։  «ԼուսավորՀայաստան»  կուսակցության մամուլի խոսնակն է:Ամուսնացած է:

 

 

-Ինչո՞վ էր պայամանավորված ավագանու ընտրություններում առաջադրվելու ձեր որոշումը:

 

Երբ դու որոշում ես կայացնում զբաղվել քաղաքականությամբ, դու պարտավոր ես հայտ ներկայացնել օրենսդիր, գործադիր իշխանության իրականացմանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարմանը մասնակցելու համար։ Ինձ համար փոփոխությունների իրականացման միակ ճանապարհը որոշումների կայացմանը մասնակցելն է։ Որքան ուզում ես նամակ գրիր քաղաքապետարանին կամ նստացույց արա դրա պատերի տակ։ Այդպես դու կարող ես լուծել իրավիճակային և փոքր խնդիրները, այնինչ դրանց ծագման պատճառները և համընդհանուր մոտեցումը մնում է նույնը։ Եթե դու բողոք ունես որևէ հարցի կապակցությամբ, պիտի ունենաս նաև այդ հարցի լուծման քո առաջարկը։ Իսկ այդ առաջարկը ներկայացնելու և լոբբինգ անելու ամենաարդյունավետ ձևը մասնակցությունն է։

 

Երևանի կառավարման համակարգում ի՞նչ բացթողումներ եք նկատում:

 

-Երևանն ունի զարգացման ապակենտոնացման և  բեռնաթափման խնդիր։ Երևանի Կենտրոնի և վարչական շրջանների միջև ենթակառուցվածքային և քաղաքային տնտեսության վարման խտրականության հետևանքով երևանցու ժամանակը, գործունեությունը, ֆինանսական ռեսուրսները ուղղվում են բացառապես Կենտրոն։ Այստեղ են համալսարանները, մշակութային և ժամանցային վայրերը, պետական կառույցները։ Բայց սա միայն մայրաքաղաքային մակարդակով։ Պետք է նշել նաև, որ Հայաստանի անհամաչափ զարգացման հետևանքով է նաև առաջացել բեռնաթափման խնդիրը։ Տարիներ շարունակ ակնհայտ խտրականություն է դրվել Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների զարգացման միջև։ Այս քաղաքականությունը շարունակվում է մինչև օրս։ Օրինակ 2016 թվականին ՀՀ Կառավարությունը ստացավ 113 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ Երևանի կենտրոնի բեռնաթափման համար։ Այն հանձնվեց Երևան համայնքի կառավարմանը, բայց ստացվում է, որ այդ պարտքը պետք է վճարի նաև ոչ երևանցին։ Հետևաբար բոլորի հաշվին գերծանրաբեռնված Երևանը բոլորի հաշվին էլ պետք է բեռնաթափվի, ինչը կառավարման խնդրահարույց քաղաքականություն է։

 

Կանաչ տարածքները հետևողական կերպով ոչնչացվում են Երևանում: Պարբերաբար դարձած անօրինական ծառահատումների դեմ ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել:

 

-Երբ բարձրահարկի տանիքից նայում ես Երևանին, հասկանում ես, որ դու ապրում ես գորշ քարերի քաղաքում։ Ընդհանրապես մեծ և գերբնակեցված քաղաքներում կանաչ գոտիների առկայությունը և ծառաշատությունը առաջնահերթություն է։ Վերջին տարիներին բնակելի շենքեր կառուցելու և սրճարաններ բացելու համար վերացվել են բազմաթիվ կանաչ գոտիներ, հատվել են հազարավոր ծառներ։ Այգիները վերածվել են փոշոտ շինհրապարակների, պուրակները՝ առևտրային կետերի։ Վառ օրինակներից մեկն է, երբ ակտիվ և բարեխիղճ քաղաքացիների շնորհիվ հաջողվեց փրկել Մաշտոցի պուրակը։ Քաղաքը կիսաանապատային գոտի է հիշեցնում։ Կանաչ գոտիների բացակայության հետևանքով բարձրացել է Երևանի օդի աղտոտվածության մակարդակը, վերջին տարիների մարդիկ բողոքում են նաև օձերի, կարիճների և սողունների առատությունից։

Երևանի չոր մայրցամաքային կլիմայի պայմաններում հանցագործություն է վերացնել կանաչ գոտիները։ Չէ որ դրանք քաղաքը պաշտպանում են քամիներից, խոնավեցնում են օդը և մաքրում փոշուց։ Այս խնդրի լուծման համար պետք է հասկանալ դրա առաջացման պատճառները։ Դրանք մի քանիսն են՝ պետական մակարդակով կոռուպցիոն գործարքները, մասնավոր շահերի գերակայությունը, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումները։ Այստեղ հնարամիտ լուծումներ փնտրել պետք չի, այլ անհրաժեշտ է քաղաքային իշխանության կամքը՝ չդիմելու անօրինական գործարքների, վեր դասել հանրային շահը և խստորեն հետևել, անհրաժեշտության դեպքում՝ նաև պատժել  քաղաքաշինական նորմերը խախտող կազմակերպություններին։

Եվս մեկ պատճառ է հասարակական ցածր գիտակցությունը։ Կարծում եմ ծառահատությունը ոչ միայն տգիտության,  այլև անտարբերության նշան է ։ Օրինակ,  ինչ-որ մեկը Դավթաշենում միայնակ  հատել է  30 ծառ և շրջակա միջավայրին պատճառել 3 մլնդրամի վնաս, բայց  ծառերը հատելու  ժամանակ որևէ մեկի մտքով չի անցել հարցնել՝ հարգելի քաղաքացի, ինչու ես կտրում ծառերը։ Սա անտարբերություն է։  Ասեմ, որ քաղաքի կանաչ գոտիների պահպանման և ընդլայնման խնդիրը  ներառվել է  «ԵԼՔ»  դաշինքի նախընտրական ծրագրում:

 

Որքանո՞վ է արդյունավետ ծախսվում Երևանի համայնքային բյուջեն: Ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում այս ոլորտում:

 

-Դատելով այն փաստից, որ օրինակ Կենտրոնի բարեկարգ ճանապարհներն ամեն տարի կրկին ասֆալտապատում են՝ ծայրահեղ անարդյունավետ։ Որովհետև  ճանապարհի ասֆալտապատման խնդիր ունեն քաղաքի ծայրամասերը։ Կամ, ամեն տարի Էրեբունի-Երևան տոնակատարության համար քաղաքապետարանը ծախսում է հարյուր հազարավոր դոլարներ, այնինչ մենք ունենք հանրային տրանսպորտի բարելավման խնդիր, կոմունալ տնտեսության հրատապ հարցեր՝ մասնավորապես ջրահեռացումների, բնակելի շենքերի վթարայնության, վերելակների սարքինության, հանրային տրանսպորտի բարելավման հարցեր։ Երևանի խնդիրները լայն ընդգրկում ունեն՝ սկսած քաղաքի ամենափոքր բակից մինչև ամենալայն պողոտան։ Չարդարացված ծախսեր են արվում քաղաքի արտաքին տեսքի և դիզայնի վրա, /անճաշակության մասին դեռ չեմ խոսում, դա այլ քննարկման առարկա է/։ Եթե մենք շարունակենք կենսական խնդիրների լուծման փոխարեն թիթեռներ և այլ կենդանիներ «նկարել» կենտրոնում, վերելակներում մահացության դեպքերը հաստատ կշատանան։

 

Երևանը որքանո՞վ է հարմար ընտանեկան հանգստի, մանկական ժամանցի կազմակերպման տեսակետից:

 

-Մենք ունենք մեծ ու փոքր քաղաքային այգիներ և հրապարակներ, բայց դրանք քիչ են։ Անհրաժեշտ է ավելացնել դրանց թիվը և օրը 24 ժամ հետևել դրանց պահպանությանը։ Բակային շատ տարածքներ խեղդված են ավտոտնակներով։ Ով ում և երբ կարողացել է՝ ավտոտնակի տարածք է խոստացել և հատկացրել։ Այս հարցը ևս պետք է կարգավորել։ Ապօրինի շինությունները պետք է հաշվառվեն և ապամոնտաժվեն։ Ի դեպ ապօրինի ասելով պետք է հասկանալ ոչ միայն չփաստաթղթավորված շինությունները, այլ այնպիսիները, որոնք չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին։

 

Ո՞ր խնդիրներն են լինելու Ձեր ուշադրության կենտրոնում՝ Երևանի ավագանու կազմում ընտրվելու դեպքում:

 

-Առաջինը՝ կանաչապատումն է։ Երկրորդը՝ վթարային շենքերի և վերելակների հարցն է։ Երրորդը՝ ճարտարապետական հատակագծի վերանայումը։ Երևանը կորցրել է իր դիմագիծը։ Մենք հպարտանում ենք մեր քաղաքի հնամյա պատմությունով, բայց այդ պատմության հետքը քաղաքում այլևս չկա։ Պատմամշակութային շենքերի պահպանման և վերականգնման քաղաքականություն չկա։ Ավելին՝ ինչ էլ մնացել է՝ շարունակում են պայթեցնել, /վերջինը վերացրին Տպագրիչների շենքը/ կամ խեղդել բարձահարկ շենքերով։ Նոր կառուցված շենքերն ամբողջությամբ չեն երեսպատվում, ինչը փչացնում է քաղաքի տեսքը։ Սրանք անձամբ ինձ համար առաջնահերթ են, սակայն խնդիրները շատ են և բոլորն արժանի ուշադրության։

 

Քաղաքի զարգացման Ձեր տեսլականը:

 

-Երգ կա՝ Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք։ Այսօր Երևանը մենք չենք։ Այն դարձել է միայն տուն ու շենքի քաղաք։ Երևանցին կորցրել է հարմարավետությունն իր իսկ սեփական քաղաքում։ Ես ուզում եմ ունենալ համաչափ զարգացած, կանաչ, հին երևանյան կոլորիտն ու ավանդույթները որպես պատմական արժեք պահապանած, անվտանգ և հարմարավետ քաղաք։ Ես ուզում եմ, որ առավոտյան իր շքամուտքից դուրս եկող երևանցին նույն շքամուտք վերադառնա հոգատար Երևանի քաղաքակիրթ քաղաքացու զգացումով։

 

Քաղաքականությունը Հայաստանում շարունակում է մնալ «տղամարդկանց աշխարհ»: Ի՞նչ դեր է վերապահված կնոջը քաղաքի զարգացման հարցում, որքանով է Հայաստանում օգտագործվում կանանց ներուժը  քաղաքական գործընթացներում:

 

-Իմ կարծիքով կնոջը ոչ մեկը և ոչ մի բան չի խանգարում ներթափանցել «տղամարդկանց աշխարհ»։ Թերևս միայն կարծրատիպերը և ինքնավստահության պակասը։ Եթե ավելի շատ կանայք ցանկություն ունենան զբաղվել քաղաքականությամբ, ես համոզված եմ, որ նրանց էներգիան և ներուժը ամենաարդյունավետ կերպով կարելի է օգտագործել։ Պարզապես այդ մասնակցությունը չպիտի լինի արհեստական։ Դու պետք է քո առջև դնես հստակ նպատակ և տեսնես դրան հասնելու ուղիները։

Ես առանց վարանելու պետք է ասեմ, որ «ԵԼՔ»  դաշինքում  ոչ մի կնոջ մասնակցություն պայմանավորված չի ինքնանպատակ դրսևորմամբ  կամ ինքնաբավարարվող ամբիցիաներով։ Մենք հստակ քայլերով ընդառաջ ենք գնում մեր համընդհանուր նպատակներին՝ առանց արգելակների։

 

Տաթևիկ Սարգսյան

Դիտումների քանակը` 5445

Գլխավոր էջ